Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԶ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ…



ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԶ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ……Եթե գիտակցում ենք մի շատ պարզ իրողություն. դրանք վարժասարքեր են՝ մեզ ի վերուստ տրված հանձնարարություններ, որոնք հաղթահարելով՝ կարող ենք աստիճանաբար ապահովել մեր ֆիզիկական և հոգևոր առաջընթացը, կատարելագործել ինքներս մեզ: Եվ իհարկե, սիրելի՛ զինվորականներ, սիրելի՛ ժամկետային զինծառայողներ, զինծառայության դժվարությունները այս կերպ պետք է դիտարկել ու գնալ միշտ առաջ՝ բացառելով հետընթացի որևէ հնարավորություն: Սրա համար պետք է նախ գիտակցել մի քանի կարևոր սկզբունք և տիրապետել մի քանի պարզ մեթոդիկաների:

Մեր ներաշխարհը հիմնված է սեփական անձի ճիշտ ընկալման, ինքնահարգանքի  ու ինքնավստահության վրա:  Եթե այս հիմքն ամուր չէ, տուժում է անձի լիարժեք զարգացումը: Հենց այս պատճառով է, որ ինքնազարգացումը պետք է հենված լինի սեփական ուժերի և ընդունակությունների հանդեպ լիարժեք վստահության վրա:

Ինչպես քաղաքացիական կյանքում, այնպես էլ զինծառայության մեջ, մենք բոլորս անընդհատ հանդիպում ենք մեծ կամ փոքր դժվարությունների: Հոգեբանության ակնհայտ փաստերից է, որ մտածողությունը խթանվում է  որոշակի խնդիրների առկայությամբ, այնպես որ՝ դրանք մեր մտածողության «վարժասարքերն» են: Եվ քանի որ հոգեբանական բոլոր գործընթացները միահյուսված են, մեր մտածողությունը զուգակցվում է  հույզերի և զգացմունքների հետ: Այսպիսով` ցանկացած դժվարություն մեր կամքի ուժի, դիմացկունության, հավասարակշռության  մարզիչն է: Եվ ուրեմն` կեցցե՛ն խնդիրները. դրանք թույլ չեն տալիս, որ մեր մտքի զարգացումը կանգ առնի, որ մենք հոգեբանորեն ընդարմանանք, այլ մղում են կատարելագործման, նորանոր վերելքների…

Զինվորական կյանքում դժվարին շրջան է համարվում ընտելացման` մի կենսակերպից մյուսին անցնելու փուլը (ծառայության առաջին 3-5 ամիսը): Նախ՝ փորձենք հասկանալ, թե որոնք են այդ դժվարությունները, և թե դուք՝ ինքներդ, ի՞նչն եք դժվարություններ համարում: Պայմանականորեն դրանք բաժանենք  մի քանի խմբի:

  1. Արտաքին խնդիրները՝ մտերիմների հետ գժտությունները, վեճերը, հարազատի մահը, սիրած աղջկանից բաժանվելը և այլն:
  2. Ներքին կոնֆլիկտները. բարի, հանդուրժող, սիրող վերաբերմունքի պակասից առաջացող միայնակության, անլիարժեքության զգացումը:
  3. Մանր ու մեծ անախորժությունները, որոնք կուտակվելով՝ առաջացնում են կյանքի «սև շրջանի» զգացողություն:

Ինչպե՞ս եք վերաբերվում ամենօրյա խնդիրներին: Արդյոք համարո՞ւմ եք, որ ամբողջ աշխարհը ձեր դեմ է դուրս եկել: Անկյունում սեղմված լինելու զգացողության դեպքում անհրաժեշտ է փոխել արտաքին հանգամանքների հանդեպ սեփական վերաբերմունքը: Վերահսկե՛ք ձեր հույզերը: Ի՞նչ զգացողություն եք ունենում, երբ նոր խնդիր է առաջացել: Վա՞խ, դատապարտվածության զգացողությո՞ւն, անօգնականությո՞ւն, թե՞ հանդարտ վստահություն, որ ամեն ինչ շտկելի է, իրավիճակը վերահսկելի է: Չափազանց կարևոր է բարդ իրավիճակները հաղթահարելիս հոգու հանգստությունը, մտքի պայծառությունը պահպանելը: Իսկ ինչպե՞ս  դա անել: Ինքնաներշնչման մեկ օրը ոչինչ չի փոխի: Սակայն երեք շաբաթվա ընթացքում սեփական մտքերի անընդհատ վերահսկողությունը կփոխի մտածողության հունը: Գիտականորեն ապացուցված է. գլխուղեղում մեր մտքերը որոշակի քիմիական պրոցեսներով են ուղեկցվում: Համապատասխանաբար, հիշողությամբ ամրագրվում է այն «ուղին», որով մտքերն առավել հաճախակի են ընթանում: Հարկ կլինի նախկին բացասական հույզերին չտրվելու ջանքեր գործադրել: Այսպիսով՝ հետզհետե բացասական մտածելակերպը կփոխակերպվի դրականի, իսկ լավատեսությունը բոլոր հաղթանակների հիմքն է:

Իսկ ինչպե՞ս ավելի թեթև տանել դժվարությունները: Հաճախակի կրկնեք.

«Վստահ եմ՝ սա ժամանակավոր երևույթ է: Ոչինչ հավերժ չէ, այդ թվում՝ դժվարությունները»: «Ինչ որ կատարվում է իմ կյանքում, ի զորու եմ հաղթահարելու»: «Եթե իմ վիճակը լավ չէ, կօգնեմ նրան, ում վիճակն ավելի վատ է»: «Չեմ անհանգստանալու ապագա անախորժությունների համար: Անելու եմ հնարավորը` հետագա անբարենպաստ զարգացումները կանխելու համար: Իսկ գործն անելուց հետո գոհ եմ լինելու իմ արածից»: «Կենտրոնանում եմ կյանքիս դրական պահերի վրա: Սովորում եմ ուրախանալ կյանքով՝ անկախ ամեն ինչից: Կենտրոնանում եմ ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների վրա»:«Կորուստները մեր կյանքի անբաժանելի մասն են: Ինչ-որ բան կորցնելիս ես միշտ ինչ-որ կարևոր բան գտնում եմ»: «Ակտիվ եմ, չեմ խուսափում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, քանի որ անգամ պարզ վազքը կարող է օգնել թոթափելու ծանր մտքերը»: «Այլևս չեմ գանգատվում»: «Սրտանց  ուրախանում եմ, երբ խնդիրը հաղթահարված է»: «Օգնության համար դիմում եմ ընկերներիս, մտերիմներիս, Աստծուն, տիեզերքին, և վստահ եմ, որ ստանում եմ այդ օգնությունը»:

Ուզում եք երջանի՞կ լինել, ապրե՛ք այնպես, կարծես արդեն իսկ երջանիկ եք: Եթե ձգտում եք հավասարակշռության, մտածե՛ք, որ արդեն տիրապետում եք այդ որակին: Պատրաստ եղե՛ք ձեր դրական փոփոխությունների վերաբերյալ  գովեստներ լսելուն: Մտածե՛ք, որ արժանի եք դրանց: Ամենօրյա փոքրիկ ձեռքբերումները կդառնան այն աղյուսները, որոնցով դուք կկառուցեք ինքնավստահության անսասանելի հիմքերը:

Հաջողության ամենամեծ գրավականը հաջողության հասնելու մասին ճիշտ ձևակերպված համոզմունքներն են և վստահությունը, որ արդեն հաղթե՛լ եք:

 

Մարդու ոգու ուժը անկանխատեսելի ապագային հետաքրքրությամբ ու լավատեսությամբ նայելու ունակության մեջ է, հավատի, առ այն, որ ցանկացած դժվարին իրադրությունից մի ելք կգտնվի, և  բոլոր տարաձայնությունները կարելի է լուծել:

Բեկկետ Բեռնարդ

 

Մարդու կամքի մեջ կա ձգտման ուժ, որը մեր ներսի մշուշը արևի է վերածում:

Խալիլ Ջեբրան Խալիլ

 

Մարդը նման է աղյուսի՝ «այրվելով» նա թրծվում է:

Ջորջ Բերնարդ Շոու

 

Խուսափե՛ք այն մարդկանցից, որոնք  փորձում են սասանել սեփական ուժերի հանդեպ ձեր վստահությունը: Իսկապես մեծ մարդը, հակառակը՝ ձեզ ներշնչում է հավատ, որ դո՛ւք էլ կարող եք մեծ մարդ դառնալ: 

Մարկ Տվեն

 

Մարդու արիության մեծագույն փորձությունը պարտությունից չընկճվելն է:

Ռալֆ Ինգերսոլլ

 

Դեմքով ցեխի մե՞ջ ես ընկել: Բարձրացի՛ր և համոզի՛ր բոլորին, որ այն բուժիչ է:  Ես ուժեղացել եմ, որովհետև  թույլ եմ եղել: Ես անվախ եմ, որովհետև վախեցել եմ: Ես իմաստուն եմ, որովհետև հիմար եմ եղել: Սեփական թուլությունը խոստովանելով՝ մարդը ուժեղանում է: 

Օնորե դը Բալզակ

 

Միայն Ոգին է, որ կավին դիպչելով ՝ դրանից մարդ է ստեղծում: 

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի

 

Քո վճռականությունը քեզ թույլ կտա չկոտրվել նույնիսկ այն դեպքում, երբ շուրջը ամեն ինչ կործանվում է: Կարևորը ոչ թե այն է, թե որտեղ է գտնվում ոգին, այլ այն վիճակը, որում այն գտնվում է: 

Աննա Հավալդա

 

Ոգին ամուր է ուրախությամբ: 

Լուկրեցիոս

 

ՔՆԱՐ   ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #19 (1241) 16.05.2018 - 22.05.2018, Ռազմական


17/05/2018