Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՆ՝ ԱՐՑՈՒՆՔՆ ԱՉՔԵՐԻՆ



ՏՈՆ՝ ԱՐՑՈՒՆՔՆ ԱՉՔԵՐԻՆԵռատոնն այս տարի էլ մեծ շուքով նշվեց «Հաղթանակ» զբոսայգում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, հոգևորականների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեցին Անհայտ զինվորի հիշատակը հավերժացնող Անմար կրակի առջև՝  ի  նշան հարգանքի եւ երախտագիտության Հայրենական մեծ պատերազմի  և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված հերոս քաջորդիների հիշատակի:

Հայկական և ռուսական զորքերի մասնակցությամբ անցկացվեց հանդիսավոր քայլերթ, այնուհետեւ նախագահն այցելեց  ավանդաբար կազմակերպվող դաշտային խոհանոց եւ պատերազմի եւ ազատամարտի վետերանների հետ  միասին տոնի առիթով  բաժակ բարձրացնելով՝ եւս մեկ անգամ մեկմեկու շնորհավորեցին՝ «Խաղաղության եւ Հաղթանակի կենացը…»:

Օրվա գլխավոր հերոսները աշխարհակործան պատերազմի  թոհուբոհն անցած ծերունազարդ վետերաններն էին՝ Հաղթանակի զինվորները, որոնք լրագրողների հազարումի հարցերին ի պատասխան ջանում էին զինվորականներին վայել ճշգրտությամբ ներկայացնել պատերազմական  դրվագների, իրադարձությունների ժամանակագրությունը, բայց պատմելիս երբեմն նրանց մտքի թելը կտրվում էր, ու օգնության էին հասնում հարազատ-բարեկամները, որոնք երեւի  հազար անգամ լսել էին այդ պատմությունները…

Դարին գրեթե հասակակից վետերանները «մեղավոր» ժպտալով մի քիչ նեղսրտում էին տարիքի պատճառած դժվարություններից, միաժամանակ  փնտրող հայացքով որոնում էին ճակատային ընկերներին ու հոգու խորքում տագնապում, անհանգստանում՝ ուշանում են, թե …

-«Հաղթանակ» զբոսայգին վետերաններիս համար ամենանվիրական վայրերից  է, ամեն տարի մայիսին գալիս եմ ու գալու եմ՝ քանի դեռ ոտքերումս ուժ կա, քանի դեռ սիրտս բաբախում է,- ասում է Արծրուն Հակոբյանը:- Հավաքվում ենք, հիշում ենք հին օրերը, ուրախանում ու տխրում: Ի՜նչ տղերք էինք… Ես հաղթանակը Արեւելյան Պրուսիայում եմ  դիմավորել, ամեն ինչ հիշում եմ այսօրվա պես…Պատերազմից հետո մի ամբողջ  կյանք մանկավարժությամբ եմ զբաղվել, սերունդներին կրթել-դաստիարակել Հայրենական պատերազմի հերոսների օրինակով: Կարող եմ հպարտությամբ շեշտել, որ Շուշիի ազատագրումը, մեր մյուս հաղթանակները հնարավոր եղան նաեւ մեր կռած հաղթանակի շնորհիվ:

-Վիեննան գրավեցինք, Բուդապեշտն էլ ազատագրեցինք,- անցած ճանապարհի հաղթանակները մատների վրա մեկիկ-մեկիկ համրում է 95-ամյա Էլիզբար Գևորգյանը:- Պատերազմի ժամանակ գերի եմ ընկել, բայց փախել եմ ու էլի շարունակել եմ կռվել ֆաշիստների դեմ: Լավ եմ կռվել, շատ լավ, բա էսքան մեդալը ինչի՞ եմ ստացել…

ՏՈՆ՝ ԱՐՑՈՒՆՔՆ ԱՉՔԵՐԻՆԾերունազարդ վետերանները, պարզվում է,  ամենեւին էլ անտարբեր չեն  քաղաքական զարգացումներին, աշխարհում տիրող իրավիճակին.«Հազար դժվարություն ենք տեսել, հազար ցավ տեսել, բայց հիմա մենակ մի բան ենք ուզում՝ աշխարհը խաղաղ լինի, ժողովուրդը հանգիստ սրտով  ապրի-արարի, Ղարաբաղի հարցն էլ լուծվի»:

-Ուզում եմ՝ մեր բոլոր հաղթանակները առանց կորուստի, առանց ցավի լինեն,-լրացնում է վետերան Գագիկ Եղիազարյանը:- Պատերազմի ժամանակ շատ ընկերներ կորցրի…

-Ես էլ իմ միակ տղային եմ կորցրել Արցախյան պատերազմի ժամանակ,- զրույցին միանում է Լալազար Մինասյանը:- Տղաս՝ Համլետը,  հետախույզ-սակրավոր էր, զոհվել է Թոդանի կռվի ժամանակ: Որդուս մարտական ընկերները հաճախ են գալիս, ու կարոտս իրենցից եմ առնում….

-Մենք միշտ հիշում ենք հայրենիքին կյանքը նվիրաբերած  մեր մարտական ընկերներին, նրանք հավերժ ներկա են, -հավաստիացնում է ազատամարտիկ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա  Խուդավերդյանը (Կոռնիձորցի Արոն): Մեր  հողի ամեն միլիմետրը թանկ ու սուրբ է մեզ համար: Հպարտանում եմ մեր այսօրվա զինվորներով, որ անառիկ ու ամուր են պահում հայրենիքի սահմանները, նրանք իրենց հայրերին, պապերին հերոսությամբ չեն զիջում, դեռ մի բան էլ գերազանցում են:  Հպարտանում եմ մեր երիտասարդներով, նրանց ձեռքերում է մեր երկրի ճակատագիրը…:

Տոնը  շարունակվում է: Խինդ, ծիծաղ, ժպիտ, շնորհավորանքների տեղատարափ: Փոքրիկները «գրավել»  են «Մայր Հայաստան»  թանգարանի մոտ գտնվող  զրահատեխնիկան եւ ուրախ-զվարթ խաղում են, իսկ ծեր վետերանի աչքերում արցունք կա. անցյալի հազարաձայն հուշերը փոթորկել են սիրտն ու հոգին…

♦♦♦

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐԸ՝ «ՀԱՂԹԱՆԱԿ» ԶԲՈՍԱՅԳՈՒ

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս՝.  հեղինակի

Խորագիր՝ #19 (1241) 16.05.2018 - 22.05.2018, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


17/05/2018