Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍՆԵՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ Т-90АМ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԱԾ ՏԱՆԿԸ



«Նիժնի Տագիլ-2011» սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային ցուցահանդեսում «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը կներկայացնի Т-90АМ արդիականացված տանկը:

Որպես Т-90-ի բազային տարբերակի նկատմամբ հիմնական առավելություն` արտադրողները նշում են տանկի աշտարակում կատարված փոփոխությունները. այսուհետ զինամթերքը կտեղավորվի ոչ թե տանկի հիմնամասում, այլ աշտարակի հետևի մասի հատուկ խցում, որը անջատված է անձնակազմից հատուկ զրահապատ միջնորմով: Զինամթերքի պայթեցման դեպքում նման կառուցվածքը զգալիորեն կբարձրացնի անձնակազմի կենսունակությունը:

Կատարվել են նաև մի շարք այլ նորամուծություններ: Տեղադրվել է դինամիկ պաշտպանության «Ռելիկտ» նոր համակարգ, որն ունակ է պաշտպանելու տանկը գոյություն ունեցող արկերի և հրթիռների մեծ մասից: Նոր տանկի հրանոթի հզորությունը ավելի մեծ է, իսկ գնդացիրը հեռակառավարվող է` մեքենայի ներսից կրակ վարելու համար:

Т-90АМ-ը կարող է ինտեգրվել տակտիկական օղակի ղեկավարման միացյալ համակարգում, այսինքն` ղեկավարման կետից հրամանատարի առջևի էկրանին կփոխանցվեն հակառակորդի կոորդինատները, և այդ ուղղությամբ հնարավոր կլինի կոճակի մեկ սեղմումով կրակոց արձակել:

Նոր նշանոցը պտտվում է 360 աստիճան` տանկի հրամանատարին և նշանառու-օպերատորին հնարավորություն տալով վերահսկել տանկի չորսբոլորը:

Հայտարարված, ինչպես նաև տեխնիկական և մարտական այլ նորամուծությունները լիովին գոհացրել են ռուս զինվորականներին, սակայն տանկը գնելու հեռանկարները դեռ պարզ չեն:

Նախ` նոր տանկը բազային տարբերակից էականորեն թանկ է ստացվել: Բացի դրանից, ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը բազմիցս հայտարարել է, որ մինչև սկզբունքորեն նոր տանկի` «Արմատայի» պատրաստ լինելը բանակը պետք է բավարարվի սպառազինության մեջ եղած տանկերով:

Սակայն ռազմական որոշ մասնագետներ Т-90АМ-ի ձեռք բերելը անհրաժեշտ են համարում` եղած տեխնիկայի համեմատ ակնհայտ առավելությունների, նաև տանկերի սահուն սերնդափոխությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


05/09/2011