ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ
Պաշտպանական ոլորտում հայկական արտադրության ռազմական տեխնիկայի արտահանումն աշխուժացնող, արտադրողների ու բանակի միջեւ կապ ապահովող կառույց կստեղծվի՝ «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ»: Այս մասին որոշման նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում:
Ըստ նախագծի՝ «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) կգործի պաշտպանության նախարարության ենթակայությամբ: Այն կնպաստի Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության տեխնոլոգիական զարգացմանը, գիտական և տնտեսական ներուժի լիարժեք օգտագործմանը ռազմարդյունաբերության ոլորտում, ինչպես նաեւ՝ բարձր տեխնոլոգիական սպառազինության արտադրությունում մասնագիտանալուն և միջազգային շուկայում գիտատար սպառազինության ընտրված ոլորտներում մրցունակ ու ճանաչված արտադրող դառնալուն:
Հայաստանի Հանրապետությունը, ելնելով առկա ռազմաքաղաքական իրավիճակից, ստիպված է ստեղծել սեփական զինված ուժերի կարիքները բավարարող ժամանակակից ռազմական արդյունաբերություն, մշակել և իրականացնել հավակնոտ և հեռանկարային ծրագրեր: ՊՈԱԿ-ը այսուհետ կկարգավորի հարաբերությունները լիազոր մարմնի և ռազմարդյունաբերական պատվերներ կատարող կազմակերպությունների միջև գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացման հարցերում, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվի ներհանրապետական արտադրության տեսականին: ՀՀ զինված ուժերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, կստեղծվեն նախադրյալներ հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներ արտաքին շուկաներում իրացնելու համար:
Կառավարության նիստում պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը, ներկայացնելով «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը, շեշտեց, որ ինստիտուտի գործունեության առանցքն են լինելու տակտիկատեխնիկական առաջադրանքների միջոցով հատուկ գիտահետազոտական աշխատանքների իրականացման կարգավորումը եւ մշակման ու շահագործման ընթացքում գիտատեխնիկական ուղեկցումը. «Նախագիծը համաձայնեցվել է շահագրգիռ պետական մարմինների հետ, ինչպես նաեւ հավանության է արժանացել նախարարական պետաիրավական կոմիտեի նիստում»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Ռազմարդյունաբերական համալիրն աշխատում է մասնավոր ընկերությունների հետ համագործակցված: Մենք այս կառույցը ստեղծում ենք, որ դադարեցնե՞նք մասնավորի հետ համագործակցությունը, թե ծավալն այնքան մեծ է, որ պետք է նաեւ պետական կառույց ստեղծվի»:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Փախչանյանը պարզաբանեց, որ ինստիտուտը մշակումներ իրականացնելու գործառույթ չունի, այն կազմելու է մարտավարատեխնիկական առաջադրանքներ. «Մենք պետք է հասկանանք, թե զորքերն ի՞նչ են ուզում ունենալ, ո՞րն է ամենակարեւոր խնդիրը, տեսնել, թե աշխարհում ի՞նչ է կատարվում, ո՞ր ուղղություններն են առաջնահերթ: ՊՈԱԿ-ը լինելու է օղակ զինված ուժերի և մշակող ինստիտուտների միջև, հստակ ձևակերպելու է խնդիրները, առաջադրանքները: Այս ամենն առայժմ համակարգված չէ: Կառույցը կունենա ընդամենը 10 աշխատակից՝ մեկ-երկու մասնագետ ամեն ուղղությամբ: Այս ինստիտուտը չի փոխարինելու ինչ-որ կառույցի, այլ լինելու է լրացնող»:
Վարչապետ Փաշինյանը նկատեց. «Այսպիսով՝ մենք ստեղծում ենք ռազմարդյունաբերական համալիրի ուղեղային կենտրոն, որը կորոշի առաջնահերթությունները, կարիքները եւ կձեւակերպի այն պահանջարկը, որը երկարաժամկետ ու կարճաժամկետ առումով ունենք»:
Կառավարությունը որոշումն ընդունեց միաձայն:
Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
Խորագիր՝ #19 (1241) 16.05.2018 - 22.05.2018, Ռազմական