Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՐՅԱԿՈՎԻ ԱՆՎԱՆ ՈՒՂԵԿԱԼԸ



Սահմանապահը արթնանում եւ քնում է, շնչում եւ գործում է միայն սրբազան պարտքի, պարտականության մասին մտածելով, այն է` Հայրենիքի պաշտպանությունը: Սա է երեկվա, այսօրվա, գալիք օրվա սահմանապահի հավատամքը: Այս գաղափարով առաջնորդվող զինվորի շնորհիվ հասարակության մեջ ձեւավորվել է խիզախ, հայրենասեր, իր գործին անմնացորդ նվիրված սահմանապահի հավաքական կերպարը:

Արտաշատի սահմանապահ ջոկատն ստեղծվել է 1955թ. օգոստոսի 15-ին՝ մինչ այդ մեր խորհրդային հանրապետությունում գոյություն ունեցող սահմանապահ միավորումներում կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1956թ. հուլիսի 3-ի որոշման համաձայն` ջոկատը հոկտեմբերի 28-ին ստացել է Մարտական դրոշ: Նույն թվականից սկսած` հունիսի 25-ը նշվում է որպես զորամասի օր: Հիսունհինգ տարիների ընթացքում ուղեկալները հաջողությամբ են կատարել իրենց առջեւ դրված խնդիրները` բացահայտելով, շատ դեպքերում նաեւ կանխելով սահմանախախտումները: Կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ նվազագույնի են հասցվել, որոշ հատվածներում նույնիսկ բացառվել են պետական սահմանի, սահմանային ռեժիմի խախտման դեպքերը, ինչը աշխատանքի գրագետ կազմակերպման, պարտքի ու պատասխանատվության հստակ գիտակցման արդյունք է:
Երկու տարի անընդմեջ` 2007-2008 թթ. Արտաշատի սահմանապահ ջոկատը լավագույնն է ճանաչվել Հայաստանում ռուսական սահմանապահ ջոկատների կազմում եւ պարգեւատրվել է լավագույն զորամասի շտանդարտով: Այսօր էլ այն իրավամբ առաջատար դիրքեր է զբաղեցնում օպերատիվ-որոնողական, իրավախախտումների կանխարգելման եւ կարգապահության ցուցանիշներով: Մարտական խնդիր կատարելիս ջոկատը ռեզերվի դեր է տանում, անհրաժեշտության դեպքում ուժեղացնում, արգելափակում է որոշակի հատված: Իսկ ահա սահմանի անմիջական հսկողությունն իրականացնում են ուղեկալները, որոնցից մեկն առավել մեծ ներդրում է ունեցել ծառայության հաջող իրականացման գործում, եւ պատահական չէ, որ փոխանցիկ շտանդարտը երկու տարի անընդմեջ, շտաբում պահելու փոխարեն, հանձնվել է այդ ուղեկալին, որը կրում է սահմանախախտ զինված խումբը վնասազերծելիս հերոսաբար զոհված եֆրեյտոր Ալեքսանդր Պավելի Կորյակովի անունը: Մեր շրջայցի առաջին իսկ պահից ակնառու էր հերոսի հիշատակի հանդեպ խոր հարգանքը. բոլոր զինծառայողները ակնածանքով էին խոսում նրա մասին, յուրաքանչյուր քայլին նրա սխրանքը ներկայացնող ցուցանակներ, գրառումներ էին, իսկ փառքի սրահը ամբողջացնում էր Կորյակով մարդու եւ զինվորի նկարագիրը: Զորանոցի ննջարանում անկողիններից մեկը մշտապես հարդարված է, երեկոյան անվանականչի ժամանակ էլ առաջինը պարտադիր Ալեքսանդրի անունն են կարդում. այս կերպ հարգում են բոլոր ընկած հերոսներին: Եֆրեյտոր Կորյակովը Պերվոմայսկ քաղաքից է եղել, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, այնուհետեւ ծառայությունը շարունակել է սահմանային կետերում: 1948թ. օգոստոսի 2-ին նա հանձնել է հերթափոխը, զորանոց վերադառնալիս հարեւան ուղեկալի տարածքից կրակոցի ձայներ է լսել: Կորյակովը փոխել է ճանապարհը, օգնության հասել ընկերներին եւ կրակ բացել հանցագործների ուղղությամբ` հնարավորություն տալով ծուղակն ընկած ընկերներին դիրքավորվել: Արդեն մահացու վիրավոր, նա հասցրել է պայթեցնել նռնակները եւ կանխել զինված խմբի ճեղքման փորձը: Երբ նրան ցանկացել են առաջին բուժօգնություն ցույց տալ, եֆրեյտորը բացել է աչքերը, արտաբերել իր վերջին բառերը` բոլոր սահմանախախտներին բռնե՞լ եք: Կորյակովի արարքը մինչեւ հիմա էլ համարվում է սահմանապահի խիզախության, պատվի, ընկերոջը օգնության հասնելու վառ օրինակ: Այս պատմությունը լայն արձագանք է ունեցել, դրա մասին տարբեր թերթերում հոդվածներ են տպագրվել: ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ` 1958թ. ուղեկալը անվանակոչվել է Ալեքսանդր Կորյակովի անունով: Նրա հիշատակը հավերժացնելու համար տեղական իշխանությունները Արարատ քաղաքում գտնվող Կորյակովի գերեզմանին հուշաքար են կանգնեցրել, իսկ քաղաքի փողոցներից մեկն էլ կրում է քաջ սահմանապահի անունը: Հուշարձան է կանգնեցված այն վայրում, որտեղ զոհվել է եֆրեյտորը: Ուղեկալի տարածքում նույնպես կանգնեցվել է հերոսի արձանը: Եվ ամեն տարի՝ օգոստոսի 2-ին, Արարատ քաղաքում եւ ուղեկալի տարածքում հիշատակի արարողություն է կազմակերպվում, որին ներկա են լինում քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, զինվորականներ, դպրոցականներ: Հատկանշական է, որ Կորյակովի հարազատները պարբերաբար Հայաստան են այցելել, մասնակցել ոգեկոչման արարողություններին: Փառքի սրահի պատին փակցված է ուղեկալի զինվորների` կորյակովցիների ուղերձը մյուս ուղեկալների իրենց զինակիցներին, որով նրանք կոչ են անում պարտականությունները կատարելիս լինել նույնպես նպատակասլաց, նվիրված, անձնազոհ, երբեք չվախենալ դժվարություններից եւ մինչեւ վերջ կատարել մասնագիտական պարտքը, ինչպես եֆրեյտոր Կորյակովը:
***
Սահմանային ուղեկալը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անվտանգության ապահովման խնդիր է կատարում: Այն ծավալուն, հստակ կազմակերպված, ինքնաբավ համակարգ է, ուտելիքի, վառելիքի, զինամթերքի սեփական պաշարներով կարող է գոյատեւել երկար ժամանակ: Առանձնահատկությունն այն է, որ զինվորը, սպան, պայմանագրային ծառայողը ամբողջ օրը միասին են, տարածքից դուրս են գալիս միայն իրենց հանգստյան եւ արձակուրդի օրերին: Ուղեկալի սպաներից ավագ լեյտենանտ Եվգենի Կոշեչկինը մեզ ներկայացրեց իրենց առօրյան:
-Անհրաժեշտ ենթակառուցվածքներ ունեցող, զինծառայության ժամանակակից պահանջներին համապատասխան համակարգի արդյունավետությունը փաստում են սահմանում տիրող անդորրն ու այն խախտել փորձողների թվի նվազումը: Բնական է` դա հեշտ չի տրվում: Անձնակազմի հետ մարտական պատրաստության ծանրաբեռնված պարապմունքներ են անցկացվում` հաշվի առնելով տեղանքի եւ եղանակային պայմանները, հնարավոր մարտական խնդիր կատարելու հոգեբանական եւ մասնագիտական ունակությունների զարգացման առանձնահատկությունները: Հրաձգարանում զինծառայողները գործնական վարժանքներ եւ մարտական հրաձգություն են անցկացնում, մասնակցում հավաքների, մարտավարական զորավարժությունների, պայմանական պետական սահմանախախտին փնտրելու եւ վնասազերծելու պարապմունքներին:
Մարտական հերթապահությունն այստեղ մշտական է. անձնակազմը ամեն պահի կարող է ոտքի հանվել «ի զեն» հրամանով: Բացի գոյություն ունեցող տեխնիկական միջոցներով սահմանը հսկելուց, մարտական հանդերձավորված վերակարգը որոշակի ժամանակային միջակայքերով անցնում է սահմանված երթուղով, ուսումնասիրում տարածքը, հողածածկ հատուկ շերտում ստուգում ոտնահետքերի առկայությունը, ապա փշալարերի ու տեխնիկական այլ միջոցների սարքինությունն ու անձեռնմխելիությունը: Կասկածի կամ ակնհայտ վտանգի դեպքում վերակարգը տագնապ է բարձրացնում: Տվյալ հատվածը որոշակի շառավղով միանգամից փակվում է, անհրաժեշտության դեպքում օպերատիվ-որոնողական միջոցառումներին միանում են ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համայնքային օղակները: Վերակարգի սովորական երթուղին կարող է կազմել տասնյակ կիլոմետրեր, եւ սահմանապահները անտրտունջ անցնում են այդ ճանապարհը: Նրանց հետ է լինում ծառայողական շունը՝ ցանկացած սահմանապահի հավատարիմ օգնականը, առանց որի դժվար է հսկել եւ որոնել: Շատ անգամ շները փրկել են զինծառայողների կյանքը, արդեն անհույս թվացող դեպքերում գտել սահմանախախտի հետքը:
Ուղեկալի առօրյայում արտացոլված են կենցաղային խնդիրների բավարարման լավագույն մոտեցումները: Սկզբնական շրջանում ջոկատը տեղավորվել է ձիանոցի տարածքում, ինքնին հասկանալի է, որ պայմանները իդեալական չեն եղել: Շատ չանցած` ամեն ինչ փոխվել է. կառուցվել են հարմարավետ կացարաններ, բարեկարգվել են ուղեկալները, ընդ որում` այդ գործընթացը երբեք կանգ չի առել, եւ հիմա արդեն դժվար թե որեւէ մեկը դժգոհի իր կենցաղից: Թեեւ շինությունների մի մասը բավական հին է, բայցեւայնպես նորոգվում եւ պահպանվում է հավուր պատշաճի: Ամենուր նկատելի են կարգուկանոնն ու հոգատար խնամքը: Այստեղ սպաներն ապահովված են բնակարանով, երեխաներին մեքենան ամեն օր տեղափոխում է ջոկատի տարածքում գտնվող դպրոց ու մանկապարտեզ: Ավագ լեյտենանտ Կոշեչկինը նշեց, որ տեղի ծառայությունը շատերին է ձգում. աշխատավարձը բարձր է, պայմանները՝ կարգին, պետք է միայն չթերանալ:
Ամեն ամիս վերադաս հրամանատարությունը ստուգում, ամփոփում է ստորաբաժանման արդյունքները, նշում ընդհանուր աշխատանքի թույլ եւ ուժեղ կողմերը, ինչի հիման վրա էլ որոշվում են իրենց մասնագիտական պարտականությունները առավել լավ կատարած, բոլոր առումներով աչքի ընկած զինծառայողները: Նրանց հնարավորություն է տրվում հրամանատարի հետ միասին այցելելու տեսարժան վայրեր, մասնակցելու մոտակա բնակավայրերում կազմակերպվող տոնական եւ այլ միջոցառումների: Ինչպես նշեց Կոշեչկինը, բոլոր զինվորներն էլ սեփական դիմումի համաձայն են զորակոչվել սահմանապահ զորքեր՝ գիտակցելով ծառայական առօրյայի դժվարություններն ու պատասխանատվությունը. սկզբում ծանոթացել են ծառայության պայմաններին, նոր միայն երդում տվել:
***
Ներկայումս իրավիճակը սահմանում գնահատվում է որպես կայուն, պետական սահմանի խախտման փորձերը եզակի են: Ուղեկալում մեզ վստահեցրին, որ չեն կորցնում զգոնությունը եւ ցանկացած պահի պատրաստ են համարժեք արձագանքելու իրավիճակի փոփոխությանը: Այդ վստահությունը իր ամուր հիմքերը ունի. տարիների ընթացքում էլ ավելի կայանում, հզորանում է պետական սահմանի պահպանության գործում սահմանապահների եւ տեղի բնակչության համագործակցությունը, ինչը պատմականորեն ձեւավորված ավանդույթ է՝ իր արդյունավետությունն ապացուցած կենսակերպ: Այսօր էլ շրջակա գյուղերի բնակիչները մեծ օգնություն են ցույց տալիս զինվորականներին սահմանային ռեժիմի ապահովման հարցում: Գյուղացիներից շատերը սահմանամերձ գոտում տնտեսական գործունեություն են ծավալել, հողակտորներ են մշակում: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում նրանց ելումուտը, տեղաշարժը հաշվառվում է, փշալարերից ներս թեթեւակի շեղումն էլ կարող է պատճառ դառնալ թույլտվության սահմանափակման կամ նույնիսկ դադարեցման: Հետեւաբար, շահագրգռվածությունը երկկողմանի է, ոչ մի խաղաղ բնակիչ չի կարող թույլ տալ, որ խաթարվի իրենց բնականոն ապրելակերպը: Թե՛ գյուղերում, թե՛ սահմանամերձ տեղանքում ստեղծվել են աջակցման խմբեր, որոնցում ընդգրկված քաղաքացիների աչալրջության եւ անմիջական մասնակցության շնորհիվ բազմիցս հնարավոր է եղել բռնել արգելված գոտում անօրինական հայտնված մարդկանց: Համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու, լրացուցիչ պարզաբանումներ տալու նպատակով պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում աջակցման խմբերի անդամների հետ: Հատուկ ուշադրություն է դարձվում պատանիների եւ երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Մայիսի 28-ին նշվող Սահմանապահի օրը, այլ հիշարժան օրերին փոխայցելություններ են տեղի ունենում. ուղեկալում, շրջանի դպրոցներում զինծառայողները ներկայացնում են իրենց առօրյան, սահմանային ծառայության նրբությունները, հանգամանալից պատմում են սահմանամերձ գոտում գործող վարքականոնի մասին: Գուցեեւ նման հանդիպումներից հետո շատ երիտասարդներ ցանկություն հայտնեն կրելու սահմանապահի «կանաչ գլխարկը»:
***
Այս տարի լրացավ Արտաշատի սահմանապահ ջոկատի ստեղծման 55-ամյակը, ինչի առթիվ տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին, որոնց մասնակցեցին բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնյաներ, վետերաններ Հայաստանից եւ Ռուսաստանից: Բոլորն էլ փաստեցին, որ ջոկատի «այցեքարտը» եղել եւ մնում է ինչպես մասնագիտական պարտքի լիարժեք կատարումը, այնպես էլ տեղի բնակչության հետ բարեկամական անքակտելի կապը: Հետաքրքիր է, որ այստեղ ծառայած ցանկացած ոք չի կարողանում մոռանալ զորամասը, ի ապացույց որի` Կորյակովի անվան ուղեկալում մեզ մի հետաքրքիր դեպք պատմեցին. վերջերս Ուկրաինայից մի մարդ է եկել, խնդրել է ներս թողնել: Պարզվել է` տասնութ տարի առաջ ծառայել է այս ուղեկալում: Նա հուզված շրջել է տարածքում, կարոտն առել ու գնացել է տուն:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
կապիտան
Լուսանկարները` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #44 (859) 10.11.2010 – 17.11.2010, Ազգային բանակ


10/12/2010