ԱՄՆ-Ը ՌԱԴԻՈՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՆ ԿՏԵՂԱԴՐԻ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ` ԸՆԴԴԵՄ ԻՐԱՆԻ
ԱՄՆ-ը և Թուրքիան պայմանավորվել են վերջինիս տարածքում ռադիոտեղորոշման համալիր տեղադրելու մասին: Նոր համալիրը կընդգրկվի ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգում և կօգտագործվի Իրանի տարածքից հեռահար հրթիռների արձակման մասին վաղ ազդարարման նպատակով:
Նոր ռադարը տվյալներ կփոխանցի հակահրթիռային պաշտպանության Aegis համակարգով համալրված ամերիկյան հածանավերին, որոնց խնդիրն է բալիստիկ հրթիռների ոչնչացումը:
Թուրքիայում ռադիոտեղորոշման կայան տեղադրելու ծրագրերի մասին ԱՄՆ-ը հայտարարել էր ավելի վաղ: Բանակցությունները ձգձգվում էին թուրքական կողմի պատճառով, որը մտավախություն ուներ, թե ռադարի հետախուզական տվյալները կփոխանցվեն նաև Իսրայելին, վերջինս էլ դրանք կօգտագործի Թուրքիայի դեմ: Սակայն ամերիկացիներին հաջողվեց համոզել նրանց, որ դրա անհրաժեշտությունը չկա. դեռ 2008թ. Իսրայելում տեղակայված է նմանատիպ ամերիկյան համալիր:
Մինչդեռ համալիրի տեղակայման փաստի առթիվ իր խիստ անհանգստությունն է հայտնել ռուսական կողմը: ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ պահանջվում են Ռուսաստանի ռազմավարական ատոմային ուժերի դեմ այն չուղղելու «հաստատուն երաշխիքներ» որ պետք է տան ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն:
Տվյալ հարցի շուրջ կրքերը կարող են թեժանալ, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանին համարել իրավահավասար գործընկեր Եվրոպան հրթիռային հավանական հարձակումից պաշտպանելու ոլորտում:
Նշենք, որ ռադիոտեղորոշման այսպիսի համալիր ամերիկացիները տեղադրել են նաև ճապոնիայում` երկիրը Հյուսիսային Կորեայի հարվածներից պաշտպանելու համար: Իսկ 2018թ. կավարտվի Իրանի հրթիռային հարձակմանը դիմակայելու համար նախատեսված եվրոպական միացյալ ՀՀՊ համակարգի ձևավորումը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան