Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ԶԻՆՈՒԺԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՎԱՆ-ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ



ՀԱՅՈՑ ԶԻՆՈՒԺԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՎԱՆ-ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՍկիզբը՝ նախորդ համարում

(1917-1918 թթ.)

1918թ. մարտի 21-ին թուրք-քրդական ուժերին հաջողվում է ճեղքել Առնիսի շրջանի հայկական դիրքերի պաշտպանությունը, որի հետեւանքով անմիջական վտանգ է սպառնում Վանին, ուստի որոշվում է տարհանել քաղաքի եւ շրջակայքի գյուղերի 10 հազարից ավելի հայ բնակչությանը եւ գաղթել Արեւելյան Հայաստան: Դա, սակայն, չի հաջողվում, քանի որ կատարելով օսմանյան հրամանատարության կարգադրությունը՝ քրդերը գրավել էին Բերկրիի կիրճը: Միայն քչերին է հաջողվում անցնել կիրճով: Ստեղծված պայմաններում որոշվում է Պարսկաստանի տարածքով նահանջել ու միանալ Միջագետքում՝ Իրաքում գտնվող բրիտանական զորքերին: Այսպիսով՝ 1918 թ. մարտի 21-ին սկսվում է Վասպուրականի հայոց «բյուրաց» նահանջը: Քաղաքացիական բնակչության գաղթը գլխավորում էր Կ. Համբարձումյանը, իսկ պաշտպանությունն իրականացնում էին Լեւոն Շաղոյանը եւ պորուչիկ Տիգրան Ժամհարյանը:

Հյուսիսային Պարսկաստանում՝ Ուրմիայի ու Սալմաստի շրջանում, գործում էր հայ-ասորական Ատրպատականյան Հատուկ ջոկատը, որի հրամանատարն էր գնդապետ Կուզմինը, իսկ շտաբի պետը՝ գնդապետ Գորեցկին: Ստորաբաժանումը կազմված էր ասորական երեք, հայկական երկու գումարտակներից եւ 200 ռուս սպաներից:

Պարսկաստան հասած վասպուրականցիները եւ զինուժը հայտնվել էին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում. սրվել էին ասորա-պարսկական հարաբերությունները, որոնք վերածվել էին զինված բախումների: Նման պայմանում հայերը նախընտրում են պահպանել չեզոքություն, սակայն ապրիլի 9-ին ստանալով գնդապետ Կուզմինի կարգադրությունը՝ հարկադրված են լինում մասնակցելու մարտական գործողությանը եւ գրավելու Մուխանջիկ գյուղը եւ պարսիկների ունեցած միակ թնդանոթը:

Պարտությունը հարկադրում է պարսկական իշխանություններին դիմել բանակցությունների, խոստանալ զենք, զինամթերք ու նույնիսկ օգնական ուժ՝ թուրքերի դեմ կռվելու համար: Իրականում, ինչպես պարզվեց փոքր-ինչ ուշ, պարսիկները գաղտնի բանակցություններ էին վարում օսմանյան հրամանատարության հետ, որի նպատակն էր հայ-ասորական ուժերը տեղում պահելը, թույլ չտալով, որ նրանք մինչեւ օսմանյան հիմնական ուժերի մոտենալը շարժվեն Իրաք:

Վասպուրականցիներին կրնկակոխ հետեւող թուրքական զորամասերը 1918 թ. ապրիլի վերջերին գրավում են Խոյը, սակայն մայիսի 2-ին ծանր պարտություն են կրում Ատրպատականյան ջոկատի կողմից: Գերվում է հակառակորդի 23 սպա եւ շուրջ 700 շարքային:

Պարտությունը հարկադրում է թուրքերին Ատրպատականյան ջոկատի դեմ կենտրոնացնել 6-րդ դիվիզիան եւ 12-րդ դիվիզիայի որոշ զորամասեր: Հունիսի 4-ին թշնամին հրետանու եւ գնդացիրների կրակի ուղեկցությամբ անցնում է հարձակման: Գնդապետ Կուզմինը տեսնելով, որ հնարավոր չէ կասեցնել հակառակորդի հարձակումը, հրամայում է սկսել 35 հազար հայ եւ ասորի բնակչության տարհանումը: Միեւնույն ժամանակ, ջոկատը ծանր մարտեր է մղում՝ ապահովելով քաղաքացիական բնակչության նահանջը, սակայն Ուրմիա լիճ թափվող Նազլու-չայ գետի մոտ թուրքերն անսպասելիորեն, առանց որեւէ պատճառի, հապշտապ նահանջում են: Ատրպատականյան ջոկատը իր հերթին անցնում է հակահարձակման: 10-11 օր անց պարզվում է, որ հակառակորդի խուճապահար նահանջի իրական պատճառը զորավար Անդրանիկն էր, որն իր ուժերով հարձակում էր նախաձեռնել Խոյի ուղղությամբ՝ նպատակ ունենալով միանալու Ատրպատականյան ջոկատին եւ միասին հասնել անգլիացիներին: Ինքնին հասկանալի է, որ թուրքական հրամանատարությունը չէր կարող դա թույլ տալ, ուստի առկա բոլոր զորամասերն ուղղում է Անդրանիկի դեմ:

ՀԱՅՈՑ ԶԻՆՈՒԺԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՎԱՆ-ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆԱնդրանիկի զորախմբի նահանջից հետո թուքրերը վերսկսում են հարձակումները եւ հայ-ասորական ուժերը հարկադրված են լինում վարելու պաշտպանական մարտեր: Հունիսի 25-ին Ուրմիա քաղաքի մոտ վայրէջք է կատարում բրիտանական հետախուզական օդանավը: Օդաչուն հրամանատարության անունից խոստանում է զենք, զինամթերք, պարեն, իսկ գաղթականությանը՝ պաշտպանություն, եթե 15 օր հետո լինեն պարսկական Սային-Կալե բնակավայրում, որին հասնելու համար անհրաժեշտ էր անցնել շուրջ 100 կմ ճանապարհ, որը բավականին բարդ էր, քանի որ փախստականների թիվն անցնում էր 70 հազարից: Ինչպես պարզվեց հետագայում, սրանք սին խոստումներ էին: Անգլիացիները, որոնք 1916 թ. Կուտ էլ-Ամարայում թուրքերից ծանր պարտություն էին կրել, Պարսկաստանում ունեին մոտ 6 հազար զորք,  կարիք ունեին համալրման, ուստի շռայլ խոստումներ էին տալիս Ատրպատականյան ջոկատին:

Հավանաբար թուրքերը տեղյակ էին անգլիացիների հետ ունեցած պայմանավորվածության մասին, ուստի ավելի մեծ թափով են սկսում հարձակումները: Ատրպատականյան ջոկատի սակավ ուժերն ի զորու չէին ամբողջությամբ ապահովելու քաղաքացիական բնակչության պաշտպանությունը եւ ծանր կորուստներ էին կրում:

1918 թ. հուլիսի 24-ին հայ առաջապահները, որոնց թվում էր Կ. Համբարձումյանը, ընդհարվում են օսմանյան հետախուզական ստորաբաժանման հետ, որի ընթացքում ծանր վերքեր ստացած Կ. Համբարձումյանը կնքում է իր մահկանացուն: Նրա վերջին խոսքերն էին. «Ժողովրդի նկատմամբ ես իմ պարտքը կատարեցի: Թող ձեզանից յուրաքանչյուրը նման կերպ վարվի: Չլքե՛ք ժողովրդին»:

Սային-Կալեում հայոց զինուժը պարենի եւ անհրաժեշտ այլ պարագաների  բացակայության պատճառով դադարեցնում է իր գործունեությունը: Հայոց զինուժին հրավիրած բրիտանական կողմը ցուցադրեց անհասկանալի «հյուրընկալություն»՝ հայ սպաներն ու զինվորները զինաթափվեցին: Բրիտանական ուժերի հրամանատար, գնդապետ Բրիկենսն առաջարկեց հայ զինծառայողներին ընդգրկվել իրենց զինուժում, սակայն անգլիացիների վերաբերմունքը հայ զինծառայողների, հատկապես սպաների նկատմամբ դրդեց, որ վերջիններս հրաժարվեն անցնել ծառայության բրիտանական զինված ուժերում: Հայերը պահանջեցին, որ նրանց ուղարկեն Հայաստանի Հանրապետություն: Վիրավորական էր, որ զինաթափ եղած հայերի զենքը, հիմնականում «Մաուզեր» հրացանները, բրիտանացիները վաճառում էին պարսիկներին:

Հայերի մի մասը գոյատեւման այլ հնարավորություն չունենալով, ցանկություն էր հայտնել ծառայության անցնելու բրիտանական բանակում. նրանց ուղարկեցին Բակուբա: Այստեղ կազմվեց հայկական առանձին ստորաբաժանում, որը կոչվում էր «Վան ռայֆլ»: 1918 թ. դեկտեմբերի դրությամբ բրիտանական բանակում ծառայում էր 820 հայ:

Վանից, Սալմաստից եւ Ուրմիայից գաղթած հայությունը տեղավորվեց Բակուբայում՝ Դիալա գետի ափին, նրանց ընդհանուր թիվը 18219 էր…

 

ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

պատմական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ #20 (1242) 23.05.2018 - 29.05.2018, Պատմության էջերից


25/05/2018