Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՏՎԱԾ ԱՐՁԱԿԱԳԻՐ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԻ «ՓՐԿՈՒԹՅՈՒՆ» ՎԵՊԻՑ



ՀԱՏՎԱԾ ԱՐՁԱԿԱԳԻՐ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԻ «ՓՐԿՈՒԹՅՈՒՆ» ՎԵՊԻՑԽռովքի մեջ է Արարատյան աշխարհը…

Թուրքը գալիս է նաև Մասսա կողմից…

Արաքս Երկարավարսը գժի նման արձակել է իրեն և ահազդու, փրփրած երկինք է նետվում։ Ահեղ շփշփոցով նա ասես գոչում է տեղացի գյուղացիներին. «Ո՞ւր այդպես լեղապատառ, կանգնեցե՛ք, շար-շարոց եղեք տաճիկի հանդիման։ Ահավասիկ, ես ելել, կալանել եմ նրա ճանապարհը, որպեսզի փախուստի փոխարեն կռնակներդ դարձնեք շիփ-շիտակ, բազուկներիդ արյունը կրակ ու բոց շինեք, գլուխներդ վրեժի գնդակ, և երանելի Տղմուտի ափունքի փառքը կրկնակեք այստեղ»։

Սակայն այդ միջոցին նրան ոչ ոք չէր լսում։

Տաճկական հինգերորդ բանակը, ստվարացած Մասսա Լանջի ջալալցի քրդերով և նաև Արհաջի սարերից իջած թաթարների հրացանակիր բազմությամբ, երկու օր է` եկել, խառնվել է գետի ձախ ափին և վանդակած գազանի վարքով իրեն աջ ու ձախ է շպրտում։ Նա մերթ գնում-հասնում է Կարակալայի բյուր եղեգնուտներն ի վար, մերթ ետ դառնալով` նետվում է Բոյուկ Վեդու ճահճուտները ու կատաղում` ամբողջ ափով մեկ որոնելով արյան գետ հեղեղելու իր ճանապարհը։

Վարարած Արաքսը, սակայն, ելել ու փրփրում էր առաջվա ճողփյունով և գոչանքով։

Գիշեր իջավ։

Ափամոտիկ եղեգներն ասես երկար ու ձիգ քարավաններ լինեին, որոնք մթնով մոլորվել էին հեղեղատի մեջ ու ցուրտ ջրաքամուց օգնության կանչեր էին արձակում։ Անհունի բյուր երդիկներից նայող աստղերը արդյոք ծիկրակո՞ւմ էին հրճվանքից բացված աչիկներով, որովհետև չարագործ տաճիկները դեռ գալարվում էին այնտեղ, և Արաքսի ծռմռված հայելու մեջ նրանք ծիծաղելի էին երևում թզուկների նման:

Մյուրսել փաշան վերջապես երևաց Յուվայի մոտ, Գայլի Դրունքում, ուր նա արդեն հայտնվել էր երկու անգամ ցերեկով։ Սակայն նրան չէր հուսադրել թեկուզև մեծ զոհողությամբ գետանցումը, թեպետ այստեղ էր գտնվում փայտաշեն կամուրջը, որն, ազատված հեղեղատի հարվածից, բանակը շարժելու միակ ապահով վայրն էր դարձել։

Բայց տաճիկը գրոհելու ելք չուներ։ Բարձր կամուրջի առաջամասը ծածկված էր նրանց դիակներով, որոնց գնդակներ էին հասցրել հակառակ ափից։ Ճանապարհն ազատելու թուրքերի փորձերը ավարտվում էին նոր զոհերով։

Մյուրսել զորականը սպասում էր։

Մասսա կողմում նրա առջևից նահանջած, Օրգոֆն ու Իգդիրը թողած հայ հրացանակիրները դարանել էին թուրքին դեմ առ դեմ, և փաշան միայն ենթադրաբար չէր կռահում, որ այնտեղ վանեցիների գունդն է։ Այսպես կրակում էին միայն Վասպուրական հրաձիգները` զգույշ ու անվրեպ։

Մյուրսելը հանդիպակաց եղեգնուտի թաքստոցների մեջ մտովի պատկերացրեց Վասպուրաց աշխարհի անընկճելի Արմենակ Եկարյանին և դրանից ներքին սոսկում ապրեց։ Նրան թվաց, թե հայդուկ վրիժառուն ահա գտել է իր տեղը և դիրքապետերին մատնացույց անելով` հրացանները պարզել են դեպի իր խոցելի կուրծքը։

Հանկարծ մյուս ափից գնդակներ թռան դեպի հայերը։

-Արմենա՛կ, մեր բժիշկն ընկավ կամուրջին չհասած։

Ջլուտ և տոկուն դեմքը պարզած թշնամուն` Արմենակը գիշերվա մեջ ամուր սեղմեց հայտնողի բազուկը:

-Բա՛վ է,- ասաց,- այլևս ոչ մեկը չփորձե կամուրջին մոտենալ։ Երեք զոհը շատ է մի կամուրջ կործանելու համար։ Հայը անընդունակ հրդեհող է։ Տաճիկը պիտի այրի, նա էլ այսօր պահապան է կանգնել հայի ինչքին։

Դառնորեն ասված ծաղրը լսելի եղավ շրջապատում:

Վանի ինքնապաշտպանության երևելի հերոսն ու կարգադրիչը այժմ տրտմությամբ պաշարված` հնար է որոնում… Ինչպե՜ս չհասցրին խորտակել կամուրջը` Արաքսի մեղմելուց հետո թշնամու միակ և անկասելի ճանապարհը… Մի՞թե կուշանա սուրհանդակը` մեր վերջին հույսը… Մի՞թե գեներալ Նազարբեկյանը օգնության ձեռք չի մեկնի. «Ես չեմ կարող թեկուզ մի հրացան առանձնացնել ձեզ համար»։ Արմենակն ըմբոստ շարժվեց տեղից, հայացքը մեկեն ուղղեց կամուրջի վրա։ Կիսախավարի մեջ հանկարծ բռնկվեց հրաշեկ մի գունդ, որը սուրաց մինչև կամրջի կենտրոն ու տապալվեց գետնին` խաչի տեսք ընդունելով այնտեղ։ Շրջապատը ողողվեց լույսով` շերտ առ շերտ պայծառանալով։ Թվաց, թե Արաքսի սառած ջրերն էլ ուր որ է պիտի բոցավառվեն ու ճախր առնելով պիտի թռչեն հեռավոր-հեռու` ջերմացնելու կուչ եկած հայոց լեռնաշխարհը։

Սոսկալի տեսարանի առջև կծկվել, համրացել էր նաև ախոյանը։ Նա, որ քիչ առաջ իրեն սրտապնդելու համար սկսել էր խառնիխուռն գնդակոծել, այժմ խաղաղված` հետևում էր հրդեհի ընթացքին։

Խոր գիշերվա մեջ խորտակվեց կամուրջը։ Ջրերը այդ կործանումից մեկեն թշշացին, և ելած գոլորշու ամպերի միջից ասես շրջապատում տարածվեց մոխրացած նահատակի կյանքի հոտը։ Լուսաբացին Արաքսը հերարձակ ու սգվորած գնում էր։

Նրա մի ափով, երկարած շինելը ուսերին, գլխահակ քայլում էր մի զինվոր։ Նա հերթով կանգնում էր դիրքերում և անձայն հետաքրքրվում.

-Ո՞վ էր հրդեհիչը:

Տխրատեսք գիշերը իր մութ դրոշմը դեռ չէր հավաքել մարդկանց դեմքերից։ Պատասխան չստանալով, նա հասավ հեռու դիրքատեղին, ուր հրացանակիր տարեց մեկը հաղորդեց.

-Ալեքպոլից նորեկ էն կարճ տղեն էր, Արմենա՛կ։

-Կարսի ամրոցապետ Վասպո՜ւրը,- տխուր արտաբերեց Եկարյանը` հայացքը օդում պտտվող արագիլին։

Խեղճն ասես ջրատարած շամբուտների մեջ փնտրում էր զոհված ընկերոջը…

♦♦♦

ՀԱՏՎԱԾ ԱՐՁԱԿԱԳԻՐ ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆԻ «ՓՐԿՈՒԹՅՈՒՆ» ՎԵՊԻՑՀայոց ճամփաները նման փոշի և գվվոց չէին տեսել և լսել։ Ասես ասպարեզ էր իջել դժոխային մի մտրակ, որից ահաբեկվածներն, այս ու այն կողմ զարնվելով, կամենում էին գլուխներն ազատել մահաբեր փորձանքից։ Արաքսի կողմերից, հյուսիսից և ամեն կողմերից փախած բնիկները, բազմապատկված նորանոր խմբերով ու սայլերով, լցվում էին Արարատյան աշխարհ և անհույս շրջանակներ գծելով` գնալով խտանում էին դաշտի կենտրոնում։

Դաշտամիջյան տախտակած կամուրջի վրա մի սայլ կանգ առավ: Ընդհանուր իրարանցման և հրմշտուքի մեջ հանկարծ մեկը բղավեց կողքից.

-Է՜յ, ազատի՛ր ճանապարհը…

Գյուղացին, առանց շրջվելու դեպի ձայնողը, եղջյուրներից ամուր բռնած, հերսով ցնցեց նստած գոմեշի հսկա գլուխը։ Կենդանին ջրի կարոտանքի՞ց, թե հոգնությունից` չշարժվեց տեղից։ Այդժամ մոտիկ ծածկակառքից դուրս թռան երեք-չորս երիտասարդ զինվորականներ։ Մերկացրած սրերով նրանք վրա պրծան։ Գոմեշը աղերսանքով վիզը երկարեց հարվածողներին։ Զգալով, որ չարացած սպաները ուր-որ է սայլը կգլորեն կամուրջից, գյուղացին շտապեց ցած իջեցնել մանկահասակ աղջկան, հրացանը և մի պարկ ալյուրը, որ նա թողել էր այնտեղ` պատսպարած կանաչ խոտերի տակ։

-Այ ժողովուրդ, էս հո մերոնք էին,- ժխորով հեռացած ծածկակառքի ետևից կանչեց գյուղացին։

-Գեներալ Սիլիկյանն էր մեջը,- մոտիկ եկավ մի զինվոր` մյուսների հետ օգնելու գյուղացուն։ -Մեղադրելու չի։

Խմբվածները լռեցին։ Բարձրիկ ձիու վրայից մեկը զննաբար դիտում էր շրջապատը, ապա առույգորեն իջնելով թամբից, շտապեց հավաքվածների մոտ։ Նրա գլուխն ածիլված էր։ Ուսադիրներ չուներ, սակայն հետի ենթասպայի հնազանդ կեցվածքից, որին մոտեցողը պահ տվեց երևելի իր նժույգը, ներկաները գուշակեցին նրա բարձրաստիճան զինվորական լինելը։

-Ի՞նչ է պատահել, ի՞նչ բանի եք, ժողովո՛ւրդ,- հարցրեց մարդը։ Բեղերի մեջ հատուկենտ ընկած ճերմակած մազերը, մանավանդ, սև աչքերից թափվող թախիծն ու հոգնությունը ասես վեհացնում էին նրան։

Ոչ ոք չպատասխանեց։ Տուժած գյուղացին մինչև գոտկատեղը ջրի մեջ խառնված`  բարկացավ։

-Ինչ պիտի պատահի։ Գեներալները կռվելու փոխարեն` մեզ ոտնատակ են անում։

-Ավելի լավ չէ՞ մի մոմ վառել, քան անիծել խավարը,- խոսեց մարդը` պատվիրելով լծկանին արձակել գլխիվայր շրջված սայլից։

Ապա նա ամուր բռնելով ճաղապատ անիվից, աչքով նշան արեց մյուսներին` կողքից ձգելով սայլը դուրս հանել գետափ։ Գոմեշն, այլևս ազատված ճնշիչ կապանքից, առանց որևէ մեկի բռնության, խշշացնելով դուրս եկավ ջրից։

Բազմությունը թեթևացած շունչ քաշեց։ Վախվորած աչքը պահած անծանոթ բարերար զինվորականի երեսին, առաջ եկավ, ականջ պահեց։

-Հիմա թուրքի դեմ սայլդ քո ձեռքով պիտի շրջես,- խոսեց նույն զինվորականը` բարդու պես հասակը բարձրացնելով թամբի վրա։

-Աչքն էլ չե՞մ հանի,- կրակվեց գյուղացին, դարձավ ուսեց հրացանը, որ թողել էր ալյուրի պարկի մոտ։

-Հորի՞ չի երևա մեր Անդրանիկ,- սիրտ առած բողոքեց հարևանը,- գա, առուփախ էս ժողովուրդ առնի թևի տակ։

-Զորավարն այստեղ է։ Միայն թե այս կարգով` ցիրուցան և խարխլված չտեսնի ձեր շարքերը։

Ասողը Դանիել բեգն էր, որ վերադարձել էր Արաքսակողմից, շտապում էր Սարդարապատ…

Խորագիր՝ #20 (1242) 23.05.2018 - 29.05.2018, Հոգևոր-մշակութային


25/05/2018