Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴՐՎԱԳՆԵՐ 1918Թ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ



ԴՐՎԱԳՆԵՐ 1918թ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ1918 թ. փետրվարին հայ-թուրքական ռազմաճակատի թիկունքում, այն է՝ Արարատյան աշխարհում բռնկված թուրք հրոսակախմբերի զանգվածային զինված ելույթները «խաղաղեցնելուց» հետո, Հայոց Ազգային խորհրդի և Հայկական բանակային կորպուսի գլխավոր ուշադրությունը սևեռվում է ռազմաճակատում ծավալվող ռազմական գործողությունների վրա:

Քանի որ թուրք զինյալ հրոսակախմբերի զանգվածային ելույթները հիմնականում «խաղաղված» էին, ուստի Դրոն եւ մի քանի այլ հայտնի զինվորականներ մեկնում են ռազմաճակատ` մարտնչելու  կռիվների ամենաթեժ կետերում: Այդ ժամանակ մարտերն ընթանում էին ռազմաճակատի Սարիղամիշի հատվածում:

Սարիղամիշում կուտակվել էին հազարավոր գաղթականներ, իսկ ռուսական զորքերի հեռանալուց հետո պահեստներում ամբարված էին մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, սննդամթերք, հանդերձանք և ռազմաճակատի համար բազմաթիվ այլ անհրաժեշտ պարագաներ: Ռազմաճակատում մարտնչող հայկական զորքերի, այն է` հայկական բանակային կորպուսի հրամանատարության առջև ծառացած առաջնահերթ խնդիրներից մեկը, անշուշտ, գաղթականության և պահեստներում ամբարված  զենքն ու զինամթերքը և մյուս ապրանքները  հնարավորինս արագ թիկունք տեղափոխելն էր:

Նախ՝ անհրաժեշտ էր կանգնեցնել թուրքակական զորքերի հարձակումներն ու կայունացնել ռազմաճակատը:

Կովկասյան ռազմաճակատի կառուցվածքում և հրամանատարների կազմում արդեն տեղի էին ունեցել որոշակի փոփոխություններ: Մարտի 3-ին Օլթիից մինչև Մակու ձգվող ռազմաճակատի հրամանատարությունն ընդունում է Հայկական կորպուսի հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանը, որն այդ օրերին արդեն Սարիղամիշում էր: Օլթիից Բաթում ընկած տարածքը թուրքական զորքերի հարձակումից պիտի պաշտպանեին վրաց ազգային զորամասերը: Այդ երկու՝ Օլթի-Մակու ու Օլթի-Բաթում ռազմաճակատներում տեղաբաշխված հայկական, ինչպես նաև վրացական բանակային կորպուսի զորամասերը համադրելու էր կովկասյան ճակատի գլխավոր հրամանատար, գեներալ Լեբեդինսկին, որը ենթարկվում էր Անդրկովկասյան կառավարությանը և բացառապես լինում էր իր կենտրոնատեղ Թիֆլիսում:

Ելնելով Սարիղամիշի պահպանման հույժ կարևոր նշանակությունից՝ ռազմաճակատում տեղի ունեցող իրադարձությունները տեղում ուսումնասիրելու ու համապատասխան վճիռներ ընդունելու նպատակով Հայոց Ազգային խորհրդի մի քանի անդամների ուղեկցությամբ Սարիղամիշ է ժամանում Ազգային խորհրդի նախագահ Ավետիս Ահարոնյանը և Հայկական կորպուսի հրամանատար, գեներալ Թոմաս Նազարբեկյանի, կորպուսի  զինվորական կոմիսար Դրոյի, Սարիղամիշի ռազմաճակատի հրամանատար, գեներալ Արեշյանի մասնակցությամբ գումարում զինվորական խորհրդակցություն:

Գեներալ Արեշյանը, ներկայացնելով ճակատում ստեղծված կացությունը, դարձյալ առաջարկում է թողնել Սարիղամիշի շրջանը, զորամասերը համալրել ի հաշիվ Երևանյան ուղղությունում տեղաբաշխված ուժերի և այն կենտրոնացնելով Կարսում ու նրա մատույցներում՝ բերդաքաղաքը վերածել պաշտպանական հզոր հանգույցի: Կարսի բերդաքաղաքը, ըստ Արեշյանի, այն միակ հուսալի պաշտպանական հանգույցն էր, որտեղ ամրապնդվելով` հնարավոր կլիներ կանգնեցնել հակառակորդի հարձակումը: Իր առաջարկությունը հիմնավորելու համար նա որպես փաստարկ վկայակոչում է.

  1. Ռազմաճակատի աջ թևի՝ Արդահան-Օլթի-Բարդուս հատվածի թուլությունն ու անհուսալիությունը: Ըստ նրա՝ թուրքերը հեշտությամբ կարող են օգտագործել այդ խոցելի տարածքը և այնտեղից առանց որևէ դժվարության անցնել մեր զորքերի թիկունքն ու շրջափակման մեջ վերցնել Սարիղամիշի ամբողջ խմբավորումը, մտավախությամբ, որ կարող էր կրկնվել Էնվեր փաշայի գլխավորած թուրքական զորքերի 1914 թ. դեկտեմբերի նշանավոր զորաշարժը:
  2. Զորքերում արմատավորված բարոյահոգեբանական անմխիթար վիճակը, որի պատճառով զորամասերում արդեն նկատվում էին դասալքության դեպքեր:

ԴՐՎԱԳՆԵՐ 1918թ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑՌազմաճակատում ծավալվող գործողություններին ոչ համահունչ գեներալ Արեշյանի ներկայացրած տեսակետը, որը առավելապես արդյունք էր պարտվողական հոգեբանության ու խուճապային տրամադրության, քան իրական կացության թելադրանքի և սթափ գնահատման, մերժվում է: Ազգային խորհրդի անդամները, Հայկական բանակային կորպուսի հրամանատարն ու զինվորական կոմիսարը, համակողմանիորեն քննարկելով ռազմաճակատում ընթացող մարտական գործողությունների իրական վիճակը  և հաշվի առնելով ուժերի հարաբերակցությունն ու Սարիղամիշի ռազմավարական նշանակությունը՝ հանգում են միանգամայն հակառակ տեսակետի:

«Նրանց կարծիքով,- նշվում է Սարիղամիշի կռիվների և այդ խորհրդակցության մեկնաբանմանը նվիրված փաստաթղթում,- նախորդ կռիվների փորձը միանշանակորեն ապացուցել էր Սարիղամիշի՝ որպես Կարսի և Ալեքսանդրապոլի բանալու, ահռելի նշանակությունը: Եթե թուրքերը տիրեն Սարիղամիշին, ապա անմիջապես իրենց ձեռքը կվերցնեն ամենակարևոր ու հուսալի հենակետը, որտեղից նրանք օգտվելով նաև երկաթգծի ծառայությունից՝ կարող են շարժվել հյուսիս, միաժամանակ իրենց հետ տանելով պահեստներում կուտակված հարստությունը: Եվ վերջապես, Սարիղամիշում կուտակվել է մեծաքանակ գաղթականություն և անհրաժեշտ է որոշակի ժամանակ, որպեսզի թիկունք տեղափոխվին գաղթականությունն ու ռուսական զորքերի հեռանալու պատճառով այնտեղ պահեստավորված սարքավորումները…»:

Ռազմական խորհրդակցությունում չի ընդունվում Սարիղամիշը թողնելու և Կարս նահանջելու՝ գեներալ Արեշյանի առաջարկությունը, ու որոշվում է պահել առկա ռազմաճակատը:

Մարտի 7-ին թուրքական զորքերը ռազմաճակատի Ղարաուրգան-Միջնկերտ հատվածում անցնում են հարձակման և ճեղքելով այդ տեղամասում պաշտպանվող հայկական զորամասի դիմադրությունը՝ առաջանում են դեպի Սարիղամիշ: Ռազմաճակատում ստեղծվում է տագնապալի իրավիճակ: Եթե հայկական զորքերը չձեռնարկեին համապատասխան ռազմական գործողություններ ու չկանգնեցնեին թուրքական զորքերի հարձակումը, ապա հակառակորդը կարող էր ներխուժել Սարիղամիշ և բռնազավթել այնտեղ գտնվող զինապահեստները, որտեղ ամբարված էր ահռելի քանակությամբ զենք ու զինամթերք, հանդերձանք:

Դրոն քաջ գիտակցելով թուրքական զորքերի հարձակման հետևանքով ռազմաճակատում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի ողջ կարևորությունը՝ վճռում է մեկնել Ղարաուրգան-Միջնկերտ ուղղություն և անձամբ առաջնորդել հայ զինվորներին:

Համաձայն այդ օրերին ռազմաճակատում տիրող կացությունը լուսաբանող  տեղեկագրի` «Այդ ժամանակ ժամանում է կորպուսի զինվորական կոմիսար Դրոն, և գեներալ Արեշյանը գնահատելով առաջնորդի ժողովրդականությունը՝ անմիջապես նրան է հանձնում Խան զորախումբը և հանձնարարում մարտի 14-ին Ղարաուրգանի և Միջնկերտի շրջանում անցնել հարձակման: Դրոյի հրամանատարության ներքո եղել են 1-ին գնդի 3 վաշտեր, Դալի Ղազարի 4-րդ զորախմբի 4 վաշտեր, Արամի խումբը, 101-րդ հեծյալ հարյուրյակը, 4-րդ լեռնային մարտկոցը և մեկ թեթև հրանոթ: Այդ ամենից զատ նրան օգնելու համար ուղարկվում են Մուրադի և Սեպուհի հեծյալ վաշտերը:

Զորախմբի կազմում ընդգրկվում են նաև 12 սպաներ գնդապետ Միրզոևի գլխավորությամբ»:

Ղարաուրգանի ուղղությունը ռազմավարական առումով շատ կարևոր էր, և այդ պատճառով թուրքերն աշխատում էին անպայմանորեն գրավել հենց այդ հատվածը: Մինչ մարտի 11-ի դեպքերը Ղարաուրգանը արդեն ձեռքից ձեռք էր անցել:

«Մարտի 6-ին,- նշվում է տեղեկագրում,- Զովինի լեռնանցքում քրդերի կողմից գնդակոծվել է հայկական առաջապահ ուղեկալը: Հակառակորդը երեք կողմից հարձակվելով Ղարաուրգանի վրա՝ այնտեղից դուրս է մղել մեր առաջապահ զորախումբը, բայց Սարիղամիշից եկած համալրումը մարտի 7-ին դուրս է մղել թուրքերին ու քրդերին Ղարաուրգանից և այնտեղ հաստատել կայուն իրավիճակ»:

Ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող բերդաքաղաքի՝ Էրզրումի հանձնումից և հայկական զորամասերի ոչ այնքան կազմակերպված նահանջից հետո ռազմաճակատի առաջավոր բնագծերում դիրքավորված հայ զինվորների շրջանում տիրում էին խուճապային տրամադրություններն ու անկազմակերպ իրավիճակը: Զորքերի մարտաշարքերն ուժեղացնելու, մարտնչելու ոգին և պատրաստակամությունը բարձրացնելու ու կայունացնելու համար հրամանատարությունից պահանջվում էր ուժերի գերագույն լարում և հսկայածավալ աշխատանք: Ընդունելով ռազմաճակատի ամենապատասխանատու և վտանգված շրջանի՝ Ղարաուրգան-Միջնկերտ հատվածի հրամանատարությունը՝ Դրոն պետք է միավորեր այդ ուղղությամբ գործող զորավաշտերը, կազմակերպեր հակահարձակումը եւ հաղթահարելով թուրքական զորքերի դիմադրությունը, ինչպես նաև ձմռան խստաշունչ պայմանների հարուցած խոչընդոտները՝ հետ նվաճեր Սարիղամիշի համար վճռական նշանակություն ունեցող Ղարաուրգան-Մեջնկերտ շրջանը:

Նրա մասին պատմող բազում վավերագրերը, հուշագրություններն ու այլ փաստաթղթերը միանշանակ վկայում են, որ Դրոն շատ լավ կարողացել է ընդհանուր լեզու գտնել և հաջողությամբ համագործակցել ինչպես արհեստավարժ սպաների, այնպես էլ ոչ արհեստավարժ զինվորականների հետ: Ղարաուրգան ուղղությունում  իրականացրած մարտական գործողությունների ժամանակ դարձյալ նույնն էր, նրա զորախմբում ժողովրդական անվանի հերոսների՝ Սեբաստացի Մուրադի, Սեպուհի, Զեմլյակի, Արամի և Դալի Ղազարի ընկերակցությամբ հաշտ ու համերաշխ կռվում էին արհեստավարժ զինվորականներ: Դրոն, իրոք, կարողացել է մեծ արդյունավետությամբ ներդաշնակել զինվորականության այդ երկու ուժերն ու կարողությունները:

Մարտի 13-ին,  հակառակորդի դիրքերը փոքր-ինչ ուսումնասիրելուց և զորավաշտերին համապատասխան հրահանգներ տալուց հետո, Դրոն հաջորդ օրն առավոտյան տալիս է թուրքական զորքերի պաշտպանական հենակետերի վրա գրոհելու հրամանը: Խորտակելով նախորդ օրերի հաջողությամբ թևավորված թուրքերի դիմադրությունը՝ զորախումբը հաջողությամբ շարժվում է առաջ:

Այդ օրվա կռիվների ընթացքում եղել են նաև չնախատեսված դեպքեր: Տարվելով գրոհներով՝ Սեբաստացի Մուրադի ու Սեպուհի առաջնորդած հեծյալ վաշտերը սրընթաց գրոհ ձեռնարկելով` մխրճվում են հակառակորդի դասավորության խորքը և մերկացնելով հարձակվող զորախմբի ձախ թևը, հնարավորություն ընձեռում թուրքերին բաց տարածքից հարվածելու կենտրոնում և ձախ թևում հաջողությամբ հարձակվող 4-րդ և 1-ին գնդերի զորավաշտերի թիկունքին: Հայտնվելով երկու հանդիպակաց հարվածների արանքում՝ Դրոյի զորախմբի կենտրոնն ու ձախ թևը հարկադրված սկսում են նահանջել: Կռիվների ամենավճռական պահն էր. Դրոն թուրքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով գրոհի է ուղարկում նախորդ կռիվներում իրեն փայլուն դրսևորած Արամի գլխավորած վաշտը:

«Արամի խումբը,- նշվում է մարտական գործողությունների տեղեկագրում,- գործելով հերոսաբար՝ հարվածում է թուրքերի առաջ ընկած տեղամասին և հակառակորդը ջախջախվելով ու նահանջելով՝ մեր զորքի տնօրինությանն է հանձնում մարտադաշտը»:

Ղարաուրգանի ուղղությամբ Դրոյի զորախմբի հաղթական գործողությունների մասին վկայում է նաև Սարիղամիշի ռազմաճակատի հրամանատար, գեներալ Արեշյանը. «Հարձակումն ընթացավ հաջողությամբ: Աջ թևի զորամասերը հասան Սարիբանի բարձունք, գրեթե մինչև Զոկ, իսկ կենտրոնի ու ձախ թևերը գրավեցին Խորոմ լեռը…»:

ԴՐՎԱԳՆԵՐ 1918թ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑԹուրքական ջախջախված զորամասերը նահանջելով Ղարաուրգան-Մեջնկերտ շրջանից՝ միանում են  ուրիշ զորամասերի և հաջորդ օրը ևեթ հարձակվում Քոշաքիլիսա, Կարակուրդ գյուղերի վրա ու առանց մեծ դժվարության գրավում այդ բնակավայրերը: Ռազմաճակատում իրավիճակը ավելի է  շիկանում, երբ Սարիղամիշի բարձունքներից հայ զինվորները նկատում են թուրքական նոր՝ հեծյալ և հետևակ զորամիավորումներին, որոնք շարժվում էին Բարդուսի և Խան-Դարեսայի լեռնանցքի ուղղությամբ: Թուրքերի նպատակը միանգամայն հասկանալի էր. գրավելով Բարդուսը և անցնելով լեռնանցքը՝ նրանք կարող էին դուրս գալ թիկունք և պաշարման մեջ վերցնել այդ շրջանում մարտնչող հայկական զորքերը:

Ռազմաճակատի հրամանատարությունը ձեռնարկում է տենդային քայլեր: Դեպի լեռնանցք է շարժվում Պանդուխտի գլխավորած պարտիզանական զորախումբը: Մարտի 16-ին թիկունքից Սարիղամիշի շրջան է հասնում 1-ին հեծյալ գունդը և կենտրոնանում  Կարակուրդ և Կոշաքիլիսա ուղղությամբ: Նույն օրերին ռազմաճակատի առաջավոր հատվածում է հայտնվում նաև Զեմլյակի (Արտեմ Նանումյան) հեծյալ զորաջոկատը: Թուրքական զորքերի առաջխաղացումը կասեցնելու և նրանց կողմից նվաճված գյուղերը հետ վերցնելու նպատակով ռազմաճակատի հրամանատարությունը կենտրոնացնում է ևս մի քանի զորամասեր և անցնում հարձակման:

Ղարաուրգան-Միջնկերտ գործողության արդյունավետ ավարտից հետո պաշտպանական հանգույցներում թողնելով իր զորախմբի մի մասը՝  Դրոն զորախմբի ձախ թևի ուժերով ռազմաճակատի հրամանատարության կողմից կենտրոնացված զորամասերի համագործակցությամբ հարձակում է ձեռնարկում թուրքական զորքերի վրա: Գրոհող զորավաշտերի հարվածն անկասելի էր. թուրքերը հետ նահանջելով՝ հայկական զորքերի տնօրինությանն են հանձնում Կարակուրդ և Կոշաքիլիսա գյուղերի շրջանը: Այդ օրվա մարտերում իրենց անձնազոհ գործողություններով առանձնապես աչքի են ընկնում 1-ին հեծյալ գնդի և Զեմլյակի գլխավորած հեծյալ ջոկատի մարտիկները:

Թուրք զինվորների վկայություններից պարզվում է, որ Սարիղամիշի ուղղությամբ գործում էին թուրքական 9-րդ, 12-րդ և 36-րդ դիվիզիաները, որոնք մարտական մեծ փորձառություն էին ձեռք բերել՝ մասնակցելով բազմաթիվ կռիվների ու անգամ  Գալիպոլիի նշանավոր ճակատամարտին:

Թուրքական զորքերի հարձակումներին զուգընթաց իրենց գործողություններն են ակտիվացնում նաև քուրդ հրոսակախմբերը, որոնք չբավարարվելով միայն թալանով, թիկունքի և հաղորդակցության միջոցների վրա պարբերաբար կատարվող ասպատակություններով, սկսում են պարբերաբար հարձակումներ գործել նաև հայկական զորամասերի վրա: Իրենց ձեռնարկած գործողությունների ընթացքում քրդերին հաջողվում է գրավել և հենակետի վերածել Կըզլ-Քիլիսա գյուղը ու այնտեղից հաճախակի հարձակումներ գործել հայկական զորամասերի և հատկապես թիկունքային ծառայության ուժերի վրա: Քուրդ հրոսակախմբերի սանձարձակություններին վերջ տալու նպատակով Դրոն Ղարաուրգանի հաղթական գործողությունից հետո զորախմբի մի մասով հարձակվում է Կըզլ-Քիլիսա գյուղում կենտրոնացած քրդական հրոսակախմբերի վրա և նույն օրն ևեթ կորպուսի շտաբը ռազմաճակատից ստանում է հետևյալ հաղորդագրությունը. «Սարիղամիշի ուղղությամբ նորից հետ է գրավվել Բարդուսի մերձակայքում գտնվող Կըզլ-Քիլիսա գյուղը»:

Այս արդյունավետ գործողություններից հետո ռազմաճակատի Ղարաուրգան-Մեջնկերտ-Կարակուրդ հատվածում ժամանակավորապես հաստատվում է հարաբերականորեն կայուն իրավիճակ:

Անդրադառնալով Սարիղամիշի ռազմաճակատում այդ օրերին ընթացող կռիվների և նրանում Դրոյի  ավանդի գնահատմանը՝ Հայկական բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Թ.Նազարբեկյանը նշում է. «Կարող եմ համարձակորեն ասել, որ շնորհիվ սպաների և զինվորների միջավայրում ունեցած իր հեղինակության ու խիզախության, Դրոն  կանգնեցրեց հակառակորդի հարձակումը, ու մենք կարողացանք ավելի երկար մնալ Սարիղամիշում»:

Սարիղամիշի ռազմաճակատի Ղարաուրգանի ուղղությունում Դրոյի գլխավորած զորախմբի հաջողությունը հույժ կարևոր էր: Հայկական կորպուսի հրամանատարությանը ավելի քան անհրաժեշտ էր գոնե մի քանի օր ժամանակ, որպեսզի կարողանար ոչ միայն զորամասերը համալրել նոր ուժերով և համապատասխան քայլեր ձեռնարկել խուճապն ու անկազմակերպվածությունը մարտաշարքերից արմատախիլ անելու ուղղությամբ, այլև թիկունք տեղափոխել գաղթականությանը, պահեստներում ամբարված զենքն ու զինամթերքը, հանդերձանքը և այլ արժեքավոր իրեր:

Գեներալ Թովմաս Նազարբեկյանի գնահատմամբ՝ «Ես օգտվեցի այդ դադարից: Նախորդ մարտերի նահանջի հետևանքով խարխլված զորամասերը ուժեղացվեցին և փոքր-ինչ կարգի բերվեցին… Շարունակվեց ուժեղացված տեմպերով փախստականների, Սարիղամիշի հարուստ պահեստներից զենք ու զինամթերքի, հանդերձանքի, սննդամթերքի և այլ կարևոր սարքավորումների բեռնաթափումը:Պահեստների կողքերին թափված էր մեծաքանակ շաքար, թեյ, կրուպա և պահածոներ: Ունենալով սահմանափակ քանակի վագոններ՝ ես այդ բոլորը, ինչպես նաև փախստականներին ուղարկեցի Ալեքսանդրապոլ»:

ՀԱՄԼԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խորագիր՝ #20 (1242) 23.05.2018 - 29.05.2018, Պատմության էջերից


25/05/2018