Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԲԵՐՁՈՐՈՒՄ



ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԲԵՐՁՈՐՈՒՄՄայիսի 18-ին Բերձորում կայացավ տոնական միջոցառում` նվիրված շրջկենտրոնի ազատագրման տարեդարձին: Քաղաքի Արցախյան ազատամարտում զոհվածների հուշահամալիրում էին շրջանի ղեկավարությունը, քաղաքում գործող ուժային  և այլ կառույցների ղեկավարներ, ուսուցիչներ, դպրոցականներ ու հյուրեր տարբեր վայրերից, նաև ԱՄՆ-ից: Հնչեց Արցախի օրհներգը, եղավ լռության րոպե՝ ի հիշատակ զոհվածների: Այնուհետեւ ելույթ ունեցան շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը, Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանը, Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) Քաշաթաղի շրջանային միավորման Բերձորի տարածքային մասի նախագահ Վահե Դավթյանը: Բոլոր ելույթ ունեցողները փառաբանեցին այս կարևորագույն հաղթանակում ավանդ ունեցողներին, Բերձորի ազատագրման համար զոհվածներին: ԱԱՄ վարչության աշխատակազմի ղեկավար Էդիկ Խաչատրյանը շնորհավորեց ներկաներին քաղաքի ազատագրման առթիվ և ընթերցեց վարչության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը, որում ասված է. «Բերձորի ազատագրումն առանցքային նշանակություն ունեցավ ոչ միայն Արցախի, այլև համայն հայության համար: ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԲԵՐՁՈՐՈՒՄՓայլուն ռազմագործողության արդյունքում մեր բանակն ազատագրեց հայոց ոստան Բերձորը: Բացվեց կյանքի ճանապարհը, և մեր հայրենիքի երկու հատվածները միավորվեցին…»: ԱԱՄ վարչության որոշմամբ՝ Բերձորի ազատագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ, հասարակական ակտիվ գործունեության, նաև 2016թ. ապրիլ-հունիս ամիսներին առաջնագծում բարեխղճորեն մարտական հերթափոխություն իրականացնելու համար պատվոգրով, նվերներով և «Հայրենյաց պաշտպան» մեդալով պարգևատրվեցին 10-ից ավելի քաշաթաղցիներ: Պարգևները հանձնեց շրջվարչակազմի ղեկավար, ԱԱՄ Քաշաթաղի շրջանային միավորման նախագահ Սուրեն Խաչատրյանը: Հանդիսավոր մասից հետո կայացավ տոնական համերգ: Հանդես եկան Բերձորի արվեստի դպրոցի պարի խմբակի սաները, «Բերձոր» ժողգործիքների համույթը:

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #20 (1242) 23.05.2018 - 29.05.2018, Բանակ և հասարակություն


25/05/2018