ՀՐԵՏԱՆԻՆ ՄԱՐՏՈՒՆԱԿ Է
ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մարտական հրաձգությամբ հրետանու զորավարժություն էր: Մայիսի 18-ին անցկացվեց զորավարժության եզրափակիչ՝ կրակային փուլը: Զորավարժության նպատակը մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում հրետանավորների գործնական և մասնագիտական ունակությունները կատարելագործելն էր, մարտական պատրաստականության և ներդաշնակման աստիճանը բարձրացնելը՝ անհրաժեշտության դեպքում նաև իրական ռազմի դաշտում առաջադրված խնդիրը լիարժեք կատարելու համար:
Ներգրավված անձնակազմը մարտական տագնապի ազդանշան ստանալուց հետո կատարեց ռազմերթ մեծ հեռավորության վրա և կենտրոնացավ նախատեսված շրջանում: Հրամանատարական կազմն իրականացրեց տեղազննում, մարտի, կրակային խոցման պլանավորում:
Սցենարի համաձայն՝ հակառակորդը գրոհում է մեր դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել բնագիծը և ապահովել հիմնական ուժերի հետագա առաջխաղացումը: Հրետանային դիվիզիոնը հուժկու կրակով կասեցնում է ձեռնարկված գրոհը, կանխում է հակառակորդի ներթափանցումը մեր պաշտպանության խորքը:
Զորավարժարանում սահմանված կարգի և ժամանակացույցի համապատասխան բացազատվեցին ուսումնական կետեր: Պայմանական մարտական գործողություններն սկսելուց առաջ ըստ ուսումնական կետերի զեկույցներ ներկայացվեցին մարտի նախապատրաստման և վարման համար անհրաժեշտ միջոցների ու հնարքների մասին: Քննարկվեցին սպառազինության, զինամթերքի, հրաձգության նախապատրաստման, տեխնիկական և թիկունքային ապահովման և բազմաթիվ այլ խնդիրներ: Անձնակազմի հետ անցկացվեցին լրացուցիչ պարապմունքներ անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
…Հրետանավորները վարժադաշտում են: Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հրամանատարական կետում տեղանքի մանրակերտի վրա զորավարժության ղեկավար կազմը ներկայացնում է ստեղծված իրավիճակը, մարտավարական կողմնորոշիչները, սպասվող զարգացումները և որոշման կայացման վերաբերյալ իրենց մոտեցումը: Առաջադրվում են կրակային խնդիրները, որոշվում նշանակետերը: Ուսումնական թիրախները հաշվարկելուց հետո վերջին ու կարևոր շտկումներն են կատարվում կրակային դիրքում:
Սկսվում է զորավարժության մարտական հրաձգության փուլը: Վարժադաշտում պայթյուններն իրար են հաջորդում: Սցենարի համաձայն՝ հրետանային ստորաբաժանումները նախ գործողություններ են վարում պաշտպանությունում, ապա անցնում հակագրոհի՝ կատարելով բազմաթիվ պլանային և արտապլանային առաջադրանքներ:
Թիրախները խոցվում են ժամանակին և դիպուկ: Արձակված արկերը մեկը մյուսի հետևից ոչնչացնում են հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան: Հակագրոհի արդյունքում հայկական ուժերը կարողանում են հետ շպրտել պայմանական հակառակորդին և վերականգնել առաջնային բնագիծը:
Ուսումնական խնդիրները կատարված են: Զորավարժության վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից: Նախնական արդյունքներով հրամանատարները փաստում են՝ հրետանային ստորաբաժանումը մարտունակ է, հրետանային հաշվարկները պատրաստ են կատարելու առաջադրված խնդիրները: Նախապես ծրագրված բոլոր միջոցառումները կատարվել են ամբողջ ծավալով: Իրականացվել են նաև մի շարք օժանդակ գործողություններ, որոնց նպատակը ստորաբաժանումների մարտական կիրառման արդյունավետության բարձրացումն է: Մասնավորապես, որպես ուժեղացման միջոցներ, զորավարժությանը ներգրավվել են անօդաչու թռչող սարքեր և հետախուզության հատուկ նշանակության խմբեր՝ հրետանու կրակի ճշգրտման համար:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Խորագիր՝ #20 (1242) 23.05.2018 - 29.05.2018, Ազգային բանակ