Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՕՊ-Ի ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ



ՀՕՊ-Ի ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸՄայիսի 19-ին ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորամասերից մեկում նշվեց ՀՕՊ զորքերի կազմավորման 26-ամյակը: Հանդիսավոր միտինգի պատվավոր հյուրերից էր ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության առաջին պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը: Այդ օրը զորամաս էին հրավիրվել նաև շուրջ երկու տասնամյակ առաջ՝ Արցախյան պատերազմի օրերին այս զորամասում մարտական հերթապահություն անցկացրած և հաղթանակի գործում իրենց նշանակալի դերակատարումն ունեցած վետերան-հակաօդայինները:

Հանդիսավոր միտինգի ընթացքում ՀՕՊ բարձրաստիճան սպաները վերագնահատեցին ՀՕՊ զորքերի անցած փառահեղ ուղին, կարևոր դրվագներ հիշեցին Արցախյան պատերազմի և վերջին՝ Քառօրյա պետերազմի ընթացքում ՀՕՊ զորքերի փայլուն  մասնակցությունից: Հիշատակեցին բոլոր այն երախտավորներին, որոնք այսօր արդեն մեզ հետ չեն, բայց որոնց ջանքերի գնով այսօր էլ զորատեսակը շարունակում է ՀՕՊ լավագույն ավանդույթները: Ելույթ ունեցողները շնորհավորեցին  ՀՕՊ զորքերի կայացմանն ու առաջընթացին մասնակցած և մասնակցող բոլոր հակաօդայիններին՝ սպայականից մինչև շարքային կազմը, և վստահեցրին, որ իրենց դերը մշտապես գերազանց կատարած ՀՕՊ զորքերը այսուհետ ևս բարձր կպահեն  իրենց համբավը:

Հանդիսավոր միտինգի վերջում պարգևատրվեցին ՀՕՊ զորքերի առավել աչքի ընկած զինծառայողները: Պարգևները նրանց անձամբ հանձնեց  ՀՕՊ զորքերի վարչության առաջին պետ, գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը:

Նրա ապրած կյանքն ու կենսագրությունը այնքան զարմանահրաշ ու այնքան հագեցած է, որ մի ամբողջ գիրք կարելի է գրել այս զինվորականի անցած ուղու մասին: Բավական է ասել, որ վաստակաշատ  գեներալը, որը կանգնած է ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքի կազմավորման ակունքներում, ծառայել է Վրաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Կուբայում, Թուրքմենստանում, Լիբիայում… Քադաֆիի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով:

Ներկայումս ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը Արցախյան պատերազմի ընթացքում  առաջին «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներից մեկի անձնակազմում է եղել: Խնդրում եմ պատերազմական մի քանի հետաքրքիր դրվագներ պատմել: Գնդապետը հիշում է. Արցախ բերված երեք «ՕՍԱ»-ների անձնակազմերի անդամներն էլ բարձրագույնավարտ մաթեմատիկոս-ֆիզիկոսներ էին: Ընդհանրապես, այն ժամանակ Արցախի ՀՕՊ-ում կադրային սպաներ չկային:

ՀՕՊ-Ի ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸՆա հիշում է, թե ինչպես 1993թ. հունվարի 15-ը դարձավ Ադրբեջանի ավիացիայի «սև օրը»: «Արցախի օդային տարածքում միանգամից երկու ինքնաթիռ խոցվեց, որոնցից մեկը՝ «ՕՍԱ»-ով, մեկն էլ՝ «Իգլայով»: «ՕՍԱ»-ով խփել ենք մենք՝ Մարտակերտի շրջանի «Ցեխ-ձոր» կոչված տեղանքում տեղակայված դաշտային հոսպիտալի մերձակայքից:  Մեր «ՕՍԱ»-ն հոսպիտալի «պահապանն էր»: Արցախ Բունիաթյանը, որը բացի հոսպիտալում բժշկի իր գործառույթներից, նաև պատերազմը վավերագրողի դեր էր ստանձնել, մտավ մեր վրանը:  Հանեց նոթատետրը. «Պատմե՛ք ձեր անձնակազմի անդամների մասին. ովքե՞ր եք, որտեղի՞ց»: «ՕՍԱ»-ի մեր անձնակազմի հրամանատարը մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, դոցենտ Նիկոլայ Բաբայանն էր: Որոնման օպերատորը՝  ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Գագիկ Բաղունցը: Հեռավորության օպերատորն էլ ես էի. մինչև պատերազմ մեկնելը ավարտել էի ասպիրանտուրան և դասախոսում էի Ստեփանակերտի համալսարանի մաթեմատիկայի ամբիոնում: Մեր մեխանիկ վարորդը նույնպես բարձրագույն կրթություն ուներ: Արցախ Բունիաթյանը խիստ զարմացավ և հետաքրքիր մի բան ասաց. «Գիտե՞ք, աշխարհում կրթական աստիճանով ամենաբարձր բանակը Իսրայելի բանակն է: Իսկ ձեր հաշվարկը՝ իր կրթական աստիճանով, կարող է Գինեսի գրքում գրանցվել»:

Մեր մյուս մեքենայի անձնակազմի հրամանատարը ֆիզմաթ. դպրոցի տնօրեն էր: Նույն անձնակազմից Սաշա Գասպարյանը եղել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի գլխավոր կոնստրուկտորը…: Ի դեպ, նույնը կարելի է ասել նաև մեր հրետանավորների մասին: Բայց իհարկե կադրային սպաների դերը, նրանց հսկայական փորձը անգնահատելի էր: Ալիկ Սարգսյանը ասում էր. «Ես ձեզ մեծ թվով «ՕՍԱ»-ի հրթիռներ կուղարկեմ: Չխնայե՛ք: Պարապե՛ք: Նշա՛ն բռնեք շարժվող խիտ ամպերի վրա ու կրակե՛ք»: Սա մեր այն ժամանակվա վարժասարքն էր: Այսպես հաղթահարում էինք նաև հոգեբանական արգելքները: Խաղաղ ժամանակ արդեն, երբ  բրիգադի հրամանատար էի,  մեկնեցի Մոսկվա` Գլխավոր շտաբի ակադեմիայում սովորելու: Ռազմարվեստի դասերին պարզվեց, որ մարտավարական այն բոլոր հնարքներն ու մեթոդները, որոնք ներհայեցողաբար ու տրամաբանորեն կիրառում էինք պատերազմում, միանգամայն համընկնում էին գրքերում նկարագրվածին»:

ՀՕՊ-Ի ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸԻսկ ամենահուզումնալից պահը նրա կյանքում առաջին անգամ մարտական հրթիռարձակումն է եղել: «1992թ. սեպտեմբերի երկուսին էր. նույն կազմով էինք՝ Բաբայան Կոլյան, Բաղունց Գագիկը, ես և մեր մեխանիկ վարորդը: Լավ հիշում եմ` երբ մեր մեքենայի վրայով մեր իսկ արձակած հրթիռը թշշալով թռավ, հետ նայեցի՝ տեսա մեքենայի խցիկը լցվող ծուխը, և ինձ թվաց, թե մեքենան հրդեհվեց: Երբ դուրս եկանք, ոտքից գլուխ քրտինքի մեջ էինք: Հիմա արդեն մեզ համար դա շատ սովորական է»:

Հայկազ Գևորգյանը Արցախյան պատերազմի ընթացքում ՀՕՊ զորքերի համար ամենադժվար և պատասխանատու շրջանում  կամավորագրվել է և մասնակցել դրանց  ձևավորման ոչ դյուրին աշխատանքներին: Այժմ պահեստազորի գնդապետը դասախոսում է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի ՀՕՊ ֆակուլտետում: Նա ժամանակին նաև ամբիոնի պետի պաշտոնն է վարել: Հիշում է իր առաջին հանդիպումը (1992 թ.) Ալիկ Սարգսյանի հետ: Երբ վերջինս իմացել է, որ ինքը ժամանակին այս զորամասում ՀՕՊ պատրաստություն է անցել, պահեստազորի սպայի գրքույկը արագ պահել է դարակում և մեկնել է սպիտակ թուղթը. «Գրի՛ր»: Ինքն էլ, թե՝ «Ի՞նչ գրեմ, Ալի՛կ Գեղամիչ»: «Որ պատրաստ ես զորակոչվել հայկական զինված ուժեր»: «Անմիջապես գրեցի դիմումս, ու մինչև օրս չեմ հեռացել ՀՕՊ-ից»:

 

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #20 (1242) 23.05.2018 - 29.05.2018, Ազգային բանակ


25/05/2018