Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆՄայիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Տայվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման հիմնական նպատակը պաշտպանական գերատեսչության իրավասությունների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակի քննարկումն էր:

ՀՀ պաշտպանության նախարարը Եվրամիության հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումների, ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ: Որպես հակամարտության կարգավորման ուղղությամբ արդյունավետ բանակցությունների առաջմղման կարևոր գրավական՝ Դավիթ Տոնոյանը կարևորել է առաջնագծում վստահության ամրապնդման միջոցառումների իրականացումը, հավելելով, որ հայկական կողմը հավատարիմ է այս հարցում իր ցուցաբերած կառուցողական կեցվածքին: Տայվո Կլաարն իր հերթին վերահաստատել է արցախյան հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային եղանակով կարգավորմանը սատարելու հարցում Եվրամիության բազմիցս հնչեցրած դիրքորոշումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև գործակցության ակտիվացման հնարավորությունների վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


30/05/2018