Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾ ՈՒ ԱՊՐԵՑՆՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ…



ՄԵԾ ՈՒ ԱՊՐԵՑՆՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ...Օրերս Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության բակում կանգնեցվեց «Հավերժի մարտիկներ» անունը կրող խաչքար՝ նվիրված Արցախյան պատերազմում քաջաբար զոհված Արթուր Ստեփանյանի,Վաղարշակ Բարխյանի, Կարեն Ղուկասյանի և Վարդան Մակինյանի հիշատակին, որոնք ծնվել, հասակ են առել Բյուրեղավանում, կրթություն ստացել նույն գիշերօթիկ դպրոցում:

Հայրենասիրական երգերի հնչյունների ներքո հավաքվում են միջոցառման ամենակարևոր հյուրերը՝ զոհվածների հարազատներն ու աշակերտները, որոնց աչքերի փայլը, ժպիտն ու ոգևորությունը հուշում են ներկաներին, որ Արցախն ազատագրած հերոսների հոգեզավակներն ու վաղվա հաղթական Հայաստանի կերտողներն են կանգնած նրանց առջև:

Տեր Արսեն քահանա Համբարձումյանը աղոթք է բարձրացնում առ Աստված, ապա կատարում է խաչքարի օրհնության կարգ: Հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Գիշերօթիկի փոքրիկ բնակիչները հայրենասիրական ոգեշունչ բանաստեղծություններ են արտասանում: Հնչում է Գուսան Հայկազունի «Գետաշեն» երգը: Հայրենասիրական երգերի շարան է ներկայացնում Գրիգոր Ղամբարյանը:

Մինչ փառքի ու հիշատակի տոնը շարունակվում է, մինչ դպրոցականները ոգեկոչում են հայրենիք ազատագրած հերոսների սխրանքը, զրուցում եմ ազատամարտիկ Արթուր Ստեփանյանի մոր՝ Շողիկի հետ: Շողիկ տատը կրթօջախի նախկին աշխատակիցներից է: Արթուրը նրա չորս երեխաներից ամենակրտսերն էր: 18 տարին դեռ չբոլորած՝ կամավոր գնաց ռազմաճակատ:

-Դպրոցը նոր էր ավարտել: Ընկերոջ հետ փախել էին Էջմիածին: Այնտեղից էլ` Մարտակերտ: Մի քանի ամիս անց տուն եկավ: Վերջին անգամն էր: Ասում էր՝ մե՛րս, ախր, դու չես պատկերացնում, էնտեղ ինչ է կատարվում: Դու գիտե՞ս, թե քեզ նման քանի մոր տղերք են կռիվ տալիս, զոհվում: Ասում ես՝ մի՛ գնա: Չեմ կարող, պիտի գնամ, պարտավոր եմ:

ՄԵԾ ՈՒ ԱՊՐԵՑՆՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ...Շողիկ տատի աչքերից գլորվում են ցավի ու հպարտության արցունքները: Ասում է, որ խաչքարի մասին իմանալով՝ շատ է ուրախացել: Հպարտ է, որ չեն մոռացել, և շարունակում է հերոս որդու սխրանքի մասին պատմությունը:

-Արթուրս տանկի հրամանատար էր: Հունիսի 1-ին թեժ մարտ է եղել: Տանկից դուրս է եկել, իր հետ կռվող տղաներին ասել է, որ հետ գնան, տանկն էլ հետները տանեն, որ թշնամին չվերցնի, իսկ ինքը մնացել է ու շարունակել կռիվը…

Վարդան Մակինյանի հայրը՝ Սլավիկը, կանգնած է բոլորից մեկուսի: Հայացքը չի կտրում խաչքարից:

-20 տարեկան էր տղաս, սերժանտ էր: Զոհվեց զինվորական ծառայության ժամանակ՝ դիրքում: Թշնամին հանկարծակի հարձակվել էր: Տղաները դիմադրել էին, հակահարված էին տվել եւ կյանքի գնով պաշտպանել էին դիրքը: Հասնող, ճարպիկ տղա էր Վարդանը, բարի, ընկերասեր: Բոլոր երազանքները անկատար մնացին… Մեզ՝ նրա հարազատներին մնում է, որ ապրենք հիշողություններով ու նրա բարի հիշատակին արժանի լինենք: Շնորհակալ եմ, որ այսքան տարի անց հիշել են մեր տղերքին:

16-ամյա Թագուհին էլ Վաղարշակ Բարխյանի քրոջ դուստրն է: Նա այս դպրոցի շրջանավարտներից է, եկել է խոնարհվելու հերոս քեռու հիշատակին: Ճիշտ է` քեռուն չի տեսել, բայց մորից լսածն էլ բավական է՝ քեռի Վաղարշակի հերոսություններով հպարտանալու համար:

-Շատ կարևոր օր է ինձ համար: Հպարտ եմ, որ Վաղարշակ քեռու քրոջ դուստրն եմ: Իմ քեռին և նրա նման շատերը կռվեցին մեր հայրենիքը պաշտպանելու համար: Եվ նրանց շնորհիվ մենք ապրում ենք ազատ ու անկախ Հայաստանում:

Վահե Պողոսյանը դպրոցի ավագ խմբի սաներից է: Հայրենիքի ապագա պաշտպանը ծաղիկներ է խոնարհում խաչքարի մոտ: Հայրենիքի և նրա պաշտպանության մասին իր պատկերացումներն ունի: Պատրաստ է մի քանի տարի անց կանգնելու հայրենքի սահմանին ու զենքով պաշտպանելու այն ամենն, ինչը թանկ է իր համար:

-Եթե չլինեին այս հերոսները, հնարավոր է՝ մենք էլ այստեղ չլինեինք: Եվ մենք պարտավոր ենք շարունակելու նրանց գործը:

…Տխրությունը լուսավոր է, ցավի հետ հպարտություն կար բոլորի հոգում եւ մեծ ու ապրեցնող խորհուրդ. մեր երթը երբեք չի ընդհատվի, քանի դեռ Հայրենիքի ազատության համար քաջաբար զոհվածների սխրանքով սերունդներ են արիանում:

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #21 (1243) 30.05.2018 - 05.06.2018, Հոգևոր-մշակութային


31/05/2018