ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈԻԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Սարդարապատի հաղթանակը ձեռք բերվեց հայկական կանոնավոր զորքի և նրա հետ կողք կողքի մարտնչող աշխարհազորայինների հերոսական ջանքերի շնորհիվ:
Այդ հաղթանակը ոգևորեց Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի մատույցներում կռվող մեր մնացած զորքերին և, վերջին հաշվով, նպաստեց հայոց պետականության վերականգնմանը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆ
♦♦♦
Ժողովո՛ւրդ, քո պատմության բոլոր դարերի անունով երդվեցնում եմ սերունդներիդ՝ չներե՛լ, չներե՛լ թուրքին, անգամ, եթե մի օր նրան տեսնես անկյալի վիճակում: Այո՛, ներում են թշնամուն, բայց ո՛չ իր կեսի սպանիչին, ո՛չ էլ նրան, ով մի օր փորձեց գոյության գրքից քո անունը սրբել:
Գ. ՆԺԴԵՀ
♦♦♦
Ողբերգության պես ու սուրբ հավատի
Զանգերն են հնչում Սարդարապատի,
Ասես մարդկային արցունքները ջինջ
Խտացել այստեղ, դարձել են պղինձ,
Խտացել այստեղ, փոխվել են երգի,
Ժամանակի մեջ ու տիեզերքի…
Է. ՄԵԺԵԼԱՅՏԻՍ
♦♦♦
1918թ. մայիսը, թվում էր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի գոյության վերջին օրերն էին: Ամբողջ Արևմտյան Հայաստանը դատարկելուց, Արևելյան Հայաստանից Կարսը, Սարիղամիշն ու Ալեքսանդրապոլը նվաճելուց հետո թուրքական բանակը վայրենի հոսքով եկել լիճ էր տվել Արարատյան դաշտում: Գրավելով Սարդարապատից ընդամենը 10 կմ հեռավորության վրա գտնվող Արաքս կայարանը՝ Սարդարապատ գյուղի մոտ՝ Երևանի մատույցներում թշնամին ձվադրել էր վտանգի իր բոլոր հնարավոր տարատեսակներով: Այստեղ այլևս նահանջի տեղ չկար. Երևանն էր, Սյունիքը, Արցախը ու… վե՛րջ. կդադարեր հազարամյակներից եկող մեր երկրի երթը: Հատկանշական է, որ հենց այդ ժամանակ գեներալ Սիլիկյանը, այցելելով Էջմիածնի Մայր տաճար, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե-ին առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Կաթողիկոսը պատասխանում է կտրուկ, մերժողական և հույժ արժանապատիվ. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, և հոգ չէ, որ կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»։
…Մեր զորամասերը, սկսած Սարիղամիշից, անցել էին լոկ նահանջի ճանապարհ, հոգնած էին, հյուծված, հուսալքված: Վատ էր զենքի ու զինամթերքի վիճակը: Պետություն չկար, որ օգներ, կազմակերպեր, ելք որոներ: Աննախանձելի դրության մեջ էր հայկական կորպուսի հրամանատար, գեներալ Նազարբեկյանը, որը ենթարկվում էր Կովկասյան ռազմաճակատի շտաբին, և Թիֆլիսի հրամանները նրա համար անառարկելի էին: Եվ ապշում ես, թե նման ծայրահեղ սրված իրավիճակում հայկական կորպուսի հրամանատարությունը ինչպես կարողացավ խմբավորել իր ուժերը ամենախելամիտ կերպով, զինվորների մեջ բորբոքել մարտունակություն, ժամանակին և ճիշտ գնահատելով իրադրությունը և ջախջախելով թուրքական զորքը՝ հետ շպրտել մինչև Ալեքսանդրապոլ: Թուրքական կանոնավոր զորքի դեմ կռվում էին հայկական բանակային կորպուսի կանոնավոր գնդերն ու գումարտակները՝ կորպուսի հրամանատար, գեներալ Նազարբեկյանի, դիվիզիայի հրամանատար, գեներալ Սիլիկյանի, դիվիզիայի հրամանատարի տեղակալ Դանիել Բեկ-Փիրումյանի և շտաբի պետ, փոխգնդապետ Վեքիլյանի ընդհանուր հրամանատարությամբ: Իհարկե, կռվին իր գործուն մասնակցությունն էր բերում նաև ժողովուրդը, որն արդեն բորբոքուն, հրավառ վիճակում էր, արդեն վստահում էր իր ուժին, կենսունակությանը և իր սրտում կոփել էր հաղթանակի հավատը: Ժողովուրդը հասկացավ, որ կա՛մ պետք է հաղթել, կա՛մ մեռնել, երրորդ ճանապարհ չկա: Ու ով ինչպես կարող էր, ինչով կարող էր, եկավ Սարդարապատ:
…1918թ. մայիսի 22-ի վաղ առավոտյան եկեղեցու զանգերի ղողանջների ներքո սկսվեց Սարդարապատի պատմական ճակատամարտը:
Սարդարապատի հերոսամարտը կրում էր համաժողովրդական բնույթ, քանի որ ամբողջ հայությունը, անկախ կուսակցական պատկանելությունից, մասնագիտությունից, քաղաքական համոզմունքներից ու տարիքից, մի մարդու պես բռունցք դարձած կռվում էր թշնամու մեծաքանակ զորքի դեմ, որովհետև յուրաքանչյուր հայ գիտակցում էր, որ ինքը մարտնչում է հանուն հայրենիքի, հանուն կյանքի ու ազգային արժանապատվության, որովհետև ամեն ոք խորապես գիտակցում էր, որ սա կռիվ է հանուն հայ տեսակի գոյատևման, որ մեկ քայլ հետ կնշանակեր անվերադարձ կորուստ, հայի բնաջնջում, ոչնչացում պատմության էջերից:
Սարդարապատում հաղթանակը կերտողների մեջ էր նաև հայկական հրետանու 42-ամյա պետ Քրիստափոր Արարատյանը։ Ռուս-ճապոնական պատերազմից Արարատյանին լավ ճանաչող սպարապետ Թովմաս Նազարբեկյանը նրան վստահեց հրետանու հրամանատարությունը։ Նրա ղեկավարությամբ հայ հրետանավորները տոկունության և արիության հրաշքներ ցույց տվեցին Սարդարապատում։ Թեև թուրքերը հրետանու քանակով գրեթե 3 անգամ գերազանցում էին հայերին և զինված էին ժամանակի նորագույն հրանոթներով, որոնց հաշվարկները սպասարկում էին գերմանացիները, այդուհանդերձ, նրանք չունեին Արարատյանի նման հրամանատար։ Հենց նրա մարտավարության և անձնական մասնակցության շնորհիվ հայ հրետանավորներն ապացուցեցին իրենց գերազանցությունը հակառակորդի հանդեպ։ Հրետանու պետի հրամանով հրանոթների հաշվարկների անձնակազմները տեղից տեղ էին փոխադրվում, մոտեցվում առաջին գծին, հրետանու կրակը տեղափոխում հակառակորդի 2-րդ մարտակարգերը՝ մեծապես աջակցելով գրոհող հետևակին և թշնամու մոտ հրանոթների մեծաքանակության տպավորություն ստեղծելով: Հատկանշական է, որ հարձակման ժամանակ մեր զորքերին անցան հակառակորդի 12 հրանոթները՝ գերմանացի անձնակազմների հետ։ Նրանք անմռունչ կատարում էին Արարատյանի գերմաներենով տված հրամանները և կրակ թափում յուրայինների վրա։
Նույն օրերին, հայոց պատմության այդ ճակատագրական պահին, ամբողջ ժողովուրդը ոտքի ելավ և հերոսական պայքար մղեց նաև Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում: Հայ ժողովրդի աննկուն կամքի և հերոսական դիմադրության շնորհիվ ազգը հաղթանակ տոնեց: Տապալվեց Արևելյան Հայաստանը զավթելու և տեղի հայությանը ոչնչացնելու՝ երիտթուրքերի ծրագիրը: Մայիսյան հերոսամարտը ամբողջ հայ ժողովրդի հավաքական ուժի և ազգային միասնության հաղթանակն էր, որը ճանապարհ հարթեց մեր անկախության վերականգնման և Առաջին Հանրապետության ստեղծման համար:
1918թ. մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի անկախ հանրապետությունը: Հայ ժողովուրդը վերականգնեց 600 տարի առաջ կորցրած իր պետականությունը և կարողացավ ստիպել թշնամուն ճանաչել իր անկախ ապրելու իրավունքը: Այդ օրը մենք աշխարհին ասացինք, որ մենք կանք ու պիտի լինենք, որ մենք ազգ ենք ու պետություն, ունենք շահեր ու նպատակներ, որ վճռականորեն պաշտպանելու ենք մեզ, մեր շահերը և մեր ազգային նպատակները:
1918թ. մայիսյան իրադարձությունները լուրջ պատմական դասեր են մեր ազգի համար: Սարդարապատն իր էությամբ երկրորդ Ավարայրն էր, քանի որ այս ճակատամարտում նույնպես դրված էր համայն ազգը փրկելու, այսինքն՝ լինել-չլինելու խնդիրը: Արամ Մանուկյան, Թովմաս Նազարբեկյան, Մովսես Սիլիկյան, Դանիել Բեկ-Փիրումյան, Պողոս Փիրումյան, Դրաստամատ Կանայան, Անդրանիկ, Նժդեհ, ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյան և շատ ուրիշներ… Նրանք էին, որ կարողացան տնտեսապես փլուզված և քաղաքական պայքարում բզկտված, իր պատմական տարածքի մի չնչին հատվածում օղակված հայությանը ոտքի հանել, հավատ ներշնչել և անողոք կոտորածներից ու եղեռնից հետո, պարտություններից հետո գոնե սեփական մայրաքաղաքի մատույցներում հաղթանակ տանել:
Այս ճակատամարտին մասնակից եղան հայ ժողովրդի հավասարապես բոլոր հատվածները՝ արևելահայեր, արևմտահայեր, արցախցիներ: Բոլոր խավերի ներկայացուցիչները՝ գյուղացիներ, քաղաքացիներ, մտավորականներ, հոգևորականներ:
Մոռացած իրենց քաղաքական հակամարտությունները՝ հավասարապես կռվում էին դաշնակցականն ու հնչակյանը, բոլշևիկն ու մենշևիկը, ռամկավարն ու անկուսակցականը: Այս ճակատամարտի կարևորագույն դասը մեզ համար հենց այս միասնությունն էր: Հիշե՛նք Չարենցի տողերը. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Սարդարապատն էր, որ հայությանը փրկեց վերահաս վերջնական բնաջնջումից և դարձավ նրա վերածնունդի նախաշեմը և նպաստեց հայոց պետականության վերականգմանը: Դա մեծ նվաճում էր դարավոր թշնամու դեմ երկարատև պայքար մղող հայ ժողովրդի համար: Սակայն Առաջին Հանրապետությունը գոյատևեց մինչև 1920թ. դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը բռնի կերպով խորհրդայնացվեց:
1920թ. դեկտեմբերի վերջին ձերբակալվեցին ՀՀ բանակի 1000-ից ավելի սպաներ. այդ թվում՝ Թ. Նազարբեկյանը, Մ. Սիլիկյանը և ուրիշներ, որոնց քշեցին Ալավերդի՝ ճանապարհին ոմանց սպանելով, ծաղր ու ծանակի ենթարկելով: 1921թ. փետրվարին Դիլիջանի տարածքում գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի մեծ թվով հերոսներ, այդ թվում՝ Դանիել Բեկ- Փիրումյանը…
Հարյուրամյա հեռավորությունից հայացք ձգելով մեր պատմության այդ օրերին՝ կարող ենք ասել, որ ո՛չ համիդյան ջարդերը, ոչ երիտթուրքերի եղեռնագործությունները չկարողացան մարել հայերի ազատատենչ ոգին: Թուրքերը չկարողացան հասնել իրենց գերնպատակին. հայ ազգը չկորցրեց իր ստեղծագործ ոգին, շարունակեց իր գոյությունը՝ պահպանելով աննկուն կամքը և կյանքի կոչելով իր ամենանվիրական ձգտումները:
Մայիսյան հերոսամարտերի խորհուրդն այն էր, թե ինչ հրաշագործ ուժ ունի միաբանությունը: Եվ այդ ուժը նաև Արցախյան պատերազմում հաստատագրվեց… Հիմա Սարդարապատը ազգային սրբավայր է դարձել, իսկ 100 տարի առաջ ակնակույր խավարում փայլատակած արև էր, որն աշխարհին ցույց տվեց, թէ ինչի է ընդունակ միասնական հայը:
ՆԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանի
ավագ գիտաշխատող-ֆոնդապահ
Խորագիր՝ #21 (1243) 30.05.2018 - 05.06.2018, Պատմության էջերից