Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ



ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆՈւղիղ 100 տարի առաջ` մայիսի վերջին, թուրքական զորքերի դեմ տարած հայ ժողովրդի փառահեղ հաղթանակով կյանքի կոչվեց հայկական անկախ պետականությունը` Հայաստանի Հանրապետությունը: Հայոց պետականությունը ծնվեց ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններում: Դժվար, չափազանց ծանր ժամանակներ էին` բազմահազար գաղթականներ, սով, համաճարակ, քայքայված տնտեսություն, բայց Հայաստանը կարողացավ տեղ զբաղեցնել աշխարհի մշտապես բզկտվող ու հարափոխ քարտեզի վրա:

Հայաստանի Առաջին Հանրապետությունն իր գոյությունը պահպանեց ընդամենը երկուսուկես տարի, ու չնայած կարճ կյանքին` անգնահատելի է նրա դերը պետականությունը վերագտնելու գործում:

Եվ ահա այս կարճատեւ, բայց հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող ժամանակահատվածի մասին էին պատմում այն բացառիկ փաստաթղթերն ու լուսանկարները, որոնց ցուցադրությունը կազմակերպել էին Հայաստանի ազգային արխիվն ու ՀՅԴ «Կոմիտաս» կոմիտեն Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Պարոնյանի անվան թատրոնի շենքի ընտրությունը բնավ էլ պատահական չէր. այստեղ է ժամանակին տեղակայված եղել ՀՀ առաջին խորհրդարանի շենքը, որի դահլիճում էլ մեկ դար առաջ` մայիսի 28-ին, նորանկախ Հայաստանի խորհրդարանն ընդունել է միացյալ եւ անկախ Հայաստանի հռչակագիրը:

Ցուցադրությունն սկսվում է Արամ Մանուկյանի հայտնի կոչով: Ներկայացված փաստաթղթերն ու լուսանկարները մեկը մեկից բացառիկ էին` Սարդարապատի ճակատամարտի սխեման` զորքերի շարժը, դասավորվածությունը, հարձակումը, պաշտպանությունը, ՀՀ զինվորական օդանավերի լուսանկարներ: Լուսանկարներից մեկում էլ պատկերված էր այն ոսկե գրիչը, որով ստորագրվել էր Սեւրի հաշտեցման պայմանագիրը, Ավետիս Ահարոնյանի անվան սկզբնատառերով կնիք:

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆՀայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն իր խոսքում եւս մեկ անգամ կարեւորելով մայիսյան հաղթական հերոսապատումը` նշեց. «Հայ ժողովուրդը ոտքի կանգնեց եւ կարողացավ դիմադրել թշնամուն: Այս հաղթանակի շնորհիվ մենք անկախություն ստացանք: Ճիշտ է, այս անկախ հանրապետությունը շատ փոքր էր, ինչպես հետագայում հիշում էր Հովհաննես Քաջազնունին, բայց հնարավորություն ստացանք նոր կյանք կառուցելու` անկախ եւ ինքնուրույն: Նույնիսկ դիվանագետներից մեկը Հայաստանի տարածքի վերաբերյալ ասել էր` գերեզմանի համար մեծ է, ապրելու համար` փոքր: Բայց մենք կարողացանք երկուսուկես տարվա ընթացքում ընդլայնել այդ տարածքները: Չլիներ Հայաստանի Առաջին Հանրապետությունը, չէր լինի մեր այսօրվա Հայաստանը»: «Ու չնայած 1918թ. ձեռք բերված անկախության կարճ կյանքին, այն հանդիսացավ անկախ պետականության գաղափարի եւ պետական մտածելակերպի աղբյուր»,- հավելեց «Կոմիտաս» կոմիտեի ներկայացուցիչ Դրո Բազիկյանը:

Գերեզմանի համար մեծ, բայց ապրելու համար փոքր այս տարածքում, սակայն, հայ ժողովուրդը ոչ միայն ապրեց, արարեց, այլեւ ստեղծեց ու ստեղծագործեց: Կարճ, ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցած հանրապետության տնտեսության, մշակույթի, կրթության (գրեթե բոլոր վայրերում դպրոցներ բացվեցին, բացվեց համալսարան) նվաճումների, բանակի, այլ պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների (ՀՀ միջազգային ճանաչում էր ձեռք բերել) մասին են պատմում ու վկայում ցուցադրված հազվագյուտ փաստաթղթերի ու լուսանկարների 30 ցուցավահանակները, ու ժամանակը վավերագրող այս պատմական փաստաթղթերի չոր թվերն ու փաստերը ավելի քան խոսուն են:

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված այս ցուցահանդեսը կցուցադրվի հանրապետության տարբեր քաղաքներում եւ գյուղերում եւ կգործի մինչեւ տարվա վերջ:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Լուս.` հեղինակի

Խորագիր՝ #21 (1243) 30.05.2018 - 05.06.2018, Հոգևոր-մշակութային


31/05/2018