ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԲԱՐՁՈՒՆՔ. ՆՈՐ ՇՐՋԱՓՈՒԼ
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում մայիսի 25-ին հնչեց վերջին զանգը: 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների համար կազմակերպվեց հանդիսավոր արարողություն, որին ներկա էին նաև նրանց ծնողներն ու հարազատները:
Արդեն մեկ տարի է՝ ռազմամարզական վարժարանը գործում է Դիլիջանի նոր համալիրում։ Այստեղ ստեղծված են միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ու կացարանային պայմաններ։ Սաների կրթությունը, դաստիարակությունը, ռազմամարզական պատրաստությունը կազմակերպվում և իրականացվում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող մանկավարժների, զինվորական դաստիարակների և մարզիչների ուժերով: Եվ ահա, նոր համալիրում առաջին անգամ հնչեց վերջին զանգը:
Հանդիսավոր քայլերթի ու ծափողջույնների ներքո շարահրապարակ են մտնում շրջանավարտները: Հնչում են շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ, շատերն են ուզում իրենց սրտի խոսքն ասել: Բոլորի համար հուզումնալից և հիշարժան օր է: Վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Մանուչարյանն է դիմում իր արդեն նախկին սաներին:
-Դուք մտնում եք նոր կյանք, որ նոր խոսք ասեք, նոր եռանդ հաղորդեք, ձեր գունագեղ երազներից ծնված նպատակներն իրագործեք: Բարի երթ ձեզ:
Մյուս սաները ակնածանքով են նայում իրենց ավագ ընկերներին, ովքեր արդեն հպարտություն ունեն կոչվելու Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի շրջանավարտներ: Առաջին հերթին նրանց էր ուղղված շրջանավարտ Արթուր Մազմանյանի խոսքը.
-Այսօր սկիզբն է մեր նոր կենսագրության: Սկսվում է մի նոր շրջափուլ, որով շարունակելու ենք կերտել Մոնթեի երազած Հայաստանը:
Չափազանց հուզիչ ու խորհրդանշական էր Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի ելույթը.
«Միշտ հիշեք, որ վարժարանը տուն էր ձեզ համար, տուն, որի առանցքը մոնթեականի նկարագիրն է, խոսքն է և իր կատարած գործն է: Այս տունը կարող է և պետք է շարունակականություն ունենա մեր երկրի կյանքում: Չորս առաքինություն ձեր մեջ պահեք՝ բանիմացություն, խստապահանջություն, անձնական օրինակ և սեր: Դրանց վրա հենվելով միայն ամուր կկանգնեք ձեր դիրքում ու կհաջողեք ձեր գործում: Նաև հիշեք. հայի համար երեք սրբություն կա՝ Հայրենիք, Ընտանիք և Աստված: Գարեգին Նժդեհն ասել է՝ հայը երկու թշնամի ունի՝ ժամանակը, որ ամեն ինչ քանդում, ավերում է, և հայրենասիրության պակասը, ինչից անընդհատ տուժել ենք: Հայրենասեր լինելը միայն գոռալով չէ, այլ լռելյայն, առանց նկատվելու ապրելով այդ հայրենիքով, պատրաստ լինելով զոհաբերվելու հանուն այդ հայրենիքի: Երբեք չմոռանաք, որ մեր հայրենիքը նվիրյալների կարիք ունի՝ ամեն մեկս իր տեղում: Երբեք չվախենաք դառնալ այն սյունը, որի վրա կհենվի մեր ժողովուրդը, հայրենիքը: Աստված բոլորիս պահապան»:
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ Գեղամ Սարգսյանը կարևորեց վարժարանի վերջին շրջանի ձեռքբերումներն ամրապնդելու և զարգացման ուղին շարունակելու անհրաժեշտությունը: Դիմելով սաներին՝ նա ասաց.
-Անցած տարի սեպտեմբերի 1-ին մենք հավաքվեցինք այստեղ և պայմանավորվեցինք, որ հավատարիմ ենք մնալու մեր կարգախոսին՝ «Ճանապարհ դեպի բարձունք», մեր տեսլականին, որ սա դարբնոց է դառնալու հայոց բանակի ապագա բանիմաց, գրագետ, հայրենասեր սպաների համար: Այդ օրից սկսած՝ մենք քայլ առ քայլ շարժվել ենք դեպի մեր տեսլականի իրագործումը: Ունեցել ենք բազմաթիվ հաջողություններ, նաև բացթողումներ: Աշխատել ենք: Կարծում եմ՝ բավարար չէ արվածը, և հաջորդ տարի մեր սաները, նաև նոր ընդունվածները նույնպես կաշխատեն ամեն ինչ անել, որ քայլ առ քայլ մոտենանք մեր երազած վարժարանին, և այն կդառնա Հայաստանի լավագույն ուսումնական հաստատություններից մեկը:
Գեղամ Սարգսյանը շրջանավարտներին հանձնեց վարժարանն ավարտելու խորհրդանշական պատվո կրծքանշաններ: Իսկ սպաներից երկուսին՝ դասակի հրամանատարներ, կապիտաններ Սեյրան Պետրոսյանին և Գագիկ Մինասյանին երկարամյա անբասիր ծառայության համար մեդալներ փոխանցեց պաշտպանության նախարարի անունից:
Պատանիները ձիգ ու համաչափ շարային քայլքով անցան հրապարակով: Այս տարի ռազմամարզական վարժարանն ավարտեց 36 պատանի, որոնցից 34-ը ցանկություն են հայտնել շարունակելու կրթությունը բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում: Հավաքվածները մեծ հույսով և ակնկալիքներով մեծ կյանք ճանապարհեցին տղաներին: Նրանք վստահ են, որ վարժարանի յուրաքանչյուր շրջանավարտ պատվախնդրությամբ կշարունակի իր կյանքի ընթացքը՝ հետագա ծառայության ընթացքում, թե քաղաքացիական կյանքում կնվիրվի մեր հայրենիքի շենացմանն ու հզորացմանը: Նաև նրանք են լինելու մեր երկրի արժանապատիվ, հայրենասեր քաղաքացիները: Եվ բոլորիս ցանկությունն է, որ նրանք ապրեն և արարեն խաղաղ պայմաններում:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ