Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՆՋԱԽԱՂԻ ՀԱՅ ՀԱՆՃԱՐԸ



ՄՆՋԱԽԱՂԻ ՀԱՅ ՀԱՆՃԱՐԸՆրանց, ում սիրում են, միշտ արտասովոր են:

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

♦♦♦

Ենգիբարյանը մնջախաղի հանճար է եւ «շարժման մեծ պոետ»:

ՄԱՐՍԵԼ ՄԱՐՍՈ

♦♦♦

Նա  տաղանդավոր արտիստ է և իմ ընկերը:

ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ

♦♦♦

Նա ծաղրածու էր՝ «աշունը սրտում»: Ենգիբարյանը ԽՍՀՄ-ում միակ քնարերգու, ինտելեկտուալ, ռոմանտիկ եւ փիլիսոփա ծաղրածուն էր:

ՉԵԽԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ

♦♦♦

Լեոնիդ Ենգիբարյանը իր գլխավոր խնդիրը մարդկանց ծիծաղեցնելը չէր համարում: Նրա համար ավելի կարեւոր էր մարդկանց մտածել ստիպելը: Շատերը նման մոտեցումը չէին ընդունում, Նիկուլինը սկզբում նրան քննադատում էր, իսկ ավելի ուշ ճանաչեց նրա տաղանդի եզակիությունը: 29 տարեկանում նա դարձավ Եվրոպայի լավագույն ծաղրածուն, իսկ 37-ում անժամանակ մահացավ սրտի կաթվածից:

Ենգիբարյանը կործանեց ծաղրածուների մասին ավանդական պատկերացումները. նա ելույթ էր ունենում առանց վառ գրիմի, կարմիր քթի եւ շեկ կեղծամների: Ելույթի ժամանակ նա ոչ մի բառ չէր արտաբերում, սակայն լռությունը ցանկացած բառից ավելի խոսուն էր: Սկզբում նրա ռեպրիզները աղմկոտ հաջողություն չունեին. հանդիսատեսը կրկես էր գալիս զվարճանալու եւ ծիծաղելու, եւ քչերն էին ի վիճակի գնահատելու քնարերգական սուր բեմադրությունները: Փիլիսոփա ծաղրածուն հանդիսատեսին հիասթափեցնում էր:

Ենգիբարյանը միջազգային ճանաչման արժանացավ բավականին վաղ տարիքում՝ ընդամենը 29 տարեկանում նա դարձավ Եվրոպայի լավագույն ծաղրածուն, երբ Պրահայում Ծաղրածուների միջազգային մրցույթում ստացավ առաջին մրցանակը՝ Է. Բասի գավաթը: Դրանից հետո նա հաջողություն ունեցավ նաեւ հայրենիքում. Ենգիբարյանը ելույթ էր ունենում ոչ միայն կրկեսում, այլ նաեւ էստրադայում՝ «Մնջախաղի երեկոներով», նկարահանվում էր կինոյում, հյուրախաղերի մեկնում:

♦♦♦

«Ենգիբարյանը Վիսոցկու ամենասիրելի արտիստներից մեկն է:

Նա երիտասարդ է, նրա մեջ ամեն ինչ հիասքանչ է: Նա իր տեսակի մեջ նույնպես բանաստեղծ է, նա հանդիսատեսին՝ թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին, ստիպում է ծիծաղել եւ արտասվել: Այս կախարդը առաջնության դափնին խլեց ծերացող Օլեգ Պոպովից եւ մյուս ավանդական գորգային ծաղրածուներից: Նա մինորային տոների մեջ է աշխատում: Կրեմով ոչ մի տորթ դեմքին, կարմիր քթեր, շերտավոր անդրավարտիքներ, ահռելի կոշիկներ: Ափսեները կոտրելով՝ նա հանդիսատեսին խելահեղ ծիծաղից հասցնում է լիակատար լռության, իսկ հետո զարմանում ես, որ կոկորդին փղձուկ է գնդվել, եւ ահա՝ մարդիկ արդեն թաշկինակն են հանում, որպեսզի ծածուկ արցունքները սրբեն»,- հիշում է ՄԱՐԻՆԱ ՎԼԱԴԻՆ:

Ըստ նրա՝ Վիսոցկին ծանր է տարել Ենգիբարյանի կորուստը: «Մի օր քեզ զանգահարեցին, եւ ես տեսա՝ ինչպես դեմքդ սեւացավ: Դու դրեցիր լսափողը եւ սկսեցիր հեկեկալ ինչպես երեխան: Ես գրկեցի քեզ, դու բղավեցիր. «Ենգիբարյանը մահացել է: Այսօր առավոտյան Գորկու փողոցում նա վատ է զգացել, եւ ոչ մեկը չի օգնել՝ մտածելով, թե հարբած է»:

Իսկ ութ տարի անց նույն օրը՝ հուլիսի 25-ին մահացավ նաեւ ինքը՝ Վիսոցկին:

♦♦♦

ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ

Ես ապրում եմ հարմարավետ Արարատյան դաշտավայրում: Այս հարթավայրն ասես գավաթ լինի, որի եզրերը լեռներն են: Ես ապրում եմ հողի ափերի մեջ: Ես ապրում եմ ԱԲՈՎՅԱՆԻ վիրավոր ափերի մեջ:

♦♦♦

Մի անգամ Երեւանում, երբ լեռներից աշունն իջավ, եւ քաղաքի փողոցները դարձան շագանակա-ոսկեգույն, եկավ ծաղրածուն: Չգիտեմ՝ գուցե նա սիրահարվեց երկարաոտ եւ թուխ աղջկան, իսկ գուցե սա հեքիաթ է… Բայց ճշմարտություն է, որ նա հեռացավ աշնանային անձրեւով լի աչքերով:

 

♦♦♦

Մահվանից առաջ նրան հաջողվեց իրականացնել երազանքը՝ ստեղծել մնջախաղի էստրադային թատրոն: Հավանաբար, Ենգիբարյանը էլի շատ նորարական նախագծեր կիրականացներ, սակայն նա չկարողացավ հատել ստեղծագործող շատ մարդկանց համար ճակատագրական դարձած՝ 37 տարեկանի սահմանագիծը: Հանրահայտ ծաղրածուն մահացել է սրտի կաթվածից:

 

Պատրաստեց՝ Ս. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Խորագիր՝ #22 (1244) 06.06.2018 - 12.06.2018, Հոգևոր-մշակութային


07/06/2018