ՆԱՏՕ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ
ՆԱՏՕ-ն Հնդկաստանին առաջարկել է համագործակցել հակահրթիռային պաշտպանության ոլորտում, նաև տեղեկատվություն փոխանակել ՀՀՊ միջոցների ստեղծման վերաբերյալ:
Դաշինքի ներկայացուցիչները նշել են, որ համագործակցությունը կնպաստի երկու երկրների անվտանգության ապահովմանը, բացի այդ, Հնդկաստանը ռազմական տեխնոլոգիաներ կստանա:
Հնդկաստանը երկրորդ երկիրն է, որին ՆԱՏՕ-ն առաջարկել է համագործակցել ՀՀՊ ոլորտում: 2010թ. նման առաջարկ արվել է Ռուսաստանին, սակայն մինչ այժմ որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Ռուսաստանի կարծիքով, պետք է ստեղծվի ՆԱՏՕ-ի հետ միացյալ ՀՀՊ համակարգ, իսկ դաշինքի ներկայացուցիչները պնդում են տեղեկատվություն փոխանակող երկու անկախ համակարգերի անհրաժեշտությունը:
2008թ. հունվարին, երբ Հնդկաստանը նոր էր սկսում սեփական ՀՀՊ համակարգի մշակումը, ամերիկյան Lockheed Martin ընկերությունը առաջարկեց իր օգնությունն ու տեխնոլոգիաները: Սակայն հնդկական կողմը հրաժարվեց օգնությունից` հայտարարելով, որ կարող է իրականացնել պաշտպանական համակարգերի մշակումը առանց կողմնակի օգնության:
Այդուհանդերձ, 2009թ. մարտին Իսրայելի հետ կնքած պայմանագրի համաձայն` հնդկական ՀՀՊ սպառազինության ծովային և ցամաքային բաղադրիչների արտադրությունը մասամբ վստահվեց իսրայելական ընկերությանը: Գործարքի արժեքը կազմեց 1,4 միլիարդ դոլար:
Ներկայումս Հնդկաստանի սպառազինության մեջ ընդգրկված են փոքր և միջին հեռահարության հրթիռներ որսացող հակահրթիռային համալիրներ: 2016թ. նախատեսվում է ավարտել մինչև 5000 կմ հեռավորության վրա թիրախներ խոցելու ունակ հակաբալիստիկ հրթիռի մշակումը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական