Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ»



«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ»Հարյուր տարի առաջ հայ ժողովուրդը կենսական նշանակություն ունեցող պատմական հաղթանակ տարավ Սարդարապատում: Հաղթանակ, որը Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերի հետ համատեղ վճռեց ոչ միայն հայ, այլև կովկասյան ժողովուրդներից շատերի ու հատկապես մեր հարևանների ճակատագիրը: Հերոսամարտին և այդ օրերի պատմաքաղաքական կարևոր իրադարձություններին է նվիրված Երվանդ Պետրոսյանի «Սարդարապատ» պոեմ-հերոսապատումը: Այն անաչառ գեղարվեստական վերլուծական է, առանց վերամբարձ պաթոսի, բայց հուզական լիցքով ու բանաստեղծական ընդհանրացումներով: Պոեմի ամեն տողը շնչում է հեղինակի ցավով ու ցասումով, նա «ապրում ու մաքառում է» հայրենիքի փրկությունն ու նրա հաղթական ապագան կերտող հայրենասերներից յուրաքանչյուրի հետ: Ցավոք, հեղինակը չհասցրեց տպագրված տեսնել իր «Սարդարապատ» պոեմը, բայց այն այսօր ընթերցողի սեղանին է` իր առինքնող անկեղծությամբ, հայրենասիրական հորդորով…

Պոեմում տեղ գտած պատմական իրադարձությունները, անձինք եւ նրանց սխրանքը յուրովի են մատուցվում ընթերցողին: Վստահ ենք, որ կարդալով գիրքը, շատերը կիմանան, կբացահայտեն նաև կարևոր պատմական իրողություններ: Եվ տա Աստված, որ մեր իրականության մեջ ևս լինեն, արժանիորեն գնահատվեն Արամները, Փիրումյանները, Սիլիկյաններն ու հայրենիքին անմնացորդ մեր նորօրյա նվիրյալ ամենքը...

 

 

«ՍԱՐԴԱՐԱՊԱՏ»

(հատված պոեմից)

 

Անկախ իր բնույթից`

Ով անցել է մեզ պես երկար ու ձիգ ճամփա,

Խուսափել չէր կարող կռիվներից:

 

Այդպես` եւ մենք:

Սակայն, երբեք կռիվներով մենք չենք հրապուրվել,

Դա ապրելու միջոց չենք դարձրել

Եվ մեր անցած ճամփան չենք գնահատել

նույն այդ կռիվներով`

թեկուզեւ հաղթական:

 

Պատմությունը վկա` մենք առավել

Ա՛յն պահերն ենք, իրավ, մերն համարել,

Երբ ապրել ենք խաղաղ.

Տաճարներ ենք կերտել,

Մատյաններ ենք թերթել,

Սերմանել ենք հունդեր,

Որոնց բերքը, ավա՜ղ,

Անբանները հաճախ քոռ ու փուչ են արել:

 

Այսպես` դա՜ր ու դարեր…

Մինչեւ օրերը մեր:

Բայց չե՛նք փոխել բնավ բնույթը մեր:

 

 

Դառը փորձով քիչ-քիչ համոզվել ենք, սակայն,

Որ մենք` կերտելու հետ եւ հունդ սերմանելու,

Պարտավոր ենք լինել պաշտպանները մեր տան:

 

Պարտավոր ենք, եթե մինչեւ անգամ

Դրված լինի հարցը մեր կյանքի ու մահվան:

Եվ, մանավանդ` այդժամ…

 

Քանզի մենք, որքան էլ մեր մի մասով

Ճարահատյալ դարձած թափառական`

Հրեաներ չենք դառնա…

Տունը մեր կորցնելով` կանհետանանք:

 

Իսկ որ բեկորները մեր ազգության

Հեռու-հեռուներում ապրում են, կան,

Դա էլ` շնորհիվ փոքրիկ այս ԵՐԿԻՐ-ՏԱՆ

Եվ այս տանն անթեղված ստեղծարար ՈԳՈՒ,

Որով մեզ շատ վաղուց չեն շփոթում…

 

Եղել է մեր կռիվը հանուն այս սրբությանց:

Հազար տեսակ կռիվ` հազար կողմից հորդած:

Երբեմն` անցողիկ, առանց դրոշմ,

Երբեմն` խոր հետքով ու բախտորոշ:

 

Ու դրանց մեջ, ինչպես ամեն ազգի համար,

Առանձնանում են մեկ կամ երկու գագաթ:

Ամեն շրթունք մեզ մոտ, ակնածանքով,

Կշշնջա`

ԱՎԱՐԱՅՐ ու ՍԱՐԴԱՐԱՊԱՏ:

 

Մենք չենք ուզում նրանց թիվը աճի…

Սակայն, անկախ մեզնից,

Եթե նորից մեկի խելքին փչի`

Մեզ մեր տնից հանել

Կամ` մեր տանը գերի մեզ դարձնել,

Մենք այդ գագաթներից դասեր առած`

Կրակ ու բոց դառած`

Է՛լ ավելի պիտի միասնանանք

Եվ, ԱՐՑԱԽՈՒՄ ինչպես,

Հաղթե՛նք

Եվ մեր հաղթանակի ՏԵ՛ՐԸ մնանք:

 

Հ.Գ.

Իսկ խլված հո՞ղը մեր…

Մեր պապերի փլված տնե՞րն անտեր…

Իսկ… իսկ… իսկ… ո՞ր մեկն հիմա թվել.

Ամեն քար ու թփի մենք կապված ենք թել-թել:

 

Լռե՛նք, ձեւացնենք, թե ողջն անցյա՞լ է արդեն,

Թե՞ ոչ մեկի վրա մեղք չենք ուզում բարդել:

Եվ խլողը ի՛նքն էլ ստին այդ հավատա

Ու իր ալլահ-աստծուն դառնա փա՞ռք տա,

Որ ամեն ինչ կյանքում կարելի է մարսել,

Նույնիսկ` սա, որ եկել, կոկորդին է հասել…

 

Լռենք ու ձեւանանք լավ հարեւան,

Որ այսքանից հետո դո՞ւր գանք նրան:

Չնեղացնենք հանկարծ, «ա՜խ» չքաշենք հաճախ,

Որ չկոչվենք անհաշտ ու հիշաչա՞ր:

 

Բայց թե չասենք մենք էլ, ինքը հո լա՛վ գիտի,

Որ ինչ ու ինչ, սակայն, չէ՛, հա՛յը չի՛ ստի.

Ինչ որ կա իր հոգում` նույնն է աչքերի մեջ,

Իսկ աչքերում` վրե՛ժ… հարցե՜ր… կռիվ ու վե՜ճ…

Չենք առարկում` գիտի: Ավելացնենք, սակայն,

Մենք չենք խնդրում, որ նա մեղքն ընդունի միայն:

Ընդունի ու` էլ վերջ. իբր մեղքը քավեց,

Իբր` իր խլածն է մեզ մեկ առ մեկ տվել…

 

Բայց իրենից ոչ վատ մենք էլ իրե՛ն գիտենք…

Այն սեւ օրերի պես նրան առիթ է պետք,

Որ ինչ կիսատ թողեց` նոր առիթով անի.

Փակված ջինը նորից գլուխը դուրս հանի,

Ճամփա բանա դեպի արմատները` Թուրան,

Ճամփին ինչ կա` հարթի, դարձնի դաշտ ու դուրան…

 

Չէ՛, զգացում ունի, իրոք, նա կորստի,

Դրա համար էլ հենց, հավանաբար, գիտի,

Որ կարոտը մեզ էլ տանջում է ու տանջում,

Ու մենք` իրենից շատ, մեր «Էրգիրն» ենք տենչում:

 

Այսպես` մենք կողք կողքի, երազներով տարբեր,

Չփոխելով վարքն ու հայտնի բնույթը մեր,

Ապրում ենք ու կապրենք` հարեւաններ որպես…

Աստված թող ե՛լք ցույց տա, շնո՜րհ` նրանց ու մեզ:

Խորագիր՝ #22 (1244) 06.06.2018 - 12.06.2018, Հոգևոր-մշակութային


07/06/2018