Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅՈՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ



ՄԱՅՈՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ-Պարոն մայոր, կընտրեի՞ք զինվորականի մասնագիտությունը, եթե ամեն ինչ նորից սկսեիք:

Գումարտակի շտաբի պետը՝ մայոր Արման Կոստանյանը, ինձ է նայում զարմացած, աչքերը կկոցում է՝ կարծես լսածը մտքում տնտղելով:

-Ինչո՞ւ եք հարցնում:

Մի պահ թվում է՝ շփոթվել է, բայց միայն մի պահ, հետո դեմքը նույն անվրդով արտահայտությունն է ստանում:

-Հենց այնպես,-պատասխանում եմ եւ իսկույն փոխում թեման:

Մենք պաշտպանության բանակի լավագույն գումարտակի հրամանատարական կետում ենք, պատրաստվում ենք դիրք բարձրանալ: Մայոր Կոստանյանը հեռախոսով անընդհատ կարճ կարգադրություններ է անում. «Ժամը երկուսին զեկուցել կատարման մասին, հարցեր կա՞ն»: Նա ուղնուծուծով զինվորական է. ձայնի մեջ հրամանատարի անթաքույց շեշտեր կան, ինքնավստահ է, կասեի՝ նույնիսկ չափազանց…  Իսկ տեսքը հիշեցնում է լեռնային բարձր սարեր: Եվ, բնականաբար, ես հարցս պարապ հետաքրքրասիրությունից չէ, որ տվեցի. դժվար է նրան մեկ այլ տեղ, մեկ այլ գործում պատկերացնել:

-Երբ հայրս՝ Վարդգեսը, ճակատից տուն էր գալիս ֆիդայու համազգեստով, սրտիս մեջ ինչ-որ բան հաճելիորեն խլրտում էր, աչքերս երջանկությունից շաղվում էին,- երկար լռությունից հետո անսպասելի սկսում է մայորը:-Ձեռքը գլխիս էր դնում, եւ նրա ամուր ձեռքից ինչ-որ գերբնական զորություն էր փոխանցվում ինձ: Փոքր էի: Անհամբեր սպասում էի, թե ինչ է պատմելու կռվի մասին: Իսկ նա իր թավ, համոզող ձայնով ասում էր. «Աղդամը ազատագրեցինք»: Ոչ մի մանրամասնություն. այդքանը: Նա պատերազմը թողնում էր մարտադաշտում, ինչպես փոշոտ կոշիկներն են թողնում դռան ետեւում: Այնուամենայնիվ, ես պատերազմը տեսնում էի նրա անքնությունից ուռած աչքերում, մազակալած, հոգնած ու փոշոտ դեմքին: Գիշերը գլուխս բարձի տակ էի մտցնում ու պատկերացնում, թե ինչպես է հայրս կռվում, ինչպես է մի քանի թշնամու միանգամից տապալում, վայր ընկնում, վեր կենում, կրակում, կրակում, կրակում… Եվ որքան կարողանում՝ ձգում-երկարացնում էի այդ մարտը:

Հայրս ինձ հայրենիքը սիրելու դասեր չի տվել, չի համոզել, որ զինվորագրվեմ: Ես պարզապես հպարտանում էին նրանով եւ շատ էի ուզում նմանվել: Նույնիսկ այն ժամանակ, երբ նա վիրավորվեց, հաշմանդամ դարձավ, սիրտս չկոտրվեց: Որովհետեւ ես համոզվեցի՝ անգամ արկը չի կարող հաղթել հորս. իսկական զինվորը երբեք չի պարտվում:

Ես գլխով եմ անում:

-Թեեւ ընտանիքի միակ արու զավակն եմ, բայց ոչ ոք չհակաճառեց, երբ որոշեցի ընդունվել «Տիգրան Մեծ» ռազմամարզական վարժարան,-անշտապ պատմում է մայորը,-ասես մի մեծ քայլով մոտեցա երազանքիս: Շարահրապարակ, արգելագոտի, համազգեստով տղաներ ու սպաներ՝ բոլորովին նոր աշխարհում էի, որն ամբողջությամբ կլանեց ինձ: Ինքնամոռաց կոփվում էի, մեծ եռանդով մարզում մկաններս: Պարան էի խաղում, վազում էի, ձգվում: Համառ պարապմունքները, կաշվե կոշիկների ճռճռոցը, ամրացած ձեռքերս անսահման հրճվանք էին պատճառում ինձ: Հասկանում էի՝ մեծանում եմ: Ոչինչ հենց այնպես չի տրվում. այս ճշմարտությանը հանգեցի «Տիգրան Մեծում»: Վարժարանը կրթեց, հղկեց իմ պատանեկան հոգին: Հետո իմ առաջ բացվեց բարձրագույն ռազմական կրթություն ստանալու ճանապարհը: Ես չէի կարող այդ հնարավորությունը ձեռքիցս բաց թողնել: Ընդունվեցի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Այստեղ էլ օրնիբուն պարապում էի, սովորում, կարդում:

Զինվորական էր, բայց մի բան, կարեւոր մի բան չէր հերիքում: Ընդհատեց ծառայությունը քաղաքային զորամասում ու առաջնագիծ եկավ: Երեւի ուզում էր ինքն իրեն նոր՝ ավելի բարդ պայմաններում ստուգել: Գումարտակի շտաբի պետ նշանակվեց:

-Կհիշե՞ք մարտական հերթապահության առաջին օրը:

-Ապրիլի 2-ն էր. հակառակորդը հարձակվեց: Պատերազմն սկսվեց անսպասելի. ինչպե՞ս պարզ երկնքում հանկարծ կճայթի կայծակը: Արկերը պայթում էին, հողը ցնցվում էր՝ ոնց որ բռնցքամարտիկի զարկերակը մենամարտի ժամանակ: Շփոթված էի: Առաջին անգամ պիտի մարտ ղեկավարեի: Ասես կավե քաոսային զանգված էին դրել դիմացս, որին պետք է ձեւ տայի: Գումարտակի հրամանատարական կետից կարգադրում էինք՝ կրակային բոլոր միջոցներով: Գնդացիրներից կարկուտ էր մաղում: Բնագիծը ճարճատյունի մեջ էր: Հետո՞… ի՞նչ կլինի հետո… Հակառակորդի տանկերը դանդաղ դուրս սողացին բլրի հետեւից: Երեսուն տանկ պարանի նման ձգվեց մեր գծի երկայնքով: Թվում էր՝ մետաղե հսկաները հիմա կճխլեն ամեն բան: Չհասցրի աչքս թարթել, երբ հանկարծ մեր զինվորը խոցեց թշնամական ուղղաթիռը: Հրամանատարական կետից տեսանք՝ այն անզոր պտտվեց, քթի վրա կախվեց օդում, ապա, ինչպես մի մեծ ածխացած բեկոր, ընկավ ցած: Քիչ անց տանկերը քաշվեցին ելման դիրքեր, ինչը նշանակում էր՝ հանձնվում են: Թշնամու հարձակումը խափանված էր. սա գումարտակի հաղթանակն էր եւ իմ «մարտական մկրտությունը»:

…Պատերազմի ժամանակ աշխարհը դառնում է խրամատ, եւ դու պիտի սթափ ու ձիգ մնաս, պիտի վանես պարտվելու վախը:

…Պատերազմից հետո ես հորս հայացքով եմ նայում մարդկանց ու կյանքին:

Քիչ այն կողմ կրակոցի երեք ձայն է լսվում եւ, թողնելով երկար ու ձիգ մի արձագանք, կամաց-կամաց անհետանում ինչ-որ տեղ: Մայոր Կոստանյանը լռում է ու որոշ ժամանակ ակնդետ նայում իր առջև դրված մուգ կարմիր «տապիկին»: Հետո մտախոհ հայացքը բարձրացնում է ու շարունակում:

-Գիշերն առաջնագծում շատ երկար է տեւում: Ամուր նստում է սահմանին ու ամեն բան ենթարկում իրեն: Տղաները զենքերը  ձեռքներին կանգնած սպասում են, սպասում ու սպասում… Խավարում միշտ վտանգ կա: Լույսը բացվում է «տապիկի» զանգով. վաշտերի հրամանատարները զեկուցում են իրենց բնագծերից: Եվ միայն այդ ժամանակ եմ  հանգիստ շունչ քաշում:

Մեզ լարված հատված է վստահված. այստեղ ամեն վայրկյան ինչ ասես կարող է պատահել: Երբ գումարտակը տասնչորսօրյա հերթապահությունից հետո ամբողջ կազմով իջնում է դիրքերից, սիրտս լցվում է, մտածում եմ՝ ուրիշ էլ ինչ ուրախություն կա էս երկնքի տակ:

Եվ  ինչ լավ է, որ ես այստեղ եմ…

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #22 (1244) 06.06.2018 - 12.06.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/06/2018