ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ
Հունիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ Կիզիլ քաղաքում մասնակցել է ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:
Նիստի ընթացքում քննարկվել է օրակարգի շուրջ 24 հարց, այդ թվում` ԱՊՀ մասնակից պետությունների մինչև 2020թ. ռազմական համագործակցության զարգացման, ՀՕՊ միացյալ համակարգի «Տարածաշրջանային անվտանգություն-2018» համատեղ համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժության, համատեղ (միացյալ) կապի համակարգի Համաձայնագրի նախագծի և ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգի շահագործման և հետագա կատարելագործման Համաձայնագրի վերաբերյալ: Նիստի արդյունքներով ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումները ստորագրվել են:
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու և ԱՊՀ ՊՆ խորհրդի կազմում ընդգրկվելու կապակցությամբ:
Խորագիր՝ Նորություններ