ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հունիսի 8-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում կայացել է ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ անցկացվող պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման 1-ին մակարդակի մասնագետների պատրաստման երեքշաբաթյա դասընթացի ավարտական արարողությունը:
Դասընթացի նպատակը ժամանակակից տեխնիկական միջոցների կիրառմամբ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի ինժեներական անձնակազմի՝ ՀՀ տարածքում ականազերծման և միջազգային առաքելությունների ընթացքում պայթուցիկ միջոցների հայտնաբերման և վնասազերծման գործողություններ իրականացնելու խնդրում հմտությունները կատարելագործելն էր, ինչպես նաև ինժեներ-հրահանգիչներ պատրաստելը:
Ավարտին ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն է հանձնել դասընթացի ընթացքում կիրառված ժամանակակից տեխնիկական միջոցների լրակազմը: