Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՈՒ ՀԱՅՐ



 

ԵՐԿՈՒ ՀԱՅՐԻմ կյանքն ահա 60-ից ավելի տարիներ լուսավորել ու լուսավորում են երկու մեծ դիպվածներ, որոնց ես  այլ կերպ, քան հրաշք, չեմ կարող անվանել։

Առաջինը պատահեց Հայրենական մեծ պատերազմից հետո, Մարտակերտում, ուր մենք ընտանիքով ապրում էինք։ Մի օր առավոտ ծեգին մեր տան դուռը բացվեց, ու ներս մտավ գորշ ու երկար շինելով մի անծանոթ զինվորական` հայրս։ Ես նրան չէի տեսել, բայց գիտեի, որ հայրս անհետ կորած է համարվում, եւ գիտեի, որ մեր տան սուգն ու շիվանը, լացն ու կոծն այդ պատճառով էր։ Վերադարձել էր ոտից գլուխ վիրավոր, վերքերի ու վիրակապերի մեջ կորած։ Ես էլ փարվեցի նրան, ու քանի որ նրա խոշոր ձեռքն ուղիղ իմ երեսի մոտ էր կախված, բռնեցի ու համբուրեցի այդ կոշտ ձեռքերը, համբուրեցի` հեծկլտոցս ու արցունքներս կուլ տալով։ Թեեւ փոքր էի, բայց այդ ձեռքերի ճառագած եւ հոգիս ու մարմինս ջերմացրած ու լուսավորած  այդ կենարար ուժը ես երբեք չեմ մոռանա։ Հետո արդեն ես իմ փոքրիկ ձեռքերի մեջ կառնեի հորս ձեռքերն ու իմ մանկական նուրբ մատիկներով կշոշափեի նրա մաշկի տակ խաղացող բեկորները, կգտնեի նրանց սուր ծայրերն ու կասեի. «Հայրի՛կ, չի՞ ցավում»։ Նա սրտանց կծիծաղեր ու կպատասխաներ. «Ո՛չ, քո մատներով դու ամոքում ես թշնամու տված ցավը»։

Հետո հորս այդ սուրբ ձեռքերը մեկ էլ կմտաբերեմ հասուն տարիներիս, երբ ինձ բախտ կվիճակվի խոնարհվել ու համբուրել Ամենայն Հայոց Կաթողիկոս, երջանկահիշատակ Վազգեն Առաջինի սրբազան աջը։ Կհամբուրեմ, եւ դարձյալ հոգիս ու ողջ էությունս կպարուրվի  անբացատրելի լույսով ու ջերմությամբ։

ԵՐԿՈՒ ՀԱՅՐ…Ամուսինս` հայտնի քանդակադրվագող Հակոբ Հակոբյանը, Վեհափառ Հայրապետի հանձնարարությամբ երեք պղնձե սկուտեղ էր դրվագազարդել Մայր Աթոռի համար։ Իմ աչքերի առջեւ ստեղծվեցին արվեստի այդ հրաշալի նմուշները, որոնք ամուսնուս կարծիքով` վերին ուժերի օրհնանքով է ինքը կարողացել ստեղծել։ Մեծ հավատացյալ էր. ծնվել ու մեծացել էր պարսկահայի ընտանիքում եւ առանձնահատուկ վերաբերմունք ուներ այն ամենի հանդեպ, ինչն առնչվում էր Հայ առաքելական եկեղեցուն, Էջմիածնին եւ մեր  հայրենիքի պատմությանը։  Ինձ էլ մինչ օրս թվում է, թե այդ գործերի հաջողությունը պայմանավորված էր ոչ այնքան ամուսնուս մասնագիտական կարողություններով ու հմտություններով, թեեւ նա իր գործի անզուգական վարպետն էր, որքան առ Հայ եկեղեցին ու նրա Հայրապետն ունեցած խոր հավատով ու ակնածանքով։ Պղնձե այդ սկուտեղները մինչ օրս էլ զարդարում են սուրբ Վեհարանը։ Այդ օրը ես առաջին անգամ այդքան մոտիկից տեսա Վեհափառ Հայրապետին։ Նա հենց ինձ նկատեց, ասաց. «Հակո՛բ, որտեղի՞ց ես գտել այդ գեղեցկուհուն»։  Ամուսինս ամաչելով պատասխանեց` Ղարաբաղից։ «Ղարաբաղի հրաշք»,- ասաց նա, ու ես հենց այդ ժամանակ էլ խոնարհվեցի, բռնեցի Հայրապետի Սուրբ աջն ու համբուրեցի։ Եվ այդ Սուրբ աջը, թեեւ խունկ ու մյուռոն էր բուրում, եւ մաշկը թափանցիկ ու լուսավոր էր մագաղաթի նման, բայց զարմանալիորեն այն հիշեցրեց հորս կոշտ ու վիրավոր ձեռքերը։ Գուցե այն պատճառով, որ երկու դեպքերում էլ հոգիս լցվել էր երկնային մի անբացատրելի լույսով ու ջերմությամբ։ Եվ ես հենց այդ ժամանակ հասկացա, որ մեր պետությունը խարսխված է երկու մեծ գործոնով` ուժով եւ հավատով, որ նրանք` սուրն ու խաչը, մեր ժողովրդի հավերժական ուղեկիցներն են եղել եւ պետք է լինեն։ Հետո ես բազմաթիվ զուգահեռներ կգտնեմ իմ հոր` մարտիկ, գրող, լրագրող Ռուբեն Հակոբյանի եւ Հայ եկեղեցու մեծ բարենորոգիչ Վազգեն Առաջին Հայրապետի ճակատագրերում։ Երբ Հայոց հովվապետը շենացնում էր Սուրբ Էջմիածինը ու վերաբացում, վերաշինում հայկական եկեղեցիները, հայրս իր հայրենի գյուղում  դռնեդուռ ման գալով 14 հազար ռուբլի կհանգանակի, որպեսզի Ուկրաինայում զոհված հայորդիների հիշատակին 15 մ բարձրությամբ սեւ բազալտից հուշակոթող կառուցի… կամ էլ զինվորական իր թոշակը կկիսի իր համագյուղացիների հետ։ Եվ դարձյալ այդ զուգահեռներն ինձ կտանեն 1991թ. այն լուսավոր օրը, երբ  Վեհափառ Հայրապետն իր ձեռամբ օծեց եւ իր հայրապետական օրհնությամբ սրբագործեց մեր նոր պետականության հիմքը, մեր նորանկախ հայրենիքը, այն հայրենիքը, որի համար 1992թ. իր կյանքը կտա ու հերոսաբար կզոհվի հորս միակ որդին` 57-ամյա Ռազմիկ Հակոբյանը…

-Անունդ ի՞նչ է, աղջի՛կս,- հարցնում է ինձ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

-Ջուլյա,- պատասխանում եմ ես։

-Ջուլյա՞, հայկական չէ,- ասում է Վեհափառ Հայրապետը,- Սաթենիկը մորս անունն է, քեզ եմ դնում։

ԵՐԿՈՒ ՀԱՅՐԵվ այդպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ես դարձա Սաթենիկ, թեեւ մեր տանը մենք Սաթենիկ ունեինք։ Այդ օրը ես դեռ չգիտեի, որ ճակատագիրն այդքան բարեհաճ կգտնվի իմ նկատմամբ, եւ ես դեռ շատ անգամներ բախտ կունենամ վայելելու Հայոց Հայրապետի ներկայությունը։ Ավելին, ես չէի էլ կարող այն ժամանակ մտածել, որ Վեհափառն ինքը Սուրբ Մյուռոնով կկնքի առաջնեկիս` Հովհաննեսիս։

«Հակոբը ոսկի ձեռքեր ունի»,- սիրում էր ամեն անգամ կրկնել Վեհափառը, երբ  ամուսինս իր աշխատանքները ներկայացնում էր նրան։ Այն ժամանակ էլ, հիմա էլ ես այն համոզման եմ, որ այդ նրա օրհնությամբ էր, որ ամուսնուս հանձնարարվեց Մայր Հայաստան արձանի դրվագազարդումը։ Թերեւս շատերը չիմանան, որ այդ հսկա արձանը նաեւ դրվագազարդված է։ Եվ հենց այդ արձանի հետ են կապված նաեւ իմ կյանքի շատ թանկ հիշողությունները։ Ես արձանի բարձրացմանը հետեւում էի մեր  տան պատշգամբից եւ մանրամասն գիտեի, որ բրոնզե ամեն հերթական թիթեղի վրա ինչ աշխատանք է կատարել ամուսինս։ Նա ասում էր. «Գիտե՞ս, թեեւ արձանը քեզ նման չէ, բայց դրվագելու ժամանակ այնպես եմ անում, որ գոնե մի քիչ քեզ նմանվի»։ Եվ ես անհամբեր սպասում էի այն օրվան, երբ արձանը ի վերջո ամբողջական տեսք կստանա։ Եվ մի օր էլ Մայր Հայաստանը հպարտ ու տիրաբար կանգնեց մեզ ծանոթ բարձունքին ու բոլորին շլացրեց իր սլացիկ հասակով ու գեղեցկությամբ։ Եվ ինձ համար այլեւս կարեւոր չէր` այն ինձ նմա՞ն է, թե՞ ոչ, կարեւորն այն է, որ Հակոբն ամեն ինչ արել է, որ ինձ նմանվի… Եվ դա ինձ շատ էր ուրախացնում։ Տարիներ են անցել, ես արդեն տատիկ եմ, բայց Մայր Հայաստանը նույնքան երիտասարդ է ու շքեղ, որքան այն օրերին։ Դարձյալ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ էր, որ ամուսնուս Շոթա Ռուսթավելու ծննդյան 800-ամյակին նվիրված աշխատանքը միջազգային ցուցահանդեսում` Մելբուռնում, արժանացավ ոսկե մեդալի, եւ նույն տարում ԽՍՀՄ կապի նախարարությունը հիշյալ աշխատանքը գնահատեց` լույս ընծայելով  հատուկ դրոշմանիշներ։

Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանզի ինձ բախտ վիճակվեց տեսնել, զրուցել, սիրել ու ապրել այնպիսի մարդկանց հետ, որոնց կյանքն անմնացորդ նվիրում էր հայրենի երկրին ու ժողովրդին։

ՍԱԹԵՆԻԿ (Ջուլյա) ՀԱԿՈԲՅԱՆ

բանաստեղծուհի

Խորագիր՝ #23 (1245) 13.06.2018 - 19.06.2018, Հոգևոր-մշակութային


13/06/2018