ԹԵԺ ՊԱՅՔԱՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԳՅԱԿԸ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին բան չի մնացել: Հունիսի 14-ն այնքան արագ կգա, որ ընթացքում չենք էլ հասցնի բազմոցին մի կարգին տեղավորվել, հեռուստացույցի հետ փոխշփման ճիշտ դիտանկյուն որսալ, միամսյակի շրջանակում տնեցիներին համակեցության բոլոր պահանջվող ցուցումները տալ ու դրանց այնպիսի որակյալ իրականացում պահանջել, որ նյարդերդ ավելորդ փորձության չենթարկվեն: Ինչևէ, քաշելիք է, պիտի քաշենք, փորձություն է, պիտի անցնենք: Ուրիշ ճար չկա:
Առաջնությանը, գիտեք, 32 հավաքական է մասնակցում: Արագընթաց այս մրցաշարում ամեն անակնկալ էլ հնարավոր է: Սակայն, լինելով գերազանցապես ավանդապաշտ մարդ, հեղափոխական իրադարձություններն առանձնակի ոգևորությամբ չընդունող անձ, ավելին, դրանց նկատմամբ չտածելով առանձնակի համակրանք` հակված ենք իրականությունը քննության առնելու արդեն իսկ առկա տիրույթում: Ասել է թե` ապագա հնարավոր հաղթողի իսկությունը դիտարկել եղած լավագույն հնգյակի շրջանակում (հիշեցնենք, որ Իտալիայի ընտրանին այս առաջնությանը չի մասնակցում):
Եվ այսպես` ի՞նչ ունենք այդ հնգյակում:
Միանշանակ` Բրազիլիա, որը տնային վերջին խայտառակության ամոթը մաքրելու առաջնահերթություն ունի, միանշանակ` Գերմանիա, որը նվաճած չեմպիոնականը պաշտպանելու նույնքան միանշանակ անհրաժեշտություն ունի, միանշանակ` աստղային ֆրանսիացիներ, նույնքան հեղինակավոր իսպանացիներ ու մոլորակի թիվ մեկ ֆուտբոլիստի վրա հույսը դրած նույնքան միանշանակ արգենտինացիներ: «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ոստիկանի հանգույն ասենք` էս հինգը բավական է, ու հենց էս հինգին էլ քարշ տանք «դատարան»:
ԲՐԱԶԻԼԻԱ
Այս հավաքականը միշտ էլ եղել է ֆավորիտների թվում, ու բնավ էլ կապ չունի, որ ֆուտբոլ ասելով` նախ և առաջ հասկանում ենք Անգլիա: Նկատի ունենք հիմնադիր երկրի գործոնը, բայց աշխարհում քի՞չ բան է եղել, որ սկզբնավորվել է մի տեղում, իր փայլն ու հմայքը ստացել է մեկ այլ տեղում:
Բրազիլացիներն աշխարհում ամենաշատն են եղել աշխարհի չեմպիոն: Հիշենք 1958-ը, 1962-ը, 1970-ը, 1994-ը, 2002-ը: Բացի այդ, միակ հավաքականն է, որ մասնակցել է բոլոր մունդիալներին: Սակայն բրազիլացիների հնգակիությունը հավաստող վերը հիշատակված տարեթվերի կողքին կա մեկը, որ նրանք կուզենային չունեցածը ունենալ: Խոսքը վերաբերում է 2014-ին, երբ նրանք կիսաեզրափակչում, գերմանացիների հետ մրցավեճում, խայտառակ եղան` պարտություն կրելով 1։7 հաշվով: Բրազիլացի երկրպագուները, բնականաբար, առանց մահվան քրտինքի չեն հիշում այս խայտառակությունը և ժամ առաջ են սպասում հետևելիք վրեժին: Ասենք, որ դեղնականաչավունները նախնական սպասումները լիովին արդարացրին ու բոլորից շուտ դուրս եկան եզրափակիչ փուլ: Իհարկե, եթե բացառենք ռուսներին, որոնք այդ իրավունքը ստացել էին որպես աշխարհի առաջնությունը հյուրընկալող երկիր, եւ համոզված եմ, շատ արագ էլ դուրս կմնան մեդալների համար պայքարից:
Սովորականի պես, աշխարհի հնգակի չեմպիոնների կազմն աստղերի պակաս չունի: Եթե հատ-հատ թվարկենք, ստիպված կլինենք ամբողջ թիմը հիշատակել, ուստի բավարարվենք միայն Նեյմարով: Ճիշտ է, վնասվածքի պատճառով նա երկար ժամանակ զրկված է եղել խաղային պրակտիկայից, սակայն գերաստղերի պարագայում գործում են միանգամայն այլ օրինաչափություններ: Առաջնության խմբայինում բրազիլացիների մրցակիցներն են Շվեյցարիայի, Կոստա-Ռիկայի ու Սերբիայի ընտրանիները, որոնք ավելի շուտ պայքարելու են երկրորդ տեղ դուրս գալու համար:
ԳԵՐՄԱՆԻԱ
Այս հավաքականն առաջնությունում մի խնդիր ունի` պահպանել ունեցած կոչումն ու դրանով իսկ նվաճած չեմպիոնությունների թվով հավասարվել բրազիլացիներին:
Առաջադրվածը լուծելի՞ք խնդիր է:
Միանգամայն, քանզի ունի բացառիկ որակի խաղ, իսկ ցույց տված արդյունքների հաստատունությունը պարզապես ցնցող է: Եթե 2014-ի նվաճումն էլ թողնենք մի կողմ, վերջին չորս առաջնությունում այն նվաճել է մեդալ: Ի միջի այլոց, նկատենք, որ այս որակավորման փուլում Գերմանիայի ընտրանին լավագույնն էր լավագույնների մեջ, ու դա անկախ խմբային պատկանելությունից` տասը խաղում տասը հաղթանակ: Հարյուրտոկոսանոց արդյունք այլևս ոչ մեկը չի կարողացել ցույց տալ:
Գերմանիայի ընտրանին հզոր է նախ որպես թիմ, հավաքականություն: Պատահական չէ, որ այդ տասը խաղում գոլերը հեղինակել են 18 տարբեր ֆուտբոլիստներ: Սա նույնքան ֆանտաստիկ արդյունք է, որքան ֆանտաստիկ կլիներ, եթե թիմի եթե ոչ բոլոր գոլերը, առնվազն դրա առյուծի բաժինը խփեր մեկ մարդ:
Խմբայինի փայլուն ցուցանիշից զատ, չմոռանանք և այն, որ աշխարհի առաջնության նախապատրաստական շրջանում այս հավաքականը հաղթեց նաև Համադաշնության գավաթում, ընդ որում, փաստացի Ռուսաստան ուղարկելով իր երկրորդ կազմը: Սա խոսում է այս երկրում ֆուտբոլի գերերևակայելի մակարդակի մասին:
Հավարտ հիշեցնենք, որ գերմանացիներն աշխարհի առաջնություններում հաղթել են 1954, 1974, 1990 ու 2014 թվերին: Յոախիմ Լյովի այս ընտրանին խմբայինում մրցակից ունի Մեքսիկայի, Շվեդիայի ու Կորեայի հավաքականներին:
ՖՐԱՆՍԻԱ
Դուք միայն այս ընտրանու կազմը ներկայացնող ֆուտբոլային ակումբների ցանկն ու ֆուտբոլիստների թվին նայեք` «Պարի Սեն Ժերմեն»` 4, «Բարսելոն»` 3, «Աթլետիկո» ու «Մանչեստր Յունայթեդ»` 2-ական: Հավաքականում են նաև Մադրիդի «Ռեալի», «Յուվենտուսի», «Արսենալի» ներկայացուցիչներ:
«Եռագույնների» գլխավոր ֆուտբոլային աստղը, անշուշտ, Մադրիդի «Աթլետիկոն» ներկայացնող Անտուան Գրիզմանն է, որի «Բարսելոն» տեղափոխվելու հարցը դիտում են որպես կայացած փաստ: Նրա հետ հարձակման գծում գործելու է 19-ամյա Կիլիամ Մբապեն, որին անասելի մեծ բարձունքներում են տեսնում: Իբր այս երկուսը քիչ են, առաջին գծում նրանց կարող են ընկերակցել Ուսման Դեմբելեն («Բարսելոն»), Օլիվիե Ժիրուն («Չելսի»), Անտոնի Մարսիալը («Մանչեստր Յունայթեդ»), Մարսելի «Օլիմպիկի» ծագող աստղ Ֆլորիան Տովենը:
Պակաս ահռելի ուժ չի ներկայացնում և ֆրանսիացիների կիսապաշտպանական գիծը, որտեղ տեսնելու ենք Ն’Գոլո Կանտեին («Չելսի»), Պոլ Պոգբային («Մանչեստր Յունայթեդ»), Բլեզ Մատյուիդիին («Բարսելոն»):
Ֆրանսիայի ընտրանու պաշտպանական ռեդուտներում են բարսելոնյան ակումբում իրեն դրսևորող Սամյուել Ումտիտին, «Արսենալի» հենասյուներից Լորան Կոսելնին, Մադրիդի «Ռեալի» կենտրոնը ցեմենտող Ռաֆայել Վարանը, «Մոնակոյի» ֆուտբոլիստ Ջիբրիել Սիդիբեն: Ինչ վերաբերում է պաշտպանության թիվ մեկ գծին, այն «Տոտենհեմի» ներկայացուցիչ Ուգո Լիորիսի հուսալի ձեռքերում է:
Ընտրական փուլում Ֆրանսիայի հավաքականը շրջանցեց Շվեդիայի ու Հոլանդիայի ընտրանիներին` վերջինիս դուրս թողնելով առաջնության հնարավոր մասնակիցների թվից: Ռուսաստանում խմբայինում նրանց մրցակիցներն են լինելու Դանիայի, Պերուի, Ավստրալիայի ընտրանիները:
ԻՍՊԱՆԻԱ
Եվրախաղարկությունների վերջին 14 ու 15-րդ գավաթները շահել են իսպանական ակումբները: Սա ինչ-որ բան ասու՞մ է, որ ավելորդ լկտիություն չունենանք մտածելու, թե Իսպանիայի ընտրանին այս առաջնության ֆավորիտների թվում չէ: Իհարկե, ճիշտ կլինեք, առարկելով, թե ակումբների հաղթական գործոնն ամբողջական փաստարկ չէ այդպես կարծելու համար, որ դրանցում էական թիվ են կազմում այլ երկրների ուժեղագույն ֆուտբոլիստները: Չենք առարկում, սակայն ողջամտության կոչ ենք անում, ասելով, որ դրանցում հանդես եկող իսպանացիները պակաս մեծության աստղեր չեն, և նրանք ապրում ու խաղում են հաղթածի ոգով, սրա կողքին մոռացության չտանք, որ «վրեժի կարմիր աստվածուհիները» հին աշխարհամասի կրկնակի (2008, 2012 թվեր), 2010-ի աշխարհի առաջնության հաղթողներ են:
Հիշենք, որ աշխարհի վերջին առաջնությունն իսպանացիները խայտառակ կերպով ձախողեցին` դուրս թռչելով խմբային փուլից: Պորտուգալիայի, Իրանի ու Մարոկկոյի հետ քառյակ կազմածներն այս անգամ դժվար թե նախորդի անպատասխանատվությունը կրկնելու թեթևամտությունն ունենան:
Իսպանական ընտրանին այս անգամ գրեթե ամբողջությամբ բաղկացած է ներքին առաջնությունում հանդես եկող առաջատար թիմերի` «Բարսելոնի», «Ռեալի», «Աթլետիկոյի» ներկայացուցիչներից: Սակավաթիվ լեգեոներներից են դարպասապահ Դավիդ դե Խեան («Մանչեստր Յունայթեդ»), «Չելսիի» ու «Արսենալի» պաշտպաններ Սեսար Ասպիլիկուետան ու Նաչո Մոնրեալը, «բավարացի» Տիագո Ալկանտարան ու Դավիդ Սիլվան «Մանչեստր Սիթիից»: Իսպանիայի ընտրանուց, բնականաբար, սպասվում է արտիստիկ, հարձակողական ֆուտբոլ:
ԱՐԳԵՆՏԻՆԱ
Չորս տարի առաջ այս երկրի ընտրանին ընդամենը կեսքայլի հեռավորության վրա մնաց չեմպիոնական տիտղոսից` եզրափակչում (լրացուցիչ ժամանակում) նվազագույն հաշվով զիջելով Գերմանիայի հավաքականին: Այս առաջնությունում Լիոնել Մեսին ու թիմն ամեն ինչ կանեն՝ արգենտինական ֆուտբոլի այս փառահեղ սերնդի համար նվաճելու աշխարհի չեմպիոնի կոչումը: Ոսկին այս երկրի հավաքականի համար կլինի թվով երրորդը, իսկ ահա Մեսիի կյանքում՝ ընդամենը առաջինը, ու խոշորագույն անարդարություն կլինի, որ աշխարհի բոլոր ժամանակների թիվ մեկ ֆուտբոլիստը մարզաձևին հրաժեշտ տա այդպես էլ չեմպիոնական բարձունքը չնվաճած: Իհարկե, մենք Մեսիին անհարկիորեն շուտ դուրս չենք թողնում աշխարհի հաջորդ առաջնությանը մասնակցելու հնարավորությունից, մանավանդ, որ այդ հաջորդում նա կլինի ընդամենը 34 տարեկան, որը թեև պատկառելի ֆուտբոլային տարիք է, սակայն ոչ Մեսիի նման աստվածատուր շնորհ ստացած մեկի համար:
Մեսիից բացի, Արգենտինայի հարվածային գծում են Գոնսալո Իգուաինն ու Պաոլո Դիբալան («Յուվենտուս»), «Պարի Սեն Ժերմենը» ներկայացնող Անխել դի Մարիան:
Խմբայինում արգենտինացիների մրցակիցներն են լինելու Իսլանդիայի, Խորվաթիայի ու Նիգերիայի պատվիրակները:
ՈՒՐԻՇ ԷԼ Ո՞Վ
Առաջնության ոսկու համար խառնվողների մեջ հարկավ պիտի դիտարկել Բելգիայի, Անգլիայի, Ուրուգվայի, Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանիները: Բավականին հավասարակշռված կազմ ունեն Կոլումբիայի ու Խորվաթիայի հավաքականները, ընտրանիներ, որոնք կարող են անսպասելին անել: Ինչ վերաբերում է ռուսներին, նրանց մնում է գոհանալ կազմակերպիչ երկիր լինելու փաստով, ինչը նույնպես մեծ բան է:
Կարելի էր մի երկու խոսք էլ ասել Հայաստանի հավաքականի մասին, սակայն այն գոնե առաջիկա հիսուն տարում ոչ մի կերպ շփման եզրեր չի կարող ունենալ աշխարհի առաջնության հետ, եթե ոչ մասնակից, գոնե կազմակերպիչ երկիր դառնալու հեռանկարում: Կարող էինք հիսունի կողքին վստահաբար հարյուր տարին էլ որպես սահմանային նիշ վերցնել, սակայն մեր այս տարիքին գումարած հարյուր տարին այնպիսի անհավանական թիվ է դառնում, որ անգամ ագռավների համար է երազային, իսկ համեստությունը, գիտեք, լավ բան է:
ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Խորագիր՝ #23 (1245) 13.06.2018 - 19.06.2018, Մարզաշխարհ