ՔԱՋԵՐՆ ԵՆ ԳՆՈՒՄ ԳՆԴԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հունիսի 5-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հիշատակի ցերեկույթ՝ նվիրված հասարակական-քաղաքական գործիչ, գրող, լրագրող, Արցախյան պատերազմի մասնակից Սամվել Շահմուրադյանին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հիշելով, որ «խՌՑպՐՈՑցՐվՈÿ ԸՐՎպվՌÿ» ամսագրի խմբագրություն ընդունվելիս Սամվել Շահմուրադյանը շատ երիտասարդ էր և գրական շրջանակներում անծանոթ անուն, նկատեց. «Բայց մեկ-երկու տարում իր թարգմանությունները, գրական կյանքին իր մասնակցությունն ու լուրջ, կարևոր հարցերում նրա խորամուխ լինելը ապացուցեցին, որ գրական միջավայր է եկել իսկապես նպատակասլաց, ազնիվ և հրաշալի երիտասարդ»: Նրա հավաստմամբ՝ տարիներ անց Արցախյան հարցի քննարկումներն անսպասելիորեն բացահայտեցին մեկ այլ Սամվել Շահմուրադյանի: 1988 թ. սումգայիթյան ջարդերից հետո Ս. Շահմուրադյանը ստանձնեց այդ ոճիրը գործածներին գտնելու և դատապարտելու ծանր գործը` նաև մասնակցելով դատավարություններին և այդ մասին հոդվածներ գրելով: Ինչպես նշեց Էդ. Միլիտոնյանը՝ ՀԳՄ-ի սենյակներից մեկը, որ կրում է Ս. Շահմուրադյանի անունը, դարձել էր սումգայիթյան ոճրագործության նյութերի հավաքման աշխատատեղ, որտեղ նա ի մի էր բերում այդ նյութերը: «Նա այդ խնդրի արծարծման դրոշակակիրն էր: Այստեղ էին գալիս այդ ոճիրից մազապուրծ Հայաստան եկածները՝ Գրողների միությունում մխիթարություն և հույս գտնելու»,- ամփոփեց նա:
Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, բնորոշելով Ս. Շահմուրադյանին որպես հրաշալի հրապարակախոսի, նշեց, որ նրան ճանաչել է 80-ականներից, միասին եղել են Ղարաբաղյան շարժման առաջին շարքերում: «Նա ոչ միայն հրաշալի տիրապետում էր իրադրությանը և գիտեր այն ճանապարհները, որոնցով մենք պետք է անցնեինք, այլև օրինակ էր բոլորիս համար՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր»,- վստահեցրեց նա և հավելեց. «Ազատամարտիկի հագուստ սկսեցինք կրել այն ժամանակ, երբ զգացինք, որ մեր ինքնությունն է թելադրում, և մենք պետք է լինենք մեր հայրենիքի պաշտպանը, զենք վերցրինք այն ժամանակ, երբ այլևս գրչով ոչինչ անել հնարավոր չէր»: Նրա հավաստմամբ՝ Ս. Շահմուրադյանը պատեհ առիթով զենք է վերցրել և, որպես շարքային ազատամարտիկ, լինելով Արցախի ինքնապաշտպանության դիրքերում, լուսաբանել է պատերազմական իրադարձությունները՝ մինչև վերջին փամփուշտը չբաժանվելով օրագրից…
Ըստ ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանի՝ Ս. Շահմուրադյանը լուսավոր, երիտասարդ գործիչներից էր՝ և՛ որպես գրող, և՛ որպես հրապարակախոս, և՛ որպես ազատամարտիկ: «Իր խոսքով, իր վերաբերմունքով ու խառնվածքով զրուցակցին անմիջապես գրավելու ունակություն ուներ, անպայման փորձում էր մատը դնել որևէ խնդրի վրա և անմիջապես լուծում գտնել»,- ասաց նա:
«Նա չէր ուզում մի վայրկյան անգամ հետ մնալ հայոց նորագույն ժամանակների պատմության վազքից»,- ասաց «Առաքելություն Հայաստան» գրական խմբակի ղեկավար Վալյա Մարգարյանը և հավելեց. «Այն, ինչ հասել է նրանից մեր ազգին, սովորական օրագիր չէ, այլ պատերազմի օբյեկտիվ տարեգրություն, որ սկիզբ է առնում 1988 թ. փետրվարից և անսպառ նյութ է նրանց, ովքեր զբաղվելու են Արցախի ազատագրության համար մղված պատերազմի պատմությամբ»:
Ելույթ ունեցան նաև Տեր Թովմա քահանան (Վահան Անդրեասյան), Գոհար Մարտիկյանը, Ս. Շահմուրադյանի որդին՝ Դավիթ Շահմուրադյանը, և ուրիշներ:
«Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության գրական խմբակի անդամներ Օֆելյա Ասատրյանն ու Կորյուն Մուրադյանն ընթերցեցին հատվածներ Ս. Շահմուրադյանի էսսեներից: Հնչեցին երգեր՝ նվիրված ազատամարտիկներին ու Սամվել Շահմուրադյանին:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ
Խորագիր՝ #23 (1245) 13.06.2018 - 19.06.2018, Ճակատագրեր