Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽԱՉՔԱՐԻ ԲԱՑՈՒՄ



ԽԱՉՔԱՐԻ ԲԱՑՈՒՄԳորիսում տեղի ունեցավ 5-րդ բրիգադի զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարի բացման հանդիսավոր արարողություն: Մասնակցեցին 1-ին զորամիավորման հրամանատար, գնդապետ Արարատ Մելքումյանը, զորամիավորման և ենթակա զորամասերի հրամանատարության ներկայացուցիչներ, ԵԿՄ վարչության, մարզային և Գորիսի մասնաճյուղերի պատասխանատուներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, պատանի երկրապահներ,  բազմաթիվ զինծառայողներ, Գորիսի հասարակության ներկայացուցիչներ:

Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող Գորիսի հուշարձանի մոտ վերջերս վեր է խոյացել հայկական լեռնաշխարհի հզոր լեռների պես մեր անպարտ ոգին ու հայի միասնությունը խորհրդանշող Արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանը: Հարևանությամբ ինքնատիպ խաչքարն է: Գեղեցիկ, երփներանգ ծաղիկներով շրջապատված ճեմուղիներն ու պուրակները,  «կաթիլներով ծով դարձող» արհեստական փոքրիկ լիճն ու հուշահամալիրի բարեկարգված շրջակայքի մաքրությունը կարծես լուռ երկխոսում են Հայրենիքի ազատության համար զոհված անմահ հերոսների ոգու և նրանց խիզախ արարքներով ոգեշնչված, նրանց անունը միշտ վառ պահող նոր Հայաստանի վառ և լուսավոր սերնդի ներկայացուցիչների հետ:

Հայոց բանակի զինվորներն ու պատանի երկրապահները հավերժական կրակի մոտ կանգնել էին այնպես, որ քամուց ծածանվող Հայոց Եռագույնի ու Երկրապահի դրոշները ինչպես Հայրենիքին պատուհասած վտանգի պահին, այնպես էլ այսօր, խաղաղ երկնքի տակ, միաձուլված, ազգի հերոսների հիշատակն են ոգեկոչում:

Խաչքարի բացման պատիվը տրվեց հայոց բանակի և ԵԿՄ ներկայացուցիչներին: Սպիտակ սավանը բացվեց, և արևի ճառագայթներից փայլատակող արվեստի գլուխգործոցը երևաց իր ողջ հմայքով ու վեհությամբ:

«Տերունական» աղոթքը հնչեց առ Աստված և խաչքարն օծվեց Սուրբ մյուռոնով:

Խումբ-խումբ մարդիկ ծաղիկներ խոնարհեցին խաչքարին՝ ի նշան հերոսների հիշատակի հավերժացման:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #23 (1245) 13.06.2018 - 19.06.2018, Հոգևոր-մշակութային


13/06/2018