ԿԱԹԻԼ, ՈՐ ՕՎԿԻԱՆՈՍ ԱՐԺԵ
Աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Մադոյանի եւ դուդուկահար Արտավազդ Թադեւոսյանի համագործակցության մասին իմացա համացանցից: Ու սկսեցի տեղեկություններ հավաքել Արտավազդ Թադեւոսյանի մասին:
Ծնողները մաթեմատիկայի մասնագետներ են: Հայրն աշխատել է դպրոցում, ապա Աստղադիտարանում, մայրը եղել է Բյուրականի դպրոցի փոխտնօրենը:
Արտավազդը ծնվել է Բյուրականում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը՝ փայլուն առաջադիմությամբ, Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան՝ կարմիր դիպլոմով, ասպիրանտուրայի երկու տարվա կուրսը՝ երեք ամսում: Այնուհետև գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը և աշխարհի լավագույն կոնսերվատորիաներից մեկը՝ Բոստոնի New England conservatory:
Երաժիշտ կատարողների Հոլիվուդում կայացած միջազգային հեղինակավոր մրցույթից վերադարձել է երեք ոսկե մեդալով` սահմանելով ռեկորդ: Նրա ռեկորդը գրանցվել է Հայոց դյուցազնագրքում: Նվագել է աշխարհի լավագույն երաժիշտների հետ` հայկական դուդուկը հնչեցնելով մոլորակի ամենահեղինակավոր բեմերում:
Կարդալով այս փառահեղ կենսագրությունը, ես, բնականաբար, չէի կարող զինվորներին ու սպաներին, «Հայ զինվորի» ընթերցողներին զրկել Արտավազդ Թադեւոսյանի հետ հանդիպելու, նրա հաջողություններով հպարտանալու պատեհությունից:
-Որքան երիտասարդ եք: Ես Ձեզ ավելի տարիքով էի պատկերացնում, ո՞նց եք հասցրել այսքան կարճ կենսագրությունը փառավորել այսքան մեծ ձեռքբերումներով ու հաջողություններով: Բյուրականի գյուղական դպրոցից` Հարվարդի համալսարան… հրաշալի է:
-Լեոնարդո դա Վինչիին հարցնում են, թե ո՞րն է հիմարի ու հանճարի տարբերությունը: «99 տոկոս տաղանդ, 1 տոկոս աշխատասիրություն. սա հիմարն է,- ասել է Լեոնարդո դա Վինչին,- 99 տոկոս աշխատասիրություն, 1 տոկոս տաղանդ. սա հանճարն է»: Ես չգիտեմ իմ տաղանդի չափերը ու չեմ էլ ուզում իմանալ. ես չափազանց նպատակասլաց եմ ու աշխատասեր, իսկ մարդու հնարավորությունները սահման չունեն:
-Ո՞վ է Ձեզ սովորեցրել այս ամենը, ինչպե՞ս եք հասել այս համոզմունքին:
-Իմ մանկության տարիներին յուրաքանչյուր բյուրականցի բախտ ուներ շփվելու Աստղադիտարան այցելող մտավորականների հետ, ես` նույնպես: Մեծացա ծնողներիս աշխատավայրում` դպրոցում: Գուցե այս միջավայրն ու շփումները ինձ բերեցին մի հարթակ, որտեղից տասնյակ դռներ էին բացվում դեպի գիտության խորքերը:
-Ի՞նչ գիտություն, Դուք դուդուկահար չե՞ք:
-Երաժշտությունը գիտություն է` մաթեմատիկա, կենսաբանություն, գենետիկա, մարդաբանություն….
-Երաժշտությունը հույզ է, ապրում, զգացմունք…
-Որպեսզի ես մեծ ու գեղեցիկ հույզեր արթնացնեմ Ձեր սրտում, որպեսզի արտահայտեմ մեղեդու հմայքի հազարավոր նրբությունները, պիտի իմանամ մաթեմատիկա, նուկլինաթթուների բաղադրությունը, բույսերի ու մարդկանց անատոմիան…
-Մի շարունակեք, որովհետեւ այն, ինչ չեմ ընկալում, չեմ կարող հիշել, առավել ևս՝ փոխանցել ընթերցողին: Դուք այդ ամենը ուսումնասիրե՞լ եք:
-Ես պաշտում եմ գիտությունը: Ամենավաղ տարիքից մինչ օրս անհագ կարդում եմ գիտական գրականություն, կարդում եմ աննկարագրելի հաճույքով: Երբ դու գիտես կյանքի անատոմիան, քեզ շրջապատող իրականության «բաղադրությունը», յուրաքանչյուր խոսքդ, արարքդ լինում են ոչ թե հայեցողական, բնազդային, ինքնաբերաբար, այլ գիտակցված, ճիշտ, իմաստավոր:
-Այդ մտածողությամբ գոնե պիտի ջութակ նվագեիք, թե չէ` մեր զգայուն, զգացմունքային դուդուկն ո՞ւր, գիտությունն ուր:
-Մի համերգի ժամանակ դուդուկի կատարում լսեցի: 10-11 տարեկան էի: Երեւի մորս թվաց` ներշնչված եմ լսում: Հարցրեց` կուզե՞ս նվագել այս գործիքը: Գլխով արեցի:
-Հնազանդ երեխա՞ էիք:
-Ես հոսանքի կաթիլ եմ, եթե ընթացքը իմ սրտով է: Բայց եթե այլ կարծիք ունեմ, կարող եմ պոկվել հոսանքից ու գնալ դրան հակառակ: Ես ճշգրիտ եմ, ինչպես յուրաքանչյուր գիտություն, իմ գլխում ավելի շատ համոզմունքներ կան, քան տեսակետներ:
Դուդուկի իմ առաջին ուսուցիրը եղել է Խաչիկ Խաչատրյանը, որը կառուցեց լավ հիմքեր ապագայի համար: Իմ կյանքում առանցքային դերակատարում է ունեցել Գեորգի Մինասովը, որը կողքիս էր, երբ առաջին քայլերն էի անում դուդուկի ասպարեզում եւ կողքիս է մինչ օրս: Նա բացառիկ կերպար է: Ես հպարտ եմ, որ նրա գործիքով եմ նվագում, խորին ակնածանք ունեմ այդ մեծ մարդու հանդեպ: Նա խրախուսել է իմ ամենաանհավանական մտահղացումները ու ինձ հետ անցել է այն ճանապարհը, որը գրեթե բոլորի կարծիքով ձախողման էր դատապարտված: Ու ես հաղթել եմ: 2015 թվականի սեպտեմբերին իմ մենահամերգի ժամանակ դուդուկով նվագեցի Պագանինիի «Կապրիսները», «Ջութակի կոնցերտը», Կորսակովի «Բոռի թռիչքը», Խաչատրյանի «Սուսերով պարը», Մոնտիի «Չարդաշը»… Դասեր եմ առել Ջիվան Գասպարյանից, Գևորգ Դաբաղյանից, և նրանք հաջողությամբ ուղղորդել են իմ ընթացքը, խրախուսել են ինձ:
Թերահավատությունը մարդուն խեղճացնող, փոքրացնող, ընկճող զգացմունք է: Եթե դու մարդ ես ծնվել, թռչուն կամ թիթեռ չես, ուրեմն` նվաճիր աշխարհը: Ես մի քանի ամսում 180 հազար բառ սովորեցի, երբ պատրաստվում էի Հարվարդի համալսարան ընդունվել: Ու 5 հազար դիմորդից ընդունվեցին ինը, մեկը ես էի: Ու միայն ես ճանաչվեցի տարվա լավագույն դիմորդ: Իմ արդյունքներն այնքան փայլուն էին, որ վերջին քննության ժամանակ ինձ ասացին, որ ընդունված եմ, առանց սպասելու ընդունված ընթացակարգին:
Գուցե գիտության մեջ խորանալն է ինձ ստիպել, որ հասկանամ, թե որքան կատարյալ կառույց է մարդը, եւ որքան մեծ են նրա հնարավորությունները: Ես գիտեմ, որ մարդու մեջ մի ամբողջ տիեզերք է ապրում: Բայց մարդու հանդեպ իմ ամբողջ հարգանքով ու ակնածանքով հանդերձ, ընդամենը երկու ընկեր ունեմ:
-Ովքե՞ր են այդ երկուսը:
-Նրանք, ովքեր իմ նվիրումը փոխադարձել են: Ես մաքսիմալիստ եմ բոլոր հարաբերություններում: Շատ եմ տալիս: Ու երբ իմ նվիրումը փոխադարձում են, հասկանում եմ, որ գտել եմ ընկերոջս. Գեորգի Մինասովը ինձ հուշեց բեմին վերաբերվելու բարձր ձևաչափ: Նա ինձ սովորեցրեց «արժանի լինելու» գաղափարը: Ու արժանի լինելը դարձավ նշաձող, ինքնագնահատման չափանիշ:
-Ես ուզում եմ՝ հիմա պատմեք, թե ի՞նչ մրցանակների եք արժանացել, երբ չափել եք Ձեր ուժերը զանազան մրցույթներում:
-2007թ. դուդուկահարների հանրապետական մրցույթում լավագույնն եմ ճանաչվել, 2008-ին երաժիշտ կատարողների համաշխարհային մրցույթում (1800 մասնակից կար) արժանացել եմ երեք ոսկե մեդալի եւ «Աշխարհի չեմպիոնի» տիտղոսին: 2016թ. Իսպանիայում կայացած միջազգային մրցույթում արժանացել եմ Գրան Պրիի:
-Շա՞տ են փոխել հաջողությունները բյուրականցի տղային: Ի՞նչ նոր գույներ է բերել մեծ աշխարհը Ձեր հայկական երանգներին:
-Հարվարդում սովորելիս ես իսկապես «շփվեցի» մոլորակի հետ: Ես նստում էի մի նստարանի, որտեղ նստել են Օբաման, Բիլ Գեյթսը, ինձ դասավանդում էին այնպիսի անուններ, որոնք համաշխարհային գիտության բարձրակետում են: Դա մի բարձունք էր, որտեղ օդը շատ խիտ է: Իմ օրգանիզմն ու թոքերը դիմացան այդ խտությանն ու չխեղդվեցին: Ես մնացի նույնը:
-Ինչո՞ւ:
-Կարծում եմ` որովհետեւ ես հասցրել էի հասկանալ իմ արմատի ուժն ու խորությունը: Ես չզարմացա, չցնցվեցի, երբ իմ դասախոսը, որը աշխարհի 100 լավագույն մասնագետներից է, ինձ հանձնարարեց կոնցերտ գրել: Ու երբ ինձ առաջարկեցին, որ կոնցերտը հնչի Անգլիայի թագավորական պալատում, ես ցանկացա, որ կոնցերտն առաջին անգամ հնչի Հայաստանում, հետո Անգլիայի թագավորական պալատում: Ու սա ասում եմ առանց պաթոսի, առանց ուռճացնելու. իմ կոնցերտը առաջին անգամ Հայաստանում հնչեցնելը պատիվ է ոչ թե Հայաստանի համար, այլ իմ կոնցերտի:
Աշխարհում շատ անվանի ջութակահարներ կան, հանճարներ: Բայց Նիկոլայ Մադոյանը միակն է: Նա ֆենոմենալ հանճար է: Մենք նույն արմատից ենք: Ես հարցազրույցներ եմ տվել աշխարհի ամենահեղինակավոր լրագրողներին, բայց այս զրույցի ընթացքում հետզհետե հպարտությամբ եմ լցվում` հասկանալով, որ մենք ոչ մի բնագավառում չենք զիջում համաշխարհային չափանիշներին:
Այո՛, մենք չենք կարող բանակի սպառազինությամբ կամ մեր թվաքանակով մրցել աշխարհի հզոր պետությունների հետ, բայց մեր մշակույթի սպառազինությամբ «կկռվենք» ուզածդ երկրի դեմ, կդիմակայենք ցանկացած ուժի… Մեր հայկական ազգանունը այցեքարտ է համաշխարհային մշակույթի ամենաբարձր ոլորտներում…
-Արտավազդ, իսկ ի՞նչն է պատճառը, որ մենք մեր արժանի տեղում չենք համաշխարհային քաղաքակրթության աստիճաններին: Հո միայն դուդուկով կամ ջութակով չի՞:
-Այո՛, մեր արժանի տեղում չենք: Որովհետեւ անհատները սեւեռվել են իրենց փառքի ու աշխարհը նվաճելու գաղափարի վրա ու չեն բարձրացրել կողքի հային: Որովհետեւ մենք սիրում ենք մենակ թռչել: Որովհետեւ մենք կորցրել ենք պարտավորության զգացումը մեր հայրենակցի` հայի հանդեպ: Թիմի գաղափարն ենք կորցրել: Որպես միայնակ խաղացող` մենք անմրցակից ենք, թիմային պայքարում` թույլ: Մենք գիտենք միայն հայ լինելու պատիվը, պատասխանատվությունը չգիտենք:
-Բա ի՞նչ անենք:
-Գտնենք, բռնենք, փայփայենք այն մեծ ու կյանքից թանկ գաղափարը, որի շուրջ կհամախմբվենք բոլորս, որը կդառնա մեր ազգային ողնաշարը, մեր հենարանը: Մեր ազգային կառույցի ամրությունը: Փառք Աստծու, դեռ ամեն ինչ կորած չէ:
Ես Հարվարդի լսարաններից մեկում էի, երբ լսեցի ապրիլյան պատերազմի լուրը: Քիչ հետո պիտի ընկերոջս հետ ճաշարան գնայի: Եթե ինձ ասեին, որ հայրենիքիս սպառնացող վտանգն այդպես կցնցի ինձ, չէի հավատա: Ես հասկացա մի բան` Ադրբեջանը չէ, որ 100 Ադրբեջան էլ իրար միացած գան մեզ վրա, մենք պահելու ենք մեր հողը: Որտեղ մի կաթիլ հայկական արյուն կա, արթնանալու է, որ իրենով անի ամեն ինչ: Ու հանկարծ պարզվելու է, որ աշխարհում 10 չէ, 100 միլիոն հայ կա:
-Մի կաթի՞լը…
-Կաթիլ կա, որ օվկիանոս արժե…
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Խորագիր՝ #23 (1245) 13.06.2018 - 19.06.2018, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում