Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏՆԻՑ ԲԵՐՎԱԾ ԿՈՆՖԵՏՆԵՐԻ ՀԱՄԸ



 

ՏՆԻՑ ԲԵՐՎԱԾ ԿՈՆՖԵՏՆԵՐԻ ՀԱՄԸԵրբ Գրետա Դութը համացանցով ինձ դաշտային գույնզգույն ծաղիկների փունջ ուղարկեց, ես, ազգանունից ու լուսանկարից դատելով, մտածեցի, որ կինը հնդկուհի է, մանավանդ՝ 6-ամյա որդու անունն էլ Ռաջ էր: Ու անգլերեն պատասխանեցի` շնորհակալություն: Հետո Գրետա Դութից մի մեծ նամակ ստացա հայերեն: «Սիրելի՛ Գայանե, ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել մանկատան իմ դաստիարակչուհու` Անուշ Հակոբյանի մասին հոդված գրելու համար: Ընկեր Անուշը իմ մանկության միակ լուսավոր կետն է: Միակ մարդը, որն ինձ սիրել ու պաշտպանել է: Շնորհակալ եմ նրա հերոս որդու` Արամայիսի մասին գրելու համար: Այնքան լավ տղա էր Արամայիսը: Մենք` մանկատան երեխաներս, շատ էինք սիրում Արամայիսին, խելոք, խաղաղ, խելացի երեխա էր: Չեմ կարող հավատալ, որ Արամայիսը չկա, բայց եւ հասկանում եմ, որ տիկին Անուշի դաստիարակած որդին առաջինը պիտի նետվեր փակելու թշնամու ճանապարհը: Ես ու ամուսինս գործի բերումով այժմ Պարսկաստանում ենք ապրում: Երբ գամ Հայաստան, պիտի տեսնեմ Ձեզ, որ սեղմեմ Ձեր ձեռքը ու անձամբ հայտնեմ իմ շնորհակալությունը՝ այդքան հուզիչ ու ապրեցնող հոդվածներ գրելու համար»:

Եվ ահա Գրետա Դութը Հայաստանում է: Ինձ այցելել է որդու` Ռաջի հետ: Սկզբում ես լսում եմ Ռաջի բազմալեզու ասմունքը: Նա Հայաստանի մասին հայրենասիրական բանաստեղծություն է կարդում իր դասագրքից, հետո անցնում է պարսկերենին, ապա մի քանի անհասկանալի քառատողեր է ասում հնդկերեն… ու սկսում է բացատրել, որ ինքն ստիպված է սովորել այդ բոլոր լեզուները: Հայրը հնդիկ է, մայրը` հայուհի, ինքը պիտի ընդամենը երկու լեզու իմանար, բայց, ինչ անի, երբ հայրն ու մայրը միմյանց հետ խոսում են ռուսերեն: Ինչ անի, երբ Թեհրանի հայկական դպրոցում նաեւ պարսկերեն են անցնում, իսկ անգլերենը հետագայում է պետք գալու, երբ Պարսկաստանից տեղափոխվեն Երեւան կամ գնան Հնդկաստան: Երբ Ռաջը իր լեզվական գիտելիքները ցուցադրելուց հոգնած՝ վերցնում է ատրճանակն ու գնում խաղալու, Գրետա Դութն սկսում է պատմել իր կյանքի արտառոց ու հետաքրքիր պատմությունը:

-Հորս չեմ տեսել: Մայրս չէր կարողանում սնունդ ապահովել իր երեք աղջիկների համար, ու մենք միշտ սոված էինք ու անխնամ: Մեկ գիշերներն էր աշխատում, մեկ` ցերեկները, ու եթե հարեւանները չլինեին, Աստված գիտի, թե ինչ ճակատագիր կունենայինք: Ես մանկուց զգացել եմ հոգատար սրտի, բարության, թշվառին ձեռք մեկնելու կարեւորությունը: Երբ դուռը ծեծում էին, ես մտածում էի, որ հարեւաններից որեւէ մեկը տաք ճաշ է բերել մեզ համար: Մինչեւ հիմա դռան թակոց լսելիս հոգուս մեջ ինչ-որ ջերմ ալիք է բարձրանում: Մինչեւ հիմա հացի նստելիս ես մտածում եմ, որ ինչ-որ մեկը սոված է, ու երբեք դատարկ չեմ թողնում իմ խղճին պարզված ափը:

… Հետո մայրս մեզ տարավ մանկատուն: Ցուրտ, անձրեւոտ օր էր: Երբ մայրս գնաց, մռայլ, մութ, ճռճռան աստիճաններով մեզ ուղեկցեցին մի խղճուկ սենյակ` լցված տարօրինակ հոտով: Հետո մեզ միանման շորեր տվեցին: Ես երբեք չեմ մոռանա այդ օրը, երբ 10 տարեկան երեխա` տեսա, թե ինչպես մայրս գնաց, ու ես մնացի անծանոթ մարդկանց հետ` անհույս, վախեցած: Չեմ ուզում պատմել մանկատան մասին: Միայն կասեմ, որ թաքուն լաց էի լինում ու երանի էի տալիս մեր տան սոված օրերին: Ու ամեն անգամ, երբ բարձրակրունկների կտկտոց էր լսվում միջանցքում (դաստիարակները տափակ կրունկներով կոշիկներ էին հագնում), վազում էի դուրս` մտածելով, որ կտեսնեմ մորս: Այդպես 8 տարի, բայց մայրս այդպես էլ չեկավ: Փոխարենը, Աստված ինձ տվեց ընկեր Անուշին, լույսի մի շող վառեց իմ խավարի մեջ: Առաջին անգամ գլուխս շոյեցին, գրկեցին ինձ, ցավեցին ինձ համար: Ասացին, որ ես լավն եմ, սիրեցին: Ու այդ սերը փոխեց կյանքս: Այդ սերն ինձ մարդ դարձրեց: Երբ առաջին անգամ ընկեր Անուշը տնից բերած կոնֆետներ տվեց ինձ, ես լաց եղա:Քնքշանքից ինչ-որ բան փափկեց, փափկեց ու …փլվեց հոգուս մեջ:

Ինձ նման մենակ ու անօգնական աղջիկներից շատերն են սայթաքել, շեղվել ճիշտ ճանապարհից, տրվել հեշտ կյանքին, հաճույքներին, բայց ընկեր Անուշն ինձ ցույց էր տվել պայքարով, արժանապատվորեն ոտքի կանգնելու, քամիներից անսասան մնալու ու դանդաղ, բայց հաստատուն բարձրանալու ճանապարհը: Նա ասում էր, որ մարդ միայն բարության, ազնվության ու արդարության ճանապարհին է գտնում իր երջանկությունը: Այդպես էլ եղավ: Զեյթունի հանրակացարանում պատահաբար ծանոթացա ապագա ամուսնուս հետ: Նա հնդիկ էր ու ոչ ոք չուներ Հայաստանում: Մենք սկսեցինք օգնել միմյանց ու այդպես մտերմացանք: Ընկեր Անուշը դեմ էր, որ ես օտարազգի տղայի հետ ամուսնանամ, բայց երբ ես պատմեցի, թե որքան պետք ենք մեկս մյուսին, համաձայնեց: Մենք ամուսնացանք Հնդկաստանում: Հնդկական հարսանիք արեցինք: Ես մի քանի ամիս ապրեցի ամուսնուս ծնողների հետ: Պարզվում է՝ մարդիկ նման են իրար, աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինեն: Բոլորն էլ ուզում են ամուր, սիրով լի ընտանիք ունենալ: Մեծերի հանդեպ հարգանքը համարում են մարդու գլխավոր առաքինություններից մեկը: Օգնում են իրար ու մենակ չեն թողնում ընկածին:

Կյանքն այնպես դասավորվեց, որ մի քանի տարի ամուսինս ստիպված էր արտերկրում ապրել, իսկ ես ու տղաս` Հայաստանում: Ինչ գործ ասես չեմ արել, որ պահեմ որդուս, որ Ռաջս անհոգ մանկություն ունենա: Ու հիմա իմ զրկանքները լիուլի փարատված են: Ամուսինս կողքիս է, հաջողակ գործարար է: Ես ու տղաս ապրում ենք բարեկեցիկ կյանքով: Ու իմ միակ նպատակն է, որ Ռաջիս տամ այն ամենը, ինչից զրկված եմ եղել՝ ընտանեկան ջերմություն, լավ կրթություն: Ու օգնեմ կարիքավոր մարդկանց, որքան կարող եմ: Ուզում եմ, որ տղաս պիտանի մարդ դառնա իր երկու հայրենիքների` Հնդկաստանի ու Հայաստանի համար: Բայց առաջին հերթին ուզում եմ, որ կարեկից մարդ մեծանա: Որ լցված լինի բարությամբ: Իմ մանկության ամենամեծ երազանքը կատարված է: Երբ մեծահարուստներ էին գալիս մանկատուն ու մեզ նվերներ` շորեր, ուտելիք, խաղալիք ու քաղցրեղեն էին բերում, ես երազում էի` մի օր այնքան փող ունենամ, որ ինքս նվերներ բերեմ մանկատան սաներին: Քանի որ ես գիտեմ, թե ինչ երջանկություն է նվեր ստանալը որբ փոքրիկների համար: ….Երբ նվերներով բեռնված մանկատուն էի գնում, ամբողջ ճանապարհին փառք էի տալիս Աստծուն, որ կարող եմ իմ ունեցածից բաժին հանել ուրիշին: Նվիրելը ամենամեծ բախտավորությունն է: Ու սա ինձ ընկեր Անուշն է սովորեցրել, երբ բռիս մեջ տնից բերած փոքրիկ կոնֆետներ էր շարում: Ես երբեք չեմ մոռանա տնից բերած փոքրիկ կոնֆետների` երջանկության համը:

ՏՆԻՑ ԲԵՐՎԱԾ ԿՈՆՖԵՏՆԵՐԻ ՀԱՄԸՀանկարծ 6-ամյա Ռաջ Դութը մտնում է ներս, սեւեռուն գալիս դեպի ինձ ու շատ մոտ, գրեթե քիթը դեմքիս քսելով՝ հարցնում.

-Դուք ի՞նչ երազանք ունեք:

Ես մի պահ շփոթվում եմ՝ ի՞նչ երազանք ունեմ: Ու ասում եմ գլխումս ծագած առաջին միտքը.

-Ուզում եմ ապակեպատ փոքրիկ տուն ունենալ անտառում:

-Ապակեպատն ի՞նչ է,- Ռաջը նայում է մորը: Գրետան բացատրում է:

-Ես որ մեծանամ՝ քեզ համար ատապեկար տուն կառնեմ,- ասում է Ռաջը ու ամաչկոտ ժպտում, հասկանալով, որ չի կարողացել արտասանել ապակեպատ բառը:

-Մամաս ասել է, որ մենք պիտի իրականացնենք ուրիշների երազանքները: Որ մի օր մեր երազանքներն էլ իրականանան:

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #23 (1245) 13.06.2018 - 19.06.2018, Բանակ և հասարակություն


13/06/2018