ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստան այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շեֆերին և Ստեֆան Վիսկոնտիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:
Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին:
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Ադրբեջանը պարբերաբար շարունակում է շփման գոտում իրավիճակի ապակայունացման գործողությունները: Անդրադարձ է եղել նաև վերջին շրջանում Նախիջևանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիրքերի տեղաշարժին:
Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակում է կողմնակից լինել շփման գծում զինադադարի անվերապահ պահպանմանը` փոխվստահության ամրապնդման համակողմանի միջոցների ներդրմամբ: Միաժամանակ նշվել է, որ Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում ցանկացած շարժ:
Խորագիր՝ Նորություններ