ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Հունիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին և Իտալիայի դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, բրիգադի գեներալ Ալֆոնսո Միրոյին ու կցորդի տեղակալ, ռազմածովային ուժերի կապիտան Կուրցիո Պաչիֆիչին` վերջիններիս ՀՀ-ում հավատարմագրման կապակցությամբ (նստավայրը` Մոսկվա):
Պաշտպանության նախարարը շնորհավորել է բրիգադի գեներալ Միրոյին և ռազմածովային ուժերի կապիտան Պաչիֆիչին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Շնորհավորելով Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ իտալացի գործընկերները կարևորել են Հայաստանի հետ պաշտպանության բնագավառում իրականացվող ակտիվ համագործակցությունը, Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելությունը և ընդգծել փոխգործակցությունն առավել խորացնելու պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իտալական պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների:
Խորագիր՝ Նորություններ