Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՎՈՐՅԱԿ ԽԱՉՔԱՐԵՐ



Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում են ապրում Արարատ եւ Արծվիկ Գեւորգյաններն իրենց 5 զավակների հետ։ Հին Բայազետի Կզլ-Դիզա գյուղից նրանց մի ճյուղը եկել-հաստատվել է Աժդահակի ստորոտում գտնվող այս բնակավայրում։ Տարիների հետ գյուղը շենացել է, տարածվել Գավառագետի վտակներից մեկի աջ ու ձախ ափերին։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ։ Հյուրասեր են, կատակասեր։ Սիրով են պատմում իրենց լեռան գագաթի խառնարանի հրաշագեղ լճակից, որտեղ պահպանված են իշխանի տեսակներ, պատմում են լեռան լանջերի խաչքարերից, մատուռից։ Նախնիներից ժառանգել են պատվախնդրություն, հայրենասիրություն։ Այդ գյուղում է ապրում Արցախյան պատերազմի հերոս Արայիկ Գեւորգյանը, ով իր ապրած կյանքով հարստացնում է իր տոհմի կենսագրությունը։ Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա Արայիկը ֆիզիկա է դասավանդում գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցում են նաեւ աշխատում կինը՝ Անուշիկը, աղջիկը՝ Արծվիկը։ Ծնողները նույնպես եղել են մանկավարժներ, իսկ պապը՝ Սիրեկանը, ճեմարանն ավարտելուց հետո դարձել է գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր սպասավորը…

Արայիկ Գեւորգյանի տուն ոտք դնողները առաջինը տեսնում են բակում կողք կողքի տեղադրված փոքրիկ խաչքարերը, որոնք ասես երկվորյակներ լինեն։
-Այդ առավոտ, երբ պատրաստվում էի սահման դուրս գալ, Արծվիկ մայրս օրհնանքի հետ ասաց. «Որդի՛ս, լավ երազ եմ տեսել։ Երազում քո առջեւում եւ թիկունքում խաչքարեր էին, որոնք իրենց լույսերով ողողել էին քեզ։ Գնա՛, Աստված քեզ հետ»։ Այդ օրն իրոք, ինչպես իմ, այնպես էլ «Նժդեհ» ջոկատի մեր տղաների համար (հրամանատար Ռազմիկ Ամիրխանյան, կմնա անմոռաց, հիշարժան։ Նախիջեւանի սահմանագծում դեռ չէինք հասցրել դիրքավորվել, երբ թշնամին արճճե կարկուտ տեղաց մեր գլխին։ Արկերը պայթում էին մեզնից մի քանի քայլի վրա։ Ես տղաներին պատմել էի երազի մասին, եւ երբ հրետակոծության ժամանակ մեր հայացքները հանդիպում էին՝ կարդում էի հույս ու խաղաղություն, հավատ։ Մենք արդեն դիրքավորվել սպասում էինք. զգացվում էր, որ թշնամին ուր որ է կանցնի հարձակման, որովհետեւ արկերն արդեն հատուկենտ էին գալիս։ Հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցավ հրաշքը (անկեղծ ասած այլ կերպ չեմ կարողանում տեղի ունեցածը մեկնաբանել)։ Արկը պայթեց ինձնից մի քանի մետր հեռու։ Երբ գլուխս բարձրացրի, տեսա արկից բացված հողի ձագարի երկու կողքին պառկած են միանման նույն չափի երկու քարեր։ Երբ մաքրեցի հողը, փոշին, ով զարմանք, միանման երկու խաչքարեր էին՝ նրբահյուս, գեղեցիկ զարդերով, որոնք ով գիտե քանի դար ծածկված էին հողով։ Հիշեցի Արծվիկ մայրիկիս երազը։ Վերադարձին խաչքարերը հետս տուն բերեցի եւ ամեն անգամ սահման դուրս գալուց մոմեր էի վառում։ 1992-ի հունվարին, երբ Մարտակերտում ծանր վիրավորվեցի ու հրաշքով ողջ մնացի, վերադարձին մայրս ասաց, որ էլի նույն երազն է տեսել։

Առաջ Աստված, որոշել եմ մի մատուռ կառուցել կամ էլ խաչքարերը դնել գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, որի հոգեւոր սպասավորն է եղել Սարդարապատի հերոսական կռիվների մասնակից իմ պապը՝ Սիրեկան Թովմասյանը,- ավարտեց իր պատմությունը ուսուցիչ-ազատամարտիկ Արայիկ Գեւորգյանը։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #34 (899) 01.09.2011 - 07.09.2011, Հոգևոր-մշակութային


07/09/2011