Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՐ ԵՐԱԶԸ



ՄՈՐ ԵՐԱԶԸԱյս տարի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանների ասպետ, բռնցքամարտիկ ԱՐՇԱԿ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ կդառնար 60 տարեկան

 

(«Եռաբլուր» շարքից)

 

Բանակից նոր էր վերադարձել, մայրը անդրանիկ որդուն ամուսնացնելու նպատակ, փափագ ուներ։ Իր Արշակին՝ թաղի ամենաշիմշատ տղային ո՞վ աղջիկ չէր տա։ Լենա մայրիկը Արշակի նկարը ծոցագրպանում էր պահում ու տեղ գնալիս չէր համբերում, ճանապարհին հանում էր, նայում, զմայլվում։ Մեկ-մեկ էլ թաքուն համբուրում էր։ Մի առավոտ էլ, լույսը բացված-չբացված, աշխատանքի էր շտապում, կանգառում հին հարեւանուհուն հանդիպեց, կողքին մի նորատի, սիրունիկ աղջիկ։ Աչքը կպավ։ Մոտեցավ, բարեւ-բարի լույս տվեց, ձեւականության համար որպիսությամբ հետաքրքրվեց, հարցրեց։

-Էս շարմաղ աղջիկն ո՞վ է։

-Թոռս է,-ինքն իր մեջ հալվեց հարեւանուհին։

-Ես մի շատ լավ տղա ունեմ, որ գանք ուզենք, չե՞ք տա։

Հանեց, լուսանկարը ցույց տվեց։ Մազերը գանգուր ու խռիվ, աչքերը խաժ, ժպտուն, թիկունքը այնքան լայն էր, որ լուսանկարի մեջ չէր տեղավորվել։

-Ի՜նչ ասեմ, ջահել են, թող հանդիպեն, որոշեն,- իրեն ծանր «ծախեց» հարեւանուհին։

Եվ ահա 1-ին մասի հայտնի Արշակը՝ նախկին հնգամարտիկն ու ազատ ըմբշամարտի ախոյանը՝ նա, ում թաղի բոլոր տղաները կռիվների դեպքում դիմում են, ով թաղի բոլոր տղաների վեճերը հարթեցնում է, գնում է ժամադրության։ Մի փունջ ծաղիկ է գնել, բայց որպեսզի ընկերները չտեսնեն, թաքցրել է թեւի տակ։ Երեւում ու չի երեւում։ Մինչեւ Մարինեին հանդիպեց, տվեց, հոգին դուրս եկավ։ Նրան իսկույն եւեթ հավանեց, չհավաներ, այդպիսի բան չէր անի։ Աղջիկն առաջին ժամադրությանը երկար էր նախապատրաստվել, նոր շրջազգեստ, բարձրակրունկ կոշիկ էր հագել, հարդարանքը, նույնիսկ սանրվածքը փոխել եւ կարծում էր, որ իրեն սրճարան, առնվազն ըմպարան են հրավիրելու։ Բայց՝ ծանոթացած-չծանոթացած, հայտնվեցին ավտոկայանում։ Աղջիկը խռովվեց, տագնապեց.

-Ո՞ւր ենք գնում։

-Ապարան, Ափնա գյուղ։

-Ինչո՞ւ։

-Մերոնց տուն։

Այնքան տիրական, ինքնավստահ էր ձայնը, որ չհամարձակվեց հակաճառել։ Արշակը նրան Ապարան հասցրեց, իջեցրեց Քասախի կիրճն ու բարձրացրեց Ծաղկունյաց լեռները, Աստվածընկալը, Թեղենյաց վանքերը ցույց տվեց, հետո տուն տարավ։ Իննսունամյա տատը ոտից գլուխ չափեց հարսնացուին, գրկեց, ճակատը պաչեց։ Որոշումը կայացավ։

Դրանից տասնհինգ տարի անց ազատամարտիկ Արշակ Ղամբարյանը կրծքին՝ ուսոսկրի ու անրակի միջեւ ստացած հրազենային վերքից մեռնում էր Կարմիրավանի խաղողի այգիներում։ Ու այդ վերջին՝ իր կյանքի ամենավերջին ակնթարթներին զարմանալիորեն հիշում էր իր միակ՝ առաջին ու վերջին սիրուն՝ Մարինեին։ Ամուսնությունը։ Այսինքն՝ հարսանիք, որպես այդպիսին, չէր էլ եղել։ Հայրը արժանապատիվ, ավանդապահ տղամարդ էր, ուզում էր որդուն ընդունված կարգով, ազգային սովորություններով ամուսնացնել, նույնիսկ նոր ստացած բնակարանն էր վերանորոգում՝ Արշակը չհամբերեց։ Նշանդրեքից մեկ ամիս էլ չանցած` իրեն հատուկ վճռականությամբ ասաց.

-Հարսին բերում եմ։

-Ա՛յ տղա, համբերի՛ր,- սրտնեղեց հայրը,- գոնե տունը նորոգենք-վերջացնենք։

-Եսիմ ե՞րբ վերջացնեք, հլա որ քեռանց տանը կապրենք…

Առաջին զավակի աշխարհ գալուց հետո՝ ծննդատանը, Մարինեն՝ աչքը ճանապարհին, ամուսնուն էր սպասում։ Կեսգիշերին, երբ եկավ, չդիմացավ, ինքը պատուհանին մոտեցավ, ցույց տվեց հորը շատ նման կլորիկ, թմբլիկ Գագիկին։ Կարծում էր` կուրախանա, ընկերների հետ հիվանդանոցի բակում պար կգա, բայց նա ժպտաց ու ասաց.

-Ափսո՜ս, աղջիկ էի ուզում։

Մարինեն ամուսնու այդ ցանկությունն էլ կատարեց, երկու տարի անց ծնվեց Լենան, եւ ընդհանրապես, համատեղ կյանքի տասը տարիների ընթացքում չի եղել դեպք, որ կինն Արշակին հակառակվի, վիճի կամ դժգոհի։ Դրա համար վշտացավ, ինքն իր ներսում վիրավորվեց, երբ Արշակն սկսեց գիշերները ուշ տուն գալ, երբեմն ընդհանրապես չգալ։ 1988-ի փետրվարին էլ տնից դուրս եկավ, մի ամբողջ շաբաթ չերեւաց։ Մայրը՝ տիկին Լենան, զգաց, թե ի՞նչ է կատարվում հարսի հոգում, վերարկուն ուսին նետեց, փողոց դուրս եկավ, ընկերներին գտավ։

-Արշակս որտե՞ղ է, չե՞ք տեսել։

-Ո՜նց թե՝ չենք տեսել, Ազատության հրապարակում է։

-Ի՞նչ է անում։

-Անժամկետ հացադուլ է հայտարարել։

Մոր սիրտը կդիմանա՞ր։ Տնային չստիկներով Ազատության հրապարակ հասավ, տեսավ՝ Արշակը նստել է Թումանյանի արձանի տակ, երեսին գույն չի մնացել։

Մղկտաց.

-Բալա՛ ջան, էդ ի՞նչ է վիճակդ, վե՛ր կաց, տուն գնանք։ Ինձ չես խղճում, ջահել կնոջդ, երեխաներիդ խղճա։

-Մինչեւ Ղարաբաղը Հայաստանին չմիավորվի, ես էստեղից վեր կացողը չեմ,- ասաց Արշակը։

Քսաներեք օր հետո բժիշկները նրան ուժակորույս Ազատության հրապարակից մի կերպ հիվանդանոց հասցրին։ Նույն գիշերը, հենց ուշքի բերեցին, փախավ։ Զենք գտավ, գնաց Գորիս…

…Ամեն անգամ, հենց հերթական ճակատամարտից՝ Կոռնիձորից, Շուշիից, Լաչինից, Ֆիզուլիից վերադառնում էր, կրտսեր եղբայրը՝ Ղազարը, որ ըմբշամարտիկ էր ու բռնցքամարտիկ, թախանձում էր.

-Ինձ էլ տար հետդ, էլի, էս ուժս ո՞ր օրվա համար է …

Արշակը, ճիշտ է, հաղթանակած, բայց միշտ էլ անտրամադիր էր տուն մտնում. ամեն Հայաստան գալիս հետները մի մտերիմ, հարազատացած մարտընկերոջ դիակ բերում էին։ Թերեւս դրա համար, որքան էլ տնեցիներին կարոտեր, նույնիսկ միակ եղբոր՝ Ղազարի հետ խոսելու ցանկություն չէր ունենում։ Կարճ էր կապում։

-Դու տանը պիտի մնաս, իմ հույսը դու ես։ Որ զոհվեմ, մերոնց ո՞վ պիտի տիրություն անի։

Մարինեն արդեն վարժվել էր, գիտեր, թե ինչ տրամադրությամբ է տուն մտնում ամուսինը։ Խոսել չէր համարձակվում։ Լուռ լողանալու ջուր էր տաքացնում, համազգեստն էր ախտահանում։ Բայց այդ անգամ չդիմացավ, թաց ձեռքերով խոհանոցից սենյակ մտավ.

-Դու, ուրեմն, կարող է զոհվե՞ս։

-Ինչի իմ արյունը կարմիր չի՞։

Արշակը հպանցիկ բարձրացրեց հայացքն ու նկատեց, թե ինչպես լցվեցին կնոջ աչքերը։ Մոտեցավ, փաթաթվեց Մարինեին։ Փորձեց կատակի տալ.

-Որ ինձ մի բան պատահի, նոր կիմանաս, թե ինչ ամուսին ես ունեցել։

Դա 1992 թվականի օգոստոսյան այն օրն էր, երբ հեռուստացույցով անսպասելի հնչեց Վազգեն Սարգսյանի մարտակոչը։ Արշակը զանգահարեց «Մուշ» ջոկատի իր զինընկերներին, բոլորն էլ երկու ամիս տարբեր ճակատներում կռվելուց հետո մի գիշեր տանը հանգստանալը բավարար համարեցին, որոշեցին առավոտ վաղ միասին նախարարություն գնալ, ամբողջ ջոկատով մահապարտ արձանագրվել։

Այդ գիշեր Արշակը շատ հոգնած էր, ոնց որ՝ թեթեւ ցնցահարված էլ էր ստացել, բայց քունը չէր տանում։ Երեխա հո չէ՞ր, դեռ պատերազմը չհայտարարված` կռվում էր ու շատ լավ հասկանում նախարարի խոսքերը՝ «Մահապարտների» գումարտակում ապրել-մեռնելու հավանականությունը հիսուն տոկոս է հիսուն տոկոսի համեմատությամբ»։ Գլուխը բարձրացրեց, կինը, երեխաները անխռով ննջում էին։

Որպեսզի ոչ մեկին չզարթնեցնի՝ անաղմուկ համազգեստը հագավ, փողոց դուրս եկավ։ Որքան մոտենում էր նախարարության շենքին, այնքան խիղճը տանջում, իրեն մեղավոր էր զգում ծնողների, կնոջ, երեխաների առաջ։ Վերջում կարծես սփոփանք գտավ, ինքն իրեն մխիթարեց. «Ղազարը տանն է, եթե հետ չգամ էլ, Ղազարն իմ պակասը չի զգացնի»։

Նախարարության սրահը, որտեղ արձանագրում էին մահապարտներին, լեփ-լեցուն էր։ Ո՜նց էին առավոտ շուտ եկել-հասել Երեւանի տարբեր թաղերից, Հայաստանի հեռավոր շրջաններից։ Հայացքով որոնեց, որ ծանոթ գտնի։ Արձանագրվողների աղմկոտ հերթում, հեռվից, նա, ով ստորագրում էր համաձայնագիրը, վկայական ստանում, իրեն ծանոթ թվաց։ Մոտեցավ, նայեց, ցնցվեց։ Եղբայրն էր։ Ղազարը։ Իրենից շուտ էր տեղ հասել, մահապարտ գրվել։

♦♦♦

Գանձասարում մահապարտները մկրտվեցին, հաղորդություն ստացան ու հովիտ իջան, որ Չլդրանում, Վաղուհասում դիրքավորվեն, վանքը պաշտպանեն։

Ճամփաբաժանում եղբայրները, որ մինչ այդ իրարից նեղացած, բառ անգամ չէին փոխանակել, մոտեցան։

-Ես Վաղուհաս եմ գնում,- ասաց Արշակը,- դու Չլդրան գնա։ Որ մեկիս մի բան պատահի, մյուսս…Գոնե չենք տեսնի։

– Ես խփվողը չեմ,- ասաց Ղազարը։

– Ես էլ…

Եղբայրները համբուրվեցին։

♦♦♦

Պատերազմը ոնց որ թե վերջացել էր։ Վերջանում էր։ Շենգավիթի ազատամարտիկները՝ ոմանք ողջ-առողջ, ոմանք` վերքերով ու ցնցահարվածներով վերադարձել, մտմտում էին, թե ի՞նչ անեն, որ գլուխները պահեն։ Ընտանիքներին օգտակար լինեն։ Իրենց հասակակից այն թաղեցիները, ովքեր Ղարաբաղ չէին եկել, վաղուց արդեն զբաղեցրել էին բոլոր շահութաբեր ոլորտները, ոմանք այդ դժվարին տարիներին նույնիսկ հարստացել էին։ Մեկ էլ՝ զինկոմիսարիատից լուր եկավ, թե՝ կռված տղաներին կանչում են։ Հակառակորդը ամբողջ ձմեռ նախապատրաստվել, լրացուցիչ ուժեր էր կենտրոնացրել, վարձկաններ հավաքագրել, նկրտում էր Շահումյանից հետո բռնազավթել Մարտակերտի հյուսիսային լավագույն տարածքները, որտեղ շրջանի հնագույն բնակավայրերն էին՝ Թալիշը, Այգեստանը, ինչպես նաեւ Լենինավանը, Կարմիրավանը, Սեյսուլանն ու Հացավանը։

-Տղե՛րք, մենք Երեւանում անելիք չունենք, մեր տեղը Ղարաբաղն է, պատերազմը,- ասաց Գեւորգը։

Ընկերները համաձայնեցին, փորձված, կռված տղաներով գնացին, եռամսյա հավաքին մասնակցելու ցանկություն հայտնեցին։ Հակառակ էր, լուրը իսկույն տարածվեց թաղում, քսան-քսանհինգ ջահելներ, որոնք մինչ այդ ո՛չ Հայաստանի սահմաններն էին պաշտպանել, ո՛չ Արցախում կռվել, վերջին պահին միացան նրանց։ Որ հաղթանակից հետո իրենց արժանապատիվ տղամարդ զգան, բաց ճակատով բակ դուրս գան։

Ի՜նչ ուրախություն էր, որ ապրեցին Արցախի նոր կազմավորված բանակի մարտիկները, երբ Հայաստանից օգնության հասան Շենգավիթի գրոհային գումարտակի, Նոր Նորքի հատուկ վաշտի կամավորականները։ Արցախի պաշտպանները, որ ամբողջ ձմեռը խրամատներում էին անցկացրել, դիրքային մարտերից, նույն տարածքները մի քանի անգամ հանձնելուց, հետ վերցնելուց ուժասպառ էին եղել, ինքնավստահությամբ, վճռականությամբ համակվեցին, միացյալ ուժերով ազատագրեցին գոմերի, գինու գործարանի, բանտի, երեք բարձունքների տարածքները։ Հայկական ուժերի անսպասելի, սուր հակագրոհներից անակնկալի եկած, խուճապի մատնված հակառակորդը նահանջեց ընդհուպ Մարտակերտի հյուսիսային սահմանը՝ Կարմիրավանի մատույցները։ Զգալով, որ ետեւում Միր-Բաշիրն է, ազերիները սթափվեցին, ի մի բերեցին իրենց ցաքուցրիվ վաշտերը, գլխավոր շտաբից հավելյալ ուժեր, զենք՝ հատկապես ծանր հրետանի, անգամ հատուկ սննդամթերք պահանջեցին։ Հրամանատարն ուզում էր իր վարկը վերականգնել, հակահարձակման ուղղությունները ճշգրտում, անընդհատ հոխորտում էր.

-Ապրիլի 24-ին հայերին այնպիսի ջարդ տամ, որ 1915 թիվը միտները բերեն։

Ու որպեսզի Արցախի, Հայաստանի միացյալ ուժերին իր արյունոտ անակնկալը մատուցի՝ 24-ին նախատեսված գրոհը 21-ին սկսեց։ Հարձակմանը ոչ միայն լավ զինված, նոր, մարտունակ զորամիավորումներ, այլեւ աֆղան ու թուրք վարձկաններ էին մասնակցում, որոնցից ամեն մեկը, ըստ նախնական խոստման, հաղթանակի դեպքում հազար դոլար պարգեւավճար պիտի ստանար։ Թալանն էլ իր հերթին։

Իհարկե, հայկական հետախուզությունը պարզել, հրամանատարությանը իրազեկել էր հակառակորդի կուտակման, վճռական գործողությունների նախապատրաստման մասին։ Բոլորն էլ գիտեին, որ ուժերն անհավասար են։ Ամեն առումով։ Հայ մարտիկներն իրենց ազատագրած տարածքները պաշտպանելու, անիմաստ զոհեր չտալու համար որոշեցին գրոհային գումարտակ կազմավորել, սուր, անսպասելի հարձակումներով ջլատել, ցաքուցրիվ անել հակառակորդի զորամիավորումները։ Մինչեւ Մարտակերտի սահմանը նրանք բոլոր ռազմական գործողությունները հաջողությամբ էին ավարտել, վստահ էին, որ վերջինն էլ հաղթանակով կպսակվի։ Հատուկ գրոհային գումարտակի հրամանատար նշանակվեց Վահագն Վարդեւանյանը։ Նա ընտրեց իր լավագույն, հանդուգն մարտընկերներին՝ Արշակ Ղամբարյանին, Գարեգին Խաչատրյանին, Աղվան Գրիգորյանին, Սեդրակ Արամյանին, Արմեն Հովհաննիսյանին՝ տասնչորս հոգու։ Մյուսները՝ Շենգավիթի գումարտակի ջահել, անփորձ կամավորականները, իրենց թիկունքը պիտի պաշտպանեին…

Տասնչորսից ոչ ոք չի փրկվել, որ հետագա մանրամասները պատմի։

Դրա համար է այդքան դժվար սիրողական նկարահանման խամրող կադրերը՝ իրենց մահը չենթադրող, մահվանը չսպասող ու չհավատացող տղաներին նայելը։

Վերջի՞ն գիշերն է։ Կարմիրավանի միահարկ տնակում, որի դռներն ու լուսամուտները ազերիները թալանել են, տարել, շենգավիթցիները մի կերպ կարգի են բերել, աններքնակ, անվերմակ զինվորական մահճակալներին կողք կողքի նստոտել։ Սեղանին մոմ է պլպլում, շիշ ու ալյումինե, հախճապակե, նույնիսկ սուրճի սովորական՝ ունկը թռած բաժակ է նշմարվում։ Ինչ-որ մեկի տարեդարձն է։ Տղաներն ուզում են կենաց ասել, չեն կարողանում, բոլոր անեկդոտներն ու սրամտությունները տափակ են թվում։ Մերթ ընդ մերթ սենյակի այս ու այն անկյունից հայրենասիրական, ազգասիրական երգի ծվատված հնչյուններ են պոռթկում։

Գիշերվա քանի՞սը կլինի։ Մոմը մարմրում ու մարում է։ Խավարում շենգավիթցի մարտիկներն իրարից էլ չեն ամաչում, միաձայն երգում են՝ «Թռչեի մտքով տուն, ուր իմ մայրն է…»։

Մութնուլուսին զինընկերոջ տարեդարձը նշած ու չնշած գրոհայինները շտապում են, որ դիրքերում զբաղեցնեն իրենց տեղերը։ Նկարահանող տղան, որ պարզ է, չի երեւում, վազում է հետեւներից, գոռում.

-Էդպես մի ցրվեք, մոտ-մոտ քայլեք, նկարահանում եմ։

-Ես քո հավեսը չունեմ,- ձեռքը թափ է տալիս Գարիկը։

-Կզոհվեք, հետո ինձնից կնեղանաք։ Մի կադր չեմ ունենա, որ տանեմ տնեցիներին ցույց տամ։

Ծիծաղում է բարձր-բարձր՝ ինքն իր կատակով ուրախանում է։ Մարտընկերները չեն ծիծաղում։ Արագ լրջանում, ձիգ կանգնում են կողք կողքի։ Չեն էլ անդրադառնում, որ լուսանկար չէ, կարող են ազատ շարժվել, քայլել, խոսել։ Ծխախոտներն էլ են հանգցրել…

Առավոտյան, սակայն, ազերիներն ըստ երեւույթին կանխազգացել էին հայերի մտադրությունը, նախահարձակ եղան։ Գրոհը շենգավիթցիներին անակնկալի բերեց, բայց խուճապի չմատնեց։ Երեսունյոթ կամավորական դիրքավորվեցին, դիպուկ կրակահերթերով հմտորեն պաշտպանվեցին։ Մեկ ժամ, երկու ժամ, երեք ժամ։ Փոխհրակոծության թոհուբոհում հնչեց հեռակապի ազդականչը։ Վահագը դժվարությամբ էր լսում տագնապով արտաբերվող բառերը։ Հրամանատարական բարձունքից էր, կարգադրում էին անհապաղ նահանջել։ Ինքն էլ էր տեսնում, որ շրջափակման օղակն աննկատ սեղմվում է, բայց նա ամբողջ պատերազմի ընթացքում չէր նահանջել` ո՛չ «Մուշ» կամավորական ջոկատում, ո՛չ էլ նոր կազմավորված հայկական բանակում, որի առաջին սպաներից էր։ Իրավիճակը հստակ պատկերացնելու, հետագա գործողությունները ճշգրտելու համար մի պահ միայն գնդացրային կրակը դադարեցրեց, հետ շրջվեց։ Թիկունքում դիրքավորվել էին իրենց թաղի՝ 1-ին, 3-րդ մասի ջահել տղաները, որոնց մի մասը կյանքում դեռ չէր հասցրել սափրվել։ Աչքերը մշուշվեցին։ Կողքին ականանետով թշնամու առաջխաղացումը կասեցնում էր Արշակ Ղամբարյանը։ Ամենահարմարը, փորձվածն ու հանդուգնը նա էր։

-Արշա՛կ,- գոռաց ականջի տակ,- մենք կրակը կվերցնենք մեզ վրա, դու ջահելներին թիկունք հասցրու։

Արշակը նրա կողմը չնայեց էլ։ Ձախ ձեռքով հայհոյանշան ցույց տվեց։

-Իմ կողմից չեմ ասում, ռազմաճակատի հրամանատարի կարգադրությունն է..

Ու քանի որ մարտընկերը շարունակում էր ականակոծությունը, թախանձեց.

-Մեղք են տղաները, ջահել են…

Արշակը առանց կրակը դադարեցնելու ետ-ետ սողաց, հետեւից տարավ եռամսյա հավաքի նորակոչիկներին։

Վահագը թեթեւացած շունչ քաշեց՝ առիթ եղավ, Արշակի նման մարտիկն էլ ստույգ մահից փրկվեց։ Հո սա Արցախյան պատերազմի վերջին ճակատամարտը չէ։ Իրենց համար՝ գուցե…

Վահագը, որ անընդհատ կրակում, ուղեղում խճողվող մտքերին հետեւել չէր էլ հասցնում, նկատեց, թե ինչպես Արշակը խաղողի թփուտները ճեղքելով հետ եկավ, զեկուցելու պես ասաց.

– Տղերքին ապահով տեղ հասցրի…

– Բա ինչի՞ հետ եկար։

Տասնչորս հոգու վրա մի ամբողջ զորամիավորում էր կրակ տեղում, փրկության հույս չէր կարող լինել։ Օգնության՝ առավել եւս։ Արշակը գիտեր դա։ Տասնչորսն էլ գիտեին, բայց փոխանակ հուսալքվելու, քանի որ այլ միջոց, հնար չունեին, վճռել էին մահո՛վ հակառակորդին հաղթել։ Երբ Արշակ Ղամբարյանի զինապաշարը սպառվեց, նռնականետը մի կողմ շպրտելով` ամենամոտ ասկյարի վրա խոյացավ, երկու ձեռքով կոկորդը բռնեց, օդ բարձրացրեց, խեղդամահ արեց։ Հետո միայն ընկավ։ Տասնչորսից մեկը՝ վերջինը՝ Վահագն Վարդեւանյանը, դեռ ողջ էր, վիրավոր, բարդու բնին հենված, շոշափում էր պահած նռնակներն ու մտմտում, թե ինչ անի, որ գերի չընկնի։ Ողջ չհանձնվի։ Մարող ուժերը լարելով, շարժվեց, որպեսզի թշնամիները նկատեն իրեն։ Նույնիսկ ճիգ գործադրեց՝ ձայնեց։ Հենց չորս ասկյար վազեվազ մոտեցան, որ գերեն, քաշեց նռնակի փակօղակը, պայթեցրեց իրեն ու չորս զինվորներին։

Թշնամին հաղթել, բայց գյուղ մտնել չէր համարձակվում։ Հայ զինվորից սարսափում էր…

♦♦♦

Լենա մայրիկն այդ շաբաթ օրը առաջին անգամ Եռաբլուր՝ որդու շիրմին չայցելեց։ Երազ էր տեսել։ Առավոտ շուտ այդքան վաղ այրիացած հարսին զգուշացրեց, որ գիշերը ուշ կվերադառնա, ավտոկայան գնաց։ Վարորդները սեւազգեստ, առանց այն էլ փոքրամարմին՝ վշտից կուչ եկած, մի բուռ դարձած կնոջը նկատելով, ավտոբուսները կանգնեցնում, հետաքրքրվում են.

-Ո՞ւր ես գնում, մայրի՛կ ջան, նստիր, տանենք։

-Կարմիրավան։

Տարակուսում են.

-Կարմիրավանը որտե՞ղ է։

-Չգիտե՞ք,- վիրավորվում է,- էն, որ Արշակս…

Ստեփանակերտի երթուղայինի վարորդը ձայնեց, կողքին նստեցրեց, ոչինչ էլ չհարցրեց։ Ի՜նչ հարցներ՝ դեմքից, տեսքից, հագուստներից պարզ էր։ «Մտքովս չէր անցնի, որ Ղարաբաղն էսքան հեռու է։ Ո՞նց է Արշակս ամեն անգամ գնացել-եկել։ Որ սովածացել, ի՞նչ է կերել։ Ախորժակն, ախր, տեղն էր»։ Վարորդը ձրի տարավ մինչեւ Ստեփանակերտ, ավտոկայանում, Մարտակերտի գործընկերներին խնդրեց, որ տեղ հասցնեն։

-Մորքուրս է,- ասաց,- փողի անուն չտաք։

Մինչեւ խաչմերուկ բերեցին.

-Մենք երթուղուց դուրս գալ չենք կարող,- ասացին,- ճանապարհն էս մեկն է, ինչ մեքենա անցնի, կանգնեցրու, նստիր։ Հեռու չի, կհասցնեն։

Աչքը ջուր կտրեց սպասելով։ Ժամը մեկ հազիվ մի բեռնատար էր անցնում, էն էլ լիքն էր լինում կահ-կարասիով։ Բռնագաղթած մարտակերտցիները վերադառնում էին իրենց ազատագրված գյուղերը։

Վերջապես բանակային մի ամենագնացում տեղ տվեցին։ Իրոք հեռու չէր։

Իջել է Լենա մայրիկը խաղողի այգիների մոտ ու ինքնավստահ առաջանում է։ Պատմելով իմացել է, հաստատ գիտի, որ ջրատարի կողքով ուղիղ պիտի գնա։

Ղարաբաղի բանակի երկու զինվոր հեւիհեւ վազում, առաջը կտրում, նույնիսկ փակաղակներն են չխկչխկացնում։

-Ո՞վ եք, ո՞ւր եք գնում,- հարցնում են,- սա ռազմական գոտի է, մուտքն արգելված է։

-Արշակս…

-Ի՞նչ Արշակ։

Սրա՞նք էլ չգիտեն…

Տանում են հրամանատարի մոտ։ Նա թեյ է հյուրասիրում, բացատրում է, որ դաշտը դեռ ականազերծված չէ, թշնամին հանդիպակաց գյուղի խրամատներում դիրքավորված է։ Լենա մայրիկն իրենն է կրկնում։

-Երազ եմ տեսել, Երեւանից եկել-հասել, Արշակս…

Հրամանատարը երկու զինվորներին հանձնարարում է ուղեկցել։ Մեկը ականորսիչ է վերցնում։ Ահա խաղողի թփուտները։ Ձորակը։ Երեք միայնակ բարդիները։ Էստեղ է։ Չոքում, խունկ է ծխում։ «Արշակ ջան, էդ ո՜նց էիր վախեցրել թշնամուն, որ սպանելուց հետո էլ չէին համարձակվել քեզ մոտենալ։ Երբ զոհվելուցդ մի ամիս հետո դիակների փոխանակություն տեղի ունեցավ, ու հունիսի սկզբներին 14-իդ էլ մի կերպ Երեւան հասցրին, մարմինդ խաթարված չէր։ Իմ աչքով տեսա։ Ճիշտ է, ձեր ցինկե դագաղները կուլտուրայի պալատում էին դրել, բայց ես լաց եղա, խնդրեցի, աղաչեցի, թույլ տվեցին, որ քեզ մի գիշերով տուն բերեն։ Առանց օջախից կարոտդ առնելու ո՞նց Եռաբլուր ճանապարհեի»։

Զինվորներն անհանգիստ շարժվում են տեղներում.

-Խնդրում ենք, շուտ արեք։ Հանդիպակաց դիրքերից հեռադիտակով մեզ են հետեւում։ Կկրակեն։

Լենա մայրիկը կռանում է, որդու զոհված տեղը համբուրում, խաչակնքում.

-Չեն կրակի։ Կտեսնեն, որ մայր եմ։

Տեսնում են։ Չեն կրակում։

♦♦♦

Լենա մայրիկը, որ առանց այն էլ ամբողջ կյանքում որդու գովքն է արել, Արցախից վերադառնալուց հետո ում հանդիպում, կանգնեցնում, նույնն է ասում.

-Էդ ի՜նչ աննման տեղերի համար է զոհվել Արշակս։ Ի՜նչ հող է, ի՜նչ ջուր է, ի՜նչ խաղողի այգիներ, հեռաստաններ են։ Չե՞ք տեսել։ Գնացեք, անպայման տեսեք։ Չէ՛, շատ հեռու չէ։ Մի օրում կհասնեք…

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Խորագիր՝ #24 (1246) 20.06.2018 - 26.06.2018, Ճակատագրեր


20/06/2018