Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՂԹԱԾ ԶԻՆՎՈՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՄԵԶՆԻՑ



ՀԱՂԹԱԾ ԶԻՆՎՈՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՄԵԶՆԻՑԺողովրդական դերասան ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԸ կդառնար 80 տարեկան

 

¬Ծագումով ղարսեցի եմ, մանկությունս անցել է Ալավերդի քաղաքում։ Ես մենակյաց, ինքնամփոփ երեխա էի, սիրում էի ընթերցել, առանձնանալ բնության մեջ։ Հիշում եմ Լոռվա փարթամ անտառները, կուտակ¬կուտակ լեռները, հիշում եմ՝ ինչպես էինք մոշ, մորի, հոն ու վայրի տանձ հավաքում ընկերներով։ Իմ մանկության մարդիկ ազնիվ էին ու հավատավոր, կյանքը պատերազմից հետո շատ ավելի դժվար էր, զրկալից, քան հիմա, սով էր ու աղքատություն, բայց հույսը վառ էր, պայքարելու եռանդ կար, հավատ ապագայի հանդեպ։ Սերը շատ էր, սերը չէր թողնում, որ մարդիկ չարանան, ներփակվեն։ Հիշում եմ ղարսեցի պապիս պատմությունները եղեռնի, գաղթի մասին։ Նա իմաստուն մարդ էր։ Այնպես էր պատմում, որ ոչ թե վախ, սարսափ, այլ ատելություն ու վրիժառություն էր արթնացնում թուրքի հանդեպ, հաղթելու կամք, կորցրածը հետ բերելու վճռականություն՝ մեր հողը, մեր Ղարսը, մեր տունը…

Ծնողներս դերասաններ էին, խաղացել էին Վլադիկավկազի թատերախմբում, Ալավերդու բանվորական թատրոնում, որի հիմքով էլ ստեղծվեց քաղաքի պետական թատրոնը։ Ծնողներս անսահմանորեն նվիրված էին թատրոնին, դերասան էին՝ բնատուր տաղանդով, կոչումով։ Նրանք մերժեցին Սունդուկյանի անվան թատրոնում խաղալու առաջարկը եւ մինչեւ վերջ հավատարիմ մնացին գավառական թատրոնին, որտեղ իրենք պետք էին, որտեղ հանդիսատեսը սիրում էր իրենց ու ծափահարում։ Ես 4¬5 տարեկանում փոքրիկ դերեր եմ խաղացել, սակայն, անկեղծ ասած, առանձնապես չեմ սիրել թատրոնը: Փոխարենը՝ տարված էի ֆիզիկայով, մաթեմատիկայով եւ երազում էի ավիացիոն ինժեներ դառնալ։ Ութերորդ դասարանից մեր լեզվի եւ գրականության ուսուցչուհին փոխվեց, եկավ մի արտիստիկ, հետաքրքիր, նուրբ կին ու անմիջապես որոշեց, որ ես մեծ ձիրք ունեմ հումանիտար առարկաների հանդեպ, կարող եմ ասմունքել, ներկայացումներ բեմադրել։ Ուսուցչուհիս ոգեշնչեց ինձ, բացեց նոր աշխարհ, բացահայտեց թաքնված հակումներս։ Դպրոցն ավարտելուց հետո գնացի Մոսկվա, որ դիմեմ ավիացիոն ինստիտուտ, սակայն ճանապարհին փոխեցի որոշումս եւ հայտնվեցի թատերական ինստիտուտում։ Բոլոր քննությունները հաջողությամբ հանձնեցի, սակայն ինձ չընդունեցին ռուսերենի վատ առոգանության պատճառով, փոխարենը՝ երաշխավորական նամակով վերադարձա Հայաստան ու դարձա Երեւանի թատերական ինստիտուտի ուսանող՝ ընդունվելով Գուլակյանի դասարան։

-Ի՞նչ է թատրոնը, մասնավորապես՝ հայ ժամանակակից թատրոնը, զվարճանքի վա՞յր, ժամանցի միջո՞ց, գաղափարախոսական ամբիո՞ն, ինտելեկտուալ խթա՞ն…Ի՞նչ է տալիս թատրոնը դահլիճում նստած մարդուն։

-Թատրոնը ե՛ւ ժամանցի միջոց է, ե՛ւ ինտելեկտուալ խթան։ Եթե կուզեք՝ նաեւ գաղափարախոսական ամբիոն։ Մեծ են թատրոնի հնարավորություններն ու ասելիքի ծավալները։ Թատրոնը կյանքն է բեմի վրա, ավելի վառ՝ գունեղ, տեսանելի, որ ստիպում է նկատել այն, ինչն իրականության մեջ կարող ես անուշադրության մատնել, ստիպում է զգալ այն, ինչը կարող էր անհաղորդ լինել հոգուդ թատրոնի պատերից դուրս։ Թատրոնն ստիպում է մտածել, թատրոնը հոգու հիգիենան է, թատրոնը վարար անձրեւ է, որ մաքրում է հոգին, թատրոնը պայծառ արեւ է, որ լուսավորում է մեր ներսի խավարը։ Թատրոնը գեղեցիկն է, որի հետ յուրաքանչյուր շփում գեղեցկացնում է մեզ։ Թատրոնը բարին է, որ գթասրտություն է արթնացնում մեր սրտերում։ Թատրոնը առաքինությունների ակունք է, որ ազնվացնում է մեր ներաշխարհը, ներշնչում վեհություն, հպարտություն, մեզ դարձնում անանձնական, լայնախոհ, ներողամիտ, արարչամերձ… Չե՞ք զգացել՝ գեղեցիկ, բարձրարվեստ ներկայացումից հետո ինչպիսի լույս է ծնվում հոգուդ մեջ, ինչ ազնիվ ուժ, մաքրություն… Ես չեմ հասկանում վատ հանդիսատես արտահայտությունը։ Թատրոնը պիտի առինքնի, պիտի կանչի, կապի հանդիսատեսին, բարձրացնի նրան՝ ձեւավորելով բարձր արվեստի պահանջարկ։ Այսօր բողոքում ենք, որ ժողովուրդը հրապուրված է էժան սերիալներով, խեղկատակության հասնող անարվեստ կոմեդիաներով, ռաբիսով։ Չենք հասկանում, որ դրանով մեր դատավճիռն ենք կարդում, խոստովանում ենք սեփական բացթողումներն ու սխալները։

Հիշում եմ՝ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը՝ դեռ տակավին երիտասարդ, հաճախ էր գալիս թատրոն։ Այդ տարիներին տոմսերի համար ամիսներով հերթագրվում էին։ Հետագայում մի զրույցի ժամանակ Վազգեն Սարգսյանը խոստովանեց. «Դուք եք ինձ դարձրել այն, ինչ կամ հիմա»։ Չեմ մոռանա մեր այցելությունը ազգային բանակի զինվորներին։ Ես եւ Գուժ Մանուկյանը գնացինք սահման, դիրքեր։ Հրադադարը նոր էր սկսվել, կրակոցներն ու ընդհարումները սովորական էին։ Մի քանի օր ապրեցինք մեր բանակի զինվորների հետ զորանոցներում։ Ի՜նչ գեղեցիկ էին նրանք, ուժեղ, հայրենասեր, քաջ։ Այնքան էինք ներշնչվել, ոգեւորվել, այնքան հպարտ էինք։ Անակնկալ միտք ծնվեց` խաղալ զինվորների համար։ Ես ու Գուժը հենց դիրքերում, բացօթյա խաղացինք Կոմիտաս եւ Դանիել Վարուժան, եղեռնի սարսափները, ողբերգությունը։ Պիտի տեսնեիք, թե ինչպես էին վրեժով, ցասումով ու ատելությամբ վառվում մեր տղաների աչքերը, ինչպես էին հոսում արցունքները այդ ուժեղ, առնական, խիզախ զինվորների աչքերից։ Այդ պահին նրանք այնքան ոգեղեն էին, հզոր, արի ու վրիժառու, որ թուրքական մի ամբողջ բանակ ոտնատակ կտային։

-Արդի դրամատուրգիան անդրադառնու՞մ է մեր իրականության կարեւոր խնդիրներին, պատմական իրադարձություններին։ Ո՞վ է մեր բեմի հերոսը։

-Հարցի ենթատեքստը պարզ է։ Ցավոք, հայ դրամատուրգիան այսօր իր լավագույն օրերը չի ապրում։ Հարցից երեւում է, որ դուք կուզենայիք բեմում տեսնել պատերազմում հաղթած ռազմիկներին, սահման պահող զինվորներին, Արցախյան հերոսամարտը, տքնաջան աշխատանքով երկիր շենացնող հասարակ մարդուն, տոկացող, դիմացող, կենսունակ, անկոտրում հային։ Իհարկե, թատրոնները մեծ սիրով, խանդավառությամբ կբեմադրեին մեր նորագույն պատմության իրադարձային դրվագները պատկերող բարձրարվեստ գործերը։ Բայց մեր իրականությունը չի դարձել արվեստի գլխավոր թեմա ու ասելիք։ Ես համոզված եմ, որ հող ազատագրած հայ զինվորը, Արցախյան պատերազմը ապագայում ներշնչելու են շատ հայ արվեստագետների, ու ծնվելու են անմահ գործեր։ Անկեղծ ասած՝ ես այն կարծիքին չեմ, որ հայրենասիրության ու նման համամարդկային գաղափարների մասին խոսելիս անպայմանորեն պիտի անդրադառնաս քո իրականությանը կամ պատմական իրողություններին։ Դրամատիկական թատրոնը բեմադրում է Շեքսպիրի գործերը, բեմ է բարձրացել 6¬րդ ներկայացումը։ Շեքսպիրը մեծ է, քանի որ նրա թեմաներն ու գաղափարները համամարդկային են ու մշտնջենական։ Չպետք է ազգայինը շփոթել գավառականության հետ։ Խաղալով Շեքսպիր՝ հայ դերասանը բերում է իր ազգային ընկալումները, իր գեղագիտությունը, իր ապրումը, ու դրանով Շեքսպիրը դառնում է ազգային հենց հայի համար, մանավանդ, եթե բեմադրությունը հաջողված է։

-Հայրենասիրությունը պահանջվա՞ծ է մեր իրականության մեջ, կարելի՞ է մեր ժամանակը ոգեղեն ու հայրենասիրական համարել։

– Հայրենասիրությունը բարձր ամբիոնների մոտ չէ, ոչ էլ գեղեցիկ բառերում։ Ես չեմ հասկանում այն հայ ծնողին, որը վիճարկում է որդու բանակ գնալ¬չգնալու հարցը։ Բա իմ տունը ո՞վ պիտի պահի, եթե ոչ իմ որդին: Ես չեմ հասկանում այն մարզիկներին, որոնք խիղճները հանգիստ միջազգային մրցույթներից հայրենիք են վերադառնում պարտված։ Ես ապշում եմ։ Մեռի՛ր, բայց հաղթիր։ Հաղթիր ոչ թե քեզ, այլ հայրենիքիդ համար, ինչպես զինվորն է հաղթում՝ հանուն հայրենիքի։ Ինչպե՞ս կարելի է պարտվել հաղթած դրոշի տակ, հաղթած երկրի անունից, հաղթած զինվորի կողքին։ Հաղթած զինվորը հաղթանակ է պահանջում մեզնից, հաղթանակ է պարտադրում ե՛ւ արվեստագետին, ե՛ւ մարզիկին, ե՛ւ նախարարին, ե՛ւ հասարակ հային։ Նա իրավունք ունի։ Սիրիայում ներկայացումից հետո բոլորի հետ մեզ ծափահարում, բրավո էին գոռում թուրքերը։ Պարտադրիր թշնամուդ ծափահարել քեզ՝ ազգիդ, սա է հայրենասիրությունը։ Պարտադրիր թշնամուդ խոնարհվել ուժիդ առաջ, արվեստիդ ուժի, բանակիդ ուժի, տաղանդիդ առաջ…

-Պարոն Մսրյան, խնդրում եմ՝ հիշեք Ձեր կյանքի ամենատպավորիչ ու անմոռաց դրվագը։

-Երբեք չեմ մոռանա 1946¬ի տարեմուտը։ Ես 7¬8 տարեկան էի։ Առաջին Նոր տարին էր հաղթանակից հետո։ Աղքատություն էր, սով, զրկանք, ու Ամանորի աղքատիկ սեղանը իսկական ճոխություն էր մեզ համար։ Ինքնաշեն խաղալիքներով զարդարված ծառի ճյուղը կատարյալ էր դարձնում Ամանորի հեքիաթը։ Հիշում եմ իմ ապրումները։ Երբեք այդքան երջանիկ չեմ եղել։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #24 (1246) 20.06.2018 - 26.06.2018, Հոգևոր-մշակութային


20/06/2018