ՀՈՒՆԻՍԻ 15-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՕՐՆ Է
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։
Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշաններից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։
ԶԻՆԱՆՇԱՆԸ
«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին:
Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թթ.) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։ Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշաններից է։ Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։
ՕՐՀՆԵՐԳԸ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ՝ որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) օրհներգը: 2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքը: ՀՀ օրհներգը «Մեր հայրենիքն» է: Բառերի հեղինակն է Միքայել Նալբանդյանը, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի:
«ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔ»
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան երեք գույնով`
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Խորագիր՝ #24 (1246) 20.06.2018 - 26.06.2018, Հոգևոր-մշակութային