«ԵՍ ԷԼ ԻՄ ՀԱՄԵՍՏ ԱՎԱՆԴՆ ՈՒՆԵՄ»
Մայոր Յուրի Միրզոյանը Արցախյան թոհուբոհն անցած ազատամարտիկ-զինվորականներից է, մասնակցել է նաեւ Ապրիլյան քառօրյային: Արմատներով Մարտունու շրջանի Շեխեր գյուղից է: Նրա ապրած կյանքն էլ հար ու նման է իր սերնդակիցների կյանքին: Դպրոցն ավարտելուց հետո ուսանող էր Երեւանի բուհերից մեկում, երբ սկսվեց Արցախյան շարժումը:
Սահմանամերձ հատվածներում օրեցօր ավելի հաճախակի էին դառնում ազգամիջյան բախումները, վտանգված էր նաեւ հայրենի օրրանի խաղաղությունը: Յուրան վերադարձավ Շեխեր ու անդամագրվեց գյուղի ինքնապաշտպանական ջոկատին: Սկզբնական շրջանում որսորդական հրացաններով գյուղում պահակություն էին անում, հետո … Ֆիզուլի, Աղդամ, Հորադիս, Ջաբրայիլ…
Հուշերը, հիշողությունները շատ են, բայց այդ օրերից առանձնապես խոսել-պատմել այնքան էլ չի սիրում:
-Օրերը հեռանում-գնում են, բայց հուշերի ալիքը տարիների հեռավորությունից գալիս պաշարում է միտքդ, տակնուվրա անում սիրտդ ու հոգիդ: Արցախյան պատերազմի օրերից ամենածանրը հորեղբորս՝ Գավրիկ Միրզոյանի զոհվելն էր: Կռվի դաշտում էինք, ու տղերքը չէին ուզում հայտնել բոթը: Հորեղբայրս ուսուցիչ էր, բայց զենք էր վերցրել, որ տեր կանգնի նախնիների հողին, որ կանգնեցնի թշնամու առաջխաղացումը: Հորեղբայրս մասնակցել է Շեխեր-Դավալու-Խութ պաշտպանական գծում տեղի ունեցած բոլոր մարտերին: Վերջին մարտը Սեյսուլանի մոտ էր: Պատմում են, որ թեև վիրավոր է եղել, սակայն չի լսել ընկերների հորդորները, որ ստիպում էին դուրս գալ կռվի դաշտից, հակառակը, իր մասին մոռացած, ոգեւորել-քաջալերել է կռվող տղերքին:
Հորեղբայրս կռվել է իր իսկ սարքած «Գրադ» կայանքով, որը հիմա կանգնեցված է ԼՂՀ զոհված ազատամարտիկների տուն-թանգարանի բակում:
-Էն ժամանակ կռվում էինք ինքնաշեն զենքերով, պարզունակ որսորդական հրացաններով, բայց հաղթում էինք, երանի այս օրերի տեխնիկան լիներ,- ասում է մայորը ու շարունակում,- հիմա, երբ մտաբերում եմ ու վերլուծում անցյալը, ապշում եմ, զարմանում` էս ոնց հաղթեցինք, ախր, սկզբում ո՛չ մի կարգին զենք ունեինք, ո՛չ հանդերձանք կար, ո՛չ կարգին վառելիք: Այն ժամանակ կամավորներ էին մեծ ու փոքր, 12 -13 տարեկանից մինչև ծերունիներ, հիմա կանոնավոր բանակ ունենք, կամավորականների փոխարեն ռազմական կրթություն ստացած, արհեստավարժ սպաներով համալրված: Մի քանոնով ու մատիտով, մի քարտեզով հազար պլան էինք գծում… Հիմա զորամասերը համալրված են ջերմատեսիլ սարքավորումներով, անօդաչու թռչող սարքեր են գործի դրվել…
Մայորը խանդավառված` դեռ մեկիկ-մեկիկ շարունակում է թվարկել մեր զինուժի տարիների նվաճումներն ու ձեռքբերումները, թվարկում է ամենայն մանրամասնությամբ՝ ջանալով ամեն ինչ հիշել:
Բանակի ձեւավորման ակունքներում կանգնած մարդիկ մի ուրիշ հպարտություն են ապրում, երբ բանակի գրանցած հաջողություններից են խոսում, մի առանձնակի ոգեւորվածությամբ, երեւի թե ճիշտ այնպես, ինչպես ծնողն է ներկայացնում իր զավակի ամեն հաջողությունները…
Բանակի սկզբնավորման օրից մինչ օրս շարքում է մայոր Յուրի Միրզոյանը, տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ ջոկի հրամանատար, դասակի հրամանատար, ներկայումս էլ գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն է: Տարիներն ավելացրել են փորձն ու փորձառությունը, բայց, միեւնույն է, խոստովանում է՝ ամեն օր ե՛ւ սովորեցնում է, ե՛ւ սովորում.
-Զինվորի հետ տարվող աշխատանքներում ամեն ժամ, ամեն րոպե մի նոր բացահայտում ես անում: Տարբեր են, շատ տարբեր են մեր զինվորները իրենց նկարագրով, իրենց հակումներով, ինքնատիպ մտածողությամբ: Հաճախ ենք զրուցում նրանց հետ ամենաբազմազան թեմաներից, մեծ ուշադրություն ենք դարձնում զինվորների բարոյահոգեբանական վիճակին: Չեմ կարող չհպարտանալ. մեր զինվորը կարող է ցանկացած պայմաններում, ցանկացած իրավիճակում իր առջեւ դրված յուրաքանչյուր առաջադրանք գերազանց կատարել: Իրենց պապերի, հայրերի արժանավոր շարունակողներն են: Ես էլ այս ամենում իմ համեստ ավանդն ունեմ:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #25 (1247) 27.06.2018 - 03.07.2018, Ազգային բանակ