Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է



ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷՏարածքը – 1 242 քառ. կմ

Մարզկենտրոնը`  ք. Արմավիր

Տարածաշրջանները` Վաղարշապատ, Արմավիր, Մեծամոր

Ամենաբարձր կետը ծովի մակարդակից – 1310 մ

                               (Կաշկրագ լեռ)

Ամենացածր կետը ծովի մակարդակից –   830 մ

Բնակչությունը – 265.8 հազ. մարդ (2017 թ.)

 

Արմավիրի մարզը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներից է: Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է: Մարզը բնակչության թվով և խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը:

Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը: Կլիման խիստ ցամաքային է: Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ-ն:

Մարզում  ջերմաստիճանը հաճախ բարձրանում է մինչև 40-42 աստիճան C: Բնորոշ են լեռնահովտային քամիները: Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ, գարունը կարճատև է: Առանձնապես հաճելի է արևոտ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները: Հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են:  Բնական ծածկույթը, որը հումուսով աղքատ գորշահողեր են եղել, հազարամյակների ընթացքում երկրագործության շնորհիվ վերածվել են ոռոգելի հողերի: Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ:

Մարզը հարուստ է պատմամշակութային արժեքներով` Սբ. Էջմիածնի Մայր Տաճարը, Մեծամորը` իր 5000-ամյա մետաղաձուլարանով, Զվարթնոցի տաճարը, Սարդարապատի հուշահամալիրը` հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանով, հին հեթանոսական կենտրոն Բագարանը և այլն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷՊատմական մեծ արժեք են ներկայացնում նաև ուրարտական քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ, Արաքս գետի նախկին հունի ձախ ափին է հիմնադրվել Հայոց մայրաքաղաք Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:

Արգիշտիխինիլի քաղաքը, որի շրջակայքում հետագայում կառուցվել է Արմավիր քաղաքը, հիմնադրել է Արգիշտի Առաջինը մ.թ.ա. 776 թ.՝ Էրեբունիի հիմնադրումից 6 տարի անց:

Գտնվելով միջազգային առևտրային ուղիների խաչմերուկում՝ ժամանակի ընթացքում Արգիշտիխինիլին դարձել է Ուրարտուի (Արարատ) վարչական, տնտեսական ու կրոնական կարևոր բերդաքաղաքներից մեկը:

Արմավիրը իր մեծությամբ ու կարևորությամբ մրցում էր Վան մայրաքաղաքի հետ: Ուրարտուի (Արարատյան թագավորության) անկումից հետո դարձել է Երվանդունիների Հայոց թագավորության մայրաքաղաքը:

Արմավիր քաղաքը ամբողջությամբ ավերվել է մոնղոլների արշավանքների ժամանակ:

Նախկին մայրաքաղաք Արմավիրի տարածքում ներկայումս փռված են Նոր Արմավիր, Հայկավան, Ջրաշեն, Նոր Արտագերս, Նալբանդյան և Արմավիր գյուղերը, իսկ բլրի գագաթին առկա են քաղաքի միջնաբերդի ավերակները:

Մարզկենտրոնից 36 կմ դեպի արևմուտք՝ Երասխ և Ախուրյան գետերի միախառնման տեղում Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ Երվանդաշատի՝ Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի ավերակներն են:

Երվանդաշատը հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը (մ.թ.ա. 3-րդ դարի վերջին, 2-րդ դարի սկզբին):

Հին Հայաստանի այս մայրաքաղաքը կործանվել է 360թ.՝ պարսից և հայոց բանակների բախումների հետեւանքով: Առայսօր պահպանվում են Երվանդաշատի պարիսպների հետքերը, երկու եկեղեցիների ավերակները և վիմագիր երկու արձանագրությունները:

Քաղաքի տեղում այժմ Երվանդաշատ գյուղն է, որի բնակիչները հիմնականում Անիի և Թալինի շրջաններից են:

Մարզում` Ախուրյան գետի ափին, Արշարունիք գավառում է Բագարան (կուռքերի, բագինների վայր) պաշտամունքային կենտրոն-բերդաքաղաքը: Այն նույնպես կառուցել է հայոց Երվանդունիների թագավորական տոհմի վերջին ներկայացուցիչ Երվանդ Վերջին թագավորը մ.թ.ա. 2-րդ դարի սկզբներին:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷԱյդ առթիվ Մովսես Խորենացին գրել է. «Երվանդն իր քաղաքը (Երվանդաշատը) շինելով` Արմավիրից այնտեղ փոխադրեց ամեն ինչ, բացի կուռքերից: Նրանից հյուսիս, մոտ 40 ասպարեզ հեռու, Ախուրյան գետի վրա շինեց մի փոքր քաղաք` նման իր քաղաքին և կոչեց Բագարան, այսինքն թե` բագիններն այնտեղ են տեղավորված, և այնտեղ փոխադրեց Արմավիրում եղած բոլոր կուռքերը: Շինեց նաև մեհյաններ և իր Երվազ եղբորը քրմապետ նշանակեց»:

9-րդ դարի 2-րդ կեսերին Բագարանը կարճ ժամանակով դարձել է Բագրատունիների թագավորության մայրաքաղաքը:

20-րդ դարասկզբին Բագարանն ուներ 800 բնակիչ, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ լքեցին այն և հաստատվեցին Արաքսի ձախ ափին, ուր ներկայիս Բագարան գյուղն է:

Մարզի գլխավոր պատմական կենտրոններից է Սուրբ Էջմիածինը:

Ըստ ավանդության՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մի տեսիլք է ունենում. Քրիստոսը լուսավոր կերպարանքով իջնում է երկնքից և ցույց տալիս այն տեղը, ուր պետք է կառուցվեր Հայոց առաջին եկեղեցին: Այդպես է, որ վայրը կոչվել է Էջմիածին` իջավ Միածինը:

Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը կառուցվել է IV դարի սկզբին: Տաճարը 484թ. վերակառուցվել է իշխան Վահան Մամիկոնյանի օրոք, 1658թ.՝ Փիլիպոս կաթողիկոսի ժամանակ կառուցվել է արևմտյան ճակատի մեծ զանգակատունը, իսկ 1869թ.` Գևորգ Դ կաթողիկոսի ժամանակ, կառուցվել է տաճարի թանգարանային մասը՝ արևելյան կողմը: Տաճարի ներսի 18-րդ դարի որմնանկարները հեղինակել են Հովնաթանյանները:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷՄայր տաճարի շրջապատում են գտնվում մի շարք պատմական կառույցներ` Տրդատ թագավորի դուռը ( 7-րդ դար), Ղազարապատը (17-րդ դար), միաբանական Երեմյան շենքը (19-րդ դար), Հոգևոր ճեմարանի շենքը (20-րդ դարի սկիզբ), Վեհարանի շենքը (1915 թ.):

Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա Կաթողիկոսի գահակալության 40 տարիներին՝ 1955-1995թթ., Սբ. Էջմիածնի վանքի շրջակայքում բարձրացել են նոր կառույցներ` վանքի գլխավոր մուտքն ու պարիսպները, տպարանի շենքը, ժամացույցի աշտարակը, վանատուն-հյուրանոցը և Ալեք-Մարի Մանուկյան թանգարանը:

Հազար յոթ հարյուրամյա Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը՝ ճարտարապետական ինքնատիպ ոճով, աշխարհի հնագույն քրիստոնեական հուշարձաններից է ու նաև սրբատեղին և ուխտավայրը Հայաստանում և արտասահմանյան երկրներում բնակվող հայերի համար:

Մարզի մյուս  տեսարժան վայրերից է Սարդարապատի հուշահամալիրը:

Այն հանդիսավորապես բացվել է 1968թ. մայիսին` Սարդարապատի ճակատամարտի 50-ամյակի կապակցությամբ:

1978 թ. այդտեղ գործում է հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը:

Հերոսամարտի վայրում, մարզկենտրոնից 10 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն տանող ճանապարհի աջ կողմում մեծ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված հուշահամալիրը դարձել է մի նոր ուխտատեղի հայ ժողովրդի համար, ուր ամեն տարի մայիսի 28-ին՝ մասնակցությամբ պետական բարձրաստիճան այրերի, հոգևոր դասի ներկայացուցիչների, հայ ժողովրդի հազարավոր զավակների ու արտերկրից ժամանած հյուրերի, մեծ շուքով ու տոնակատարությամբ նշվում է Հանրապետության տոնը` հայկական պետականության վերածննդի օրը:

Երևան-Էջմիածին ավտոմայրուղու ձախ կողմում` Էջմիածին քաղաքից 3 կմ հեռավորության վրա կա մի կոթող-ուղեցույց: Այն ստեղծել են Երվանդ Քոչարն ու Ռաֆայել Իսրայելյանը:

Բարձր պատվանդանին խրոխտ կեցվածքով թառել է քարե արծիվը, իսկ ներքևում` քարե պատվանդանի վրա, փորագրված է «Զվարթնոց». պատմամշակութային արգելոց-թանգարան:

Զվարթնոց տաճարը և նրան կից կաթողիկոսական պալատը կառուցվել է 641-661 թթ. հայոց Ներսես Գ Շինող կաթողիկոսի կողմից:

Տաճարը եռաստիճան, կենտրոնագմբեթ, 5 մուտք ունեցող 45 մ բարձրությամբ ճարտարապետական շինություն է եղել` անկրկնելի զարդանախշերով, որմնաքանդակներով, սյուներով և կամարներով: Տաճարը ավերվել է 10-րդ դարի վերջերին՝ երկրաշարժից:

Տաճարի ավերակներին կից կառուցված է թանգարան, իսկ շրջակայքում փռված է Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց թաղամասը:

Մարզում է Մուսա լեռան հերոսամարտը հավերժացնող հուշակոթող-հուշահամալիրը:

1946-1947թթ. Մուսա լեռան հայության մի ստվար զանգված (ավելի քան 5000 մարդ) վերջնականապես հանգրվանեց Հայաստանում՝ մասնակից դառնալով մայր հայրենիքի վերաշինման վեհ գործին: Էջմիածնի շրջանի Գինեվետ ավանը 1972 թ. վերանվանվեց Մուսալեռ, իսկ 1976 թ. սեպտեմբերի 16-ին, ավանի մոտ, բարձր բլրի վրա բացվեց հերոսամարտին նվիրված հուշակոթողը, որը կառուցվել է հայրենիքի ու սփյուռքի մուսալեռցիների նյութական միջոցներով և  անմիջական մասնակցությամբ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷԱնառիկ ամրոց հիշեցնող այս կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը:

Կոթողի հեղինակները` ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն ու նկարիչ-քանդակագործ Արա Հարությունյանը, ստեղծել են մուսալեռցիների հերոսական անվանն արժանի գործ:

Այստեղ` հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանել են նաև արցախյան գոյամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները:

Մարզի տարածքում Երևան-Արմավիր մայրուղու ձախ մասում, Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի միջև գտնվում է Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը` Ակնալիճը (Այղր լիճը), պատմական Մեծամորը: Սա մի գողտրիկ, մոտ 10 մետր խորությամբ, ձագարաձև հատակով, 7 հա տարածք զբաղեցնող լճակ է, որը զարդարում է Արարատյան դաշտի այս հատվածը: Ակնալիճը լինելով մարզի միակ բնական ջրային մակերեսը և ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը, իր հաստատուն ջրի մակարդակի շնորհիվ դարեր շարունակ օգտագործվել է որպես Արարատյան դաշտի հողերի ոռոգման աղբյուր: Ակնալճից արտահոսում է միայն Սևաջուր գետակը: Լիճը պետական արգելոց է:

Ակնալճի շրջակայքում կան նախնադարյան բերդաշեների մնացորդներ և դամբարանադաշտեր:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ենթասպա

Խորագիր՝ #25 (1247) 27.06.2018 - 03.07.2018, Հոգևոր-մշակութային, Ռազմական


28/06/2018