ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ԿԼԻՆԵՆ ՆԱԵՎ ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ
ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ` ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ
Զինված ուժերում այս ուսումնական փուլն առանձնանում է նրանով, որ անձնակազմը եռանդով նախապատրաստվում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին: Ամեն օր մասնակից զինծառայողները ամրակցված մարտական տեխնիկայով փորձեր են կատարում, կատարելագործում իրենց շարային քայլքը` տոնական օրը լավագույնս ներկայանալու համար: Չէ՞ որ Հանրապետության հրապարակով իրենց անցնելուն հետեւելու են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ աշխարհի շատ պետություններում, պատկերացում են կազմելու մեր բանակի մարտական պատրաստության, ռազմական ներուժի մասին: Այդ գիտակցումը լրացուցիչ ուժ է տալիս մեր զինվորին, օգնում հաղթահարել բոլոր դժվարությունները:
Թեեւ զորամասերի գերակշռող մասը ծանրաբեռնված է զորահանդեսի նախապատրաստական աշխատանքներով, զուգահեռ անցկացվում են ուսումնական ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները: Դրանում համոզվեցինք` այցելելով մի քանի զորամասեր:
Գնդապետ Գ. Խաչատրյանի հրամանատարությամբ գործող զորամասը զորահանդեսին ներկայանալու է ե՛ւ անձնակազմով, ե՛ւ տեխնիկայով: Հրամանատարի խոսքով, ծանրաբեռնվածությունը շատ մեծ է, սակայն յուրաքանչյուրը գիտակցում է, որ զինվորի ուսուցումը եւ ստորաբաժանումների մարտունակությունը առաջնահերթ կարեւորություն ունեն: Այդ խոսքերը հաստատում էր նաեւ հրաձգարանում ընթացող կրակային պատրաստությունը. անցկացվում էին դասակի կազմով մարտական հրաձգությամբ վարժանքներ, իսկ ավելի ուշ նախատեսվում էր կրկին դասակի կազմով գիշերային մարտավարական զորավարժանք` մարտական հրաձգությամբ:
Գնդապետը հակիրճ ներկայացրեց զորամասում կատարվող մարտական պատրաստության միջոցառումները:
-Առաջին կիսամյակում մենք մասնակցել ենք գնդային մարտավարական զորավարժության` մարտական հրաձգությամբ: Անձնակազմը ոչ միայն ցուցադրել է իր կարողությունները, այլեւ զգալիորեն կատարելագործել դրանք դաշտային պայմաններում: Զորավարժության արդյունքների հիման վրա էլ պլանավորել ենք մեր աշխատանքները երկրորդ կիսամյակում` նպատակ ունենալով վերացնել առկա թերություններն ու զարգացնել ձեռքբերումները:
Անկասկած, ստորաբաժանումների մարտունակության բարձրացմանն են նպաստել մասնագետների հավաքներն ու դաշտային պարապմունքները: Դրանց մասնակիցների կարծիքով, նման գործնական պարապմունքները ավելի նպատակային են եւ արդյունավետ: Համոզվելու համար բավական է նայել անձնակազմի գնահատման սանդղակին. գործնական դասընթացներից հետո ստուգարքների գնահատականները բարձրանում են:
Պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցանմանը զուգահեռ, գնդապետ Խաչատրյանը կարեւորեց հրամանատարական պատրաստությունը: Մի քանի օր առաջ զորամասի սպայակազմը մասնակցել է հրամանատարաշտաբային զորավարժության, որի ընթացքում հմտացել է հրամանատարական կետի ծավալման եւ անձնակազմի ղեկավարման, ըստ առաջադրված խնդրի` ճիշտ որոշում կայացնելու եւ մարտը պլանավորելու հարցերում: Այժմ այդ փորձը ներդրվում է ամենօրյա ծառայության մեջ:
Մարտական պատրաստության պարապմունքներից բացի, ստորաբաժանումները զորամասին ամրակցված պաշտպանական տեղամասերում ռազմական իրադրության պահանջներին համապատասխան լայնածավալ ինժեներական աշխատանքներ են կատարում, որոնց ավարտին հատկապես մոտոհրաձգային խմբերի համար կապահովվեն գործնական գիտելիքների կիրառման լայն հնարավորություններ:
Հրամանատարի գնահատմամբ, առավել քան կարեւոր է հրաձգարանի բարեկարգումն ու ինժեներական համապատասխան կահավորումը: Հրաձգարանը սպասարկում է մի քանի զորամասի եւս, եւ լիարժեք գործելու համար մշտական աշխատանքներ են պետք: Ներկայումս զինվորների ուժերով պատրաստվում է մարտավարական դաշտը, ուր հնարավոր կլինի գործնական հագեցած պարապմունքներ անցկացնել, նաեւ կոնկրետ հանձնարարությունների հիման վրա խորացնել ե՛ւ սպաների, ե՛ւ կրտսեր հրամանատարների գիտելիքները: Օրինակ` փոփոխվող իրական կողմնորոշիչների միջոցով տարբեր օղակների հրամանատարները կկարողանան առավել ճշգրիտ կազմել կրակային քարտ եւ կողմնորոշվել տեղանքում:
Մենք չէինք կարող չայցելել հրաձգարան եւ մեր աչքով չտեսնել աշխատանքների ընթացքը: Իրոք որ, կատարված ինժեներական աշխատանքների ծավալը տպավորիչ էր, իսկ այդ պահին ուսումնական խրամատներ փորող զինվորների շարքը ձգվել էր հարյուրավոր մետրեր: Բոլոր գործողությունները կատարվում էին հրամանատարների հսկողության ներքո` անվտանգության կանոնների պահպանմամբ: Հենց փորելու ընթացքում էլ զինվորներին մասնագիտական խորհուրդներ էին տալիս, հրահանգավորում խրամատում ճիշտ վարվելակերպի վերաբերյալ:
ՄԱՐՏԱԿԱՆ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հրաձգարանի մյուս հատվածում մարտական հրաձգություն էր անցկացնում գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասի գումարտակներից մեկը: Գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ս. Ավետյանը մեզ տեղեկացրեց, որ ընթանում է դասակի ցուցադրական մարտական հրաձգություն, այսինքն` զինծառայողները` կապիտան Ա. Սահակյանի ղեկավարությամբ, ցուցադրում են դասակի կազմով առաջադրանք կատարելիս մարտական խնդրի իրագործման օրինակելի ձեւը, ինչի միջոցով կատարելագործվում է գործողությունների համատեղումը եւ հրամանատարների` ղեկավարելու ունակությունը: Փոխգնդապետը հավելեց, որ նման պարապմունքներն օգտակար են բոլոր զինծառայողների համար. կատարողները լրացուցիչ վստահություն են ձեռք բերում սեփական ուժերի հանդեպ եւ ամրապնդում իմացածը, իսկ դիտորդի դերում գտնվող մյուս դասակների հրամանատարները ուշադրություն են դարձնում բազմաթիվ «մանրուքների», որոնք գուցեեւ բաց են թողել իրենց ստորաբաժանումների հետ աշխատելիս:
Դասակի բոլոր օղակները, խնդրի կատարման առանձնահատկությունից ելնելով, կատարեցին մարտավարական տեղաշարժեր, դիրքավորվեցին եւ համագործակցելով` խոցեցին պայմանական հակառակորդին նմանակող թիրախները: Առաջադրանքի կատարումից գումարտակի հրամանատարը գոհ էր, հատկապես նշեց վարժանքից վարժանք ստորաբաժանումների փոխգործակցության աճը:
Իսկ մինչ այդ գումարտակի ամբողջ անձնակազմը պլանային կրակային պատրաստություն էր անցկացրել` խոցելով շարժվող եւ անշարժ, հայտնվող թիրախներ: Հրաձգության արդյունքների ամփոփաթերթիկը վկայում էր, որ լավագույն արդյունքը ցույց է տվել կապիտան Ա. Մատինյանի վաշտը, որի զինվորների գերակշռող մասը «գերազանց» եւ «լավ» գնահատականներ էր ստացել, ապա` ծանր զենքի դասակը: Բայց մյուս վաշտերի ցուցանիշները նույնպես փոխգնդապետի համար գոհացուցիչ էին:
Գումարտակի կազմում լավագույն կրակողները շատ էին` Հովհաննես Բարսեղյան, Գոռ Պապիկյան, Հայկ Հարությունյան, Գագիկ Նազարյան, Կարեն Վարդանյան եւ ուրիշներ: Նրանցից յուրաքանչյուրը հպարտ էր, որ իր վարժվածությամբ փաստում է հարազատ ստորաբաժանման մարտունակության բարձր աստիճանը:
Հրաձգային ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գոռ Խաչատրյանը Սիսիանի շրջանի Շաքի գյուղից է: Ավարտել է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը եւ 2010թ. զորակոչվել բանակ: Իրավագիտական կրթությունը նրան օգնել է բանակում հեռու մնալ անցանկալի արարքներից, իր եւ ընկերների շահերը պաշտպանել, տեղեկացնել նրանց իրավախախտումների հետեւանքների մասին: Զորամասում նրան մեծապես օգնել են նաեւ մարզական ունակությունները: Մի քանի տարի Գոռն զբաղվել է բռնցքամարտով, մասնակցել է Հայաստանի առաջնություններին եւ ֆիզիկական կոփվածության շնորհիվ երբեք չի բողոքել ծանրաբեռնվածությունից: Գոռն ամուսնացած է եւ երբ զորացրվի ու վերադառնա տուն, կնոջը, իր բոլոր հարազատներին անպայման պատմելու է ծառայողական հաջողությունների մասին, հատկապես զորամասի սերժանտների, նաեւ իր ուժերով պատրաստված մարտավարական փոքր դաշտի մասին:
Սերժանտ Նարեկ Մանուչարյանը դասակի հրամանատարի տեղակալ է, ինչն արդեն խոսուն փաստ է նրա ունակությունների, մասնագիտական առաջընթացի մասին: Գնդային մարտավարական զորավարժության ժամանակ մարտական հրաձգություն կատարելիս բոլոր թիրախները խոցելու համար նրան լրացուցիչ 5 օր արձակուրդ է տրվել:
Շարքային Գոռ Միքայելյանը Կաթնաջուր գյուղից է, իր առնական կեցվածքով ահ ու սարսափ կտարածի ցանկացած թշնամու վրա: Նա հատկապես աչքի է ընկնում պահակային ծառայության անթերի կատարմամբ: Ինչ վերաբերում է հրաձգությանը, ապա չի հիշում, որ երբեւէ ցածր գնահատական ստացած լինի, միշտ «գերազանց», հազվադեպ` «լավ»:
Երբ տեսնում էինք հրամանները վարժ կատարող զինվորներին, մտածում էինք, որ բոլորն էլ արդեն «հին» ծառայողներ են, սակայն պարզվեց, որ նրանց մի մասն ընդամենը երկու-երեք ամսվա ծառայող է, ինչպես շարքային Սերյոժա Անդրեասյանը: Արդեն հասցրել է յուրացնել զորամասային կյանքի նրբությունները, լիովին ներգրավվել է ստորաբաժանման կազմում եւ համարվում է դիպուկ կրակող:
Նայելով այս տղաներին` վստահաբար կարելի է ասել. այսօր նրանք լավագույններից են հրաձգարանում, վաղը լավագույնը կլինեն հավանական մարտադաշտում:
ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
մայոր
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր