Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՍԻՍԻԱՆԻ ՀՈՄԵՐՈՍԸ»



ՀՈՄԵՐՈՍ ՂԱՐԻԲՅԱՆԻ Նիկոլայ հայրը շրջանի մոլիբդենի հանքերի կապի հանգույցի պետն էր ու որդուն շատ բան էր սովորեցրել: Զորակոչվելիս Մոսկվայի զինվորական օկրուգում զարմացել էին, որ Հոմերոսը որչափ վարժ է տիրապետում Մորզեի այբուբենին և իսկույն ՀՕՊ զորամասում ռադիոկայանի պետ էին նշանակել: Հետո միշտ աշխատեց Սիսիանի շրջանային կապի հանգույցում:

Երբ շրջանի ջրամբարներից մեկում ջրի մակարդակը բարձրացավ՝ ստեղծելով հեղեղման վտանգ, որի դեպքում կավերվեր նաև քաղաքի կապի հանգույցը, Հոմերոսին ուղարկեցին Երևան` հզոր Ռ-140 ռադիոկայանք բերելու, որին տիրապետելու համար նաեւ դասընթացներ ավարտեց: Իսկ 1989-ին շրջանի կապի հանգույցի պետ Արտակ Ղահրամանյանը կանչեց ու ասաց, որ պետք է Ռ-140-ով կապ ապահովել Ղարաբաղի հետ: Սկզբում կապ էր պահպանում հիմնականում «19» ազդականչով կապավորի՝ ԼՂՀ առաջին զինվորական կապավորներից Գայանե Պողոսյանի հետ, որի միջոցով Հոմերոսը խոսում էր նաև Արկադի Տեր-Թադևոսյանի հետ: Հետո ավելացավ Հադրութի ռադիոկայանը, որտեղ Անուշն էր, ապա` մյուսները, ու մի օր էլ Հոմերոսը հասկացավ, որ արդեն կապ է պահպանում Արցախի բոլոր շրջանների հետ: Բանակ դեռ չկար, իսկ երկրապահը նոր էր ստեղծվում: Հոմերոսի Ռ-140 կայանքը միջանկյալ օղակ էր Երևանի ու Ստեփանակերտի միջև: Շարժման սկիզբն էր. երկու կողմում էլ ընդհատակում գործող սակավուժ ռադիոկայաններ էին, և Հոմերոսը Երևանի ու Ստեփանակերտի հաղորդածները փոխանցում էր միմյանց: Սպիտակ խաչով թևկապներ կրելու կարգադրությունն էլ Շուշիի ազատագրման նախօրեին նա՛ փոխանցեց Ստեփանակերտ:

Փախստականների թվի մեծացմանը զուգընթաց ավելանում էր նաև Հոմերոսի աշխատանքը: Գտնում էին և խնդրում ճշտել, թե իրենց այս կամ այն բարեկամը որտեղ է:
Իրավիճակը գնալով լարվում էր. Հոմերոս Ղարիբյանը գիշեր-ցերեկ կայանքի մոտ էր, ստիպված անկողինը բերեց ռադիոկայանք: Կինն ուտելիք էր բերում, նաև Արտակ Ղահրամանյանն էր գալիս: Կապի ցանկացած խափանում անթույլատրելի էր, ուստի որդիները` 1974-ին ծնված Սարգիսն ու նրանից երեք տարով փոքր Գարեգինը, մեկ շաբաթում բավական բան սովորեցին: Անգամ կնոջը՝ մասնագիտությամբ հաշվապահ Սվետլանա Գրիգորյանին այդ ամենը սովորեցրեց:

Գարեգինն այսօր կապի վաշտի հրամանատար է, կապիտան, իսկ Սարգիսը մայոր է, զորամասի կապի ծառայության պետ: Մեկ տարի անց, երբ նա պիտի մեկներ ծառայության, կապի վարչության պետ Վլադիմիր Մկրտչյանի կարգադրությամբ զորակոչվեց նույն ռադիոկայանքի մոտ: Գնդապետ Մկրտչյանը՝ Հայաստանի առաջին զինվորական կապավորների կողմից այնքան սիրված Բաբկենիչը, Ղարիբյանների ընտանիքի չափահաս ու դպրոցահասակ կապավորներին դեռ ՀՀ կառավարությանն առընթեր պաշտպանության կոմիտեից գիտեր:
Ռադիոկայանն անխափան աշխատում էր, և միայն 1991-ի գարնանը՝ ԽՍՀՄ ներքին զորքերի իրականացրած տխրահռչակ «Օղակ» գործողության ժամանակ, երբ նախկին խորհրդային զինվորականները հայտնվեցին Զանգեզուրում, Հոմերոսը իջեցրեց ալեհավաքներն ու մեքենան թաքցրեց բոլորից մոռացված մի փակ կայանատեղում: Դուռը կողպել էր, միակ բանալին դեն նետել ու գնացել՝ սպասելով լավ օրերի:

***
Դժվար էր հատկապես Մարտակերտի նահանջի ժամանակ: Ու նաև սկզբում «19»-ի հետ կապ պահպանելն էր դժվար, երբ Գայանե Պողոսյանը սակավուժ կայանքը ձեռքին հաճախ չէր կարողանում տեղը փոխել, որովհետև խորհրդային ներքին զորքերի զինվորականները կնկատեին: 92-ին, երբ թշնամին մտավ Մարտակերտ շրջկենտրոն, վեց ժամ կապ ընդհանրապես չկար… Կապն ի վերջո վերականգնվեց, բայց շատ վատ լսելիությամբ, Հոմերոսը պահանջեց տեղը փոխել, պատասխանեցին, որ Մարտակերտ քաղաքի անկումից հետո շրջապատման մեջ են, չեն կարողանում գլուխները բարձրացնել, էլ ուր մնաց` տեղ փոխեն:

1993-ից կայանքի մոտ Սարգիսն էր: Երբ ՊՆ կապի հանգույցը հզորացավ, Հոմերոսի Ռ-140-ի դերն աստիճանաբար նվազեց: Օդանավակայանի հրամանատար Կամո Ոսկանյանը նույն թվականին նրան որպես կապավոր տարավ իր մոտ: Օդանավակայանում նույնպես հեշտ չէր: Հոմերոս Ղարիբյանն ամենածանր պայմաններում գիշեր-ցերեկ ընդունում ու ճանապարհում էր ռադիոեթերում իր ուղեկցման գոտի մտնող ուղղաթիռներին, հաղորդում եղանակային տվյալները: Գիշերվա բուք ու բորանին ողջ անձնակազմով սկսում էին հին անվադողեր վառել, որ օդաչուները տեսնեին ու վայրէջք կատարեին: Հաճախ էլ թռիչքային եղանակ չէր լինում, ու վիրավորներ տեղափոխող ուղղաթիռները Սիսիանում էին վայրէջք կատարում: Բոլորով սկսում էին վիրավորներին իջեցնել և «Շտապ օգնության» մեքենաներով ճանապարհել քաղաքի հիվանդանոց…

***
Խաղաղության հաստատումից առժամանակ անց Հոմերոս Ղարիբյանը զորացրվեց: Փոքրամարմին ու համեստ այս մարդը, որի մասին բացառիկ ջերմությամբ, երախտագիտությամբ ու սիրով են խոսում սիսիանցի կամավորներն ու պատերազմի տարիների զինվորական կապավորները, ոչ մի պատվոգիր կամ մեդալ չունի: Մի անգամ, նրան պարգևատրելու խնդիրը քննարկելիս, շատերն անկեղծորեն զարմացել էին. «Նա Սիսիանից դուրս էլ չի եկել», մոռանալով, որ պատերազմի տարիներին Հոմերոսը ոչ թե Սիսիանից, այլ ԶԻԼ-130-ի փակ թափքում տեղակայված հզոր ռադիոկայանքի մոտից էլ հեռու չէր գնացել…

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #34 (899) 01.09.2011 - 07.09.2011, Ճակատագրեր


07/09/2011