ՊԱՐԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անակնկալների պակաս չունի: Ուժեղագույն հավաքականները խմբային փուլից սահուն մտան փլեյօֆյան փուլ ու նույնքան սահուն իրենց դրսեւորեցին, ասես ամեն ինչ հենց այդպես էլ պիտի լիներ: Իհարկե, այստեղ մեջդ չի կարող չարթնանալ ներքին ըմբոստությունդ «բայց, ախր, այդպես չպիտի լիներ» հարցի տեսքով, սակայն իսկույն եւեթ սսկվում ես, քանզի այս կյանքի պրագմատիկները ռեալ իրականությունը բերում, աչքդ են խոթում որպես իրեղեն ապացույց ու ընդդեմ արտահայտվելու հնարավորությունից ձայնազրկում, որովհետեւ այդ իրականությունը հակառակ քո պատկերացրածի է:
ՄԵՍԻՆ ԼՔՈՒՄ Է ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԵՏԸ ՏԱՆԵԼՈՎ ԵՎ ՌՈՆԱԼԴՈՒԻՆ
Ֆրանսիա-Արգենտինա դիմակայությունը, որ փլեյօֆյան հանդիպումների շարքից առաջինն էր, հարկադրված ես որակելու որպես դառը իրականություն, որովհետև այդ մրցակցությանն այլ բնութագրական գտնելը չափից դուրս դժվար է: Սա, երևի թե, աշխարհի չեմպիոն դառնալու Լիոնել Մեսիի վերջին հնարավորությունն էր, որքան էլ ցավալի է այսպես ասելը: Իհարկե, չորս տարի հետո հրաշք արգենտինացին դեռևս մարտական պոստում կլինի, ու տա Աստված, որ հաստատապես լինի, քանզի նրա մարզական երկարակեցությունն անվիճելիորեն բոլորիս հարստությունն է, սակայն տարիներն աննահանջ են, ու դրանք, ավաղ, մեզ ոչ թե երիտասարդացնում, այլ ծեր են դարձնում: Հարկավ ծերությունն էլ իր քաղցրությունն ունի, սակայն, ինչպես գիտեք, այն ոչ բոլոր դեպքերի համար է:
Ֆուտբոլում գրեթե ամեն ինչի հասած այս հրաշք մարզիկին, երևի, այդպես էլ վիճակված չէ հավաքականի մակարդակով աշխարհի չեմպիոնի կոչումը կրելը, բայց նրա ի՞նչ մեղքն է, որ հավաքականն իր գլխին այս տարիներին չունեցավ մի մարզիչ, որը կկարողանար արգենտինական աստղաբույլը գերաստղի հետ հասցնել չեմպիոնական բարձունքի: Ասացեք, խնդրեմ, մի՞թե ճիշտ է, որ Ֆրանսիայի ընտրանու հետ վճռորոշ հանդիպմանը թիմի տղաներով են որոշում՝ ինչ կազմով հանդես գալ:
Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ խաղին, ֆրանսիական կորպուսն իր թեթև, անկաշկանդ, երիտասարդական արյունով ու ավյունով լի, արտիստիկ խաղով, թռվռալով անցավ արգենտինացիների վրայով՝ չորս անգամ նրանց հարկադրելով գնդակ հանել սեփական դարպասից: Հա, երեքն էլ իրենք հանեցին իրենցինից, սակայն դրանից ի՞նչն էր տաք կամ ի՞նչն էր պաղ արգենտինական ֆուտբոլային այս սերնդի համար, որ դատարկ հայացքով նայում էր տրիբունաներին ու չէր գիտակցում, որ եղածը վերջն է, վե՜րջը:
Մեսիական մի դատարկություն էլ հաշված ժամեր անց իջավ համաշխարհային ֆուտբոլի երկրորդ գիգանտի՝ Քրիշտիանու Ռոնալդուի վրա, սակայն, կներեք, որքան էլ Պորտուգալիան եվրոպական չեմպիոնի կարգավիճակում է, այնուամենայնիվ, այն իր հզորությամբ Արգենտինայի հավաքական չէ ո՛չ ներկայով, ո՛չ էլ անցած ուղիով: Երկու տարի առաջ նրա նվաճած չեմպիոնությունն ավելի շատ արտակարգերի կարգից էր, քան կանոնիկ:
Մեկ ութերորդում պորտուգալացիների քթին դուռը շրխկացրին ուրուգվայցիները, որոնք այս առաջնություն են ժամանել հավակնոտ ծրագրով ու, մեր մեջ ասած, ինչու պիտի այդպիսին չունենան, եթե փայլուն պաշտպանության կողքին կրակագծում ունեն ֆրանսիական ֆուտբոլում տոն տվող Էդինսոն Կավանի, «Բարսելոնայում» հրաշալի խաղ ցուցադրող Լուիս Սուարես, որը դեռ իր ծանրակշիռ խոսքն ասելու փնտրտուքի մեջ է:
Ամփոփելով փլեյօֆյան մրցումային առաջին օրը՝ ստիպված ենք փաստել, որ այն աշխարհի այս առաջնության համար հետաքրքրական էր ոչ թե հեռացող-մնացող հավաքականներով, ինչը միանգամայն անհավանական իրողությունների շարքից է, այլ առաջնությունից հեռացող ֆուտբոլային երկու գերհսկաներով: Խոշոր հաշվով այս կորուստը պակաս ցավագին կարող է լինել միայն մի պայմանով, եթե այն ծնունդ է տալու ֆուտբոլային հիշյալ տիտանների տեղը լրացնող ուժերի: Մեր համեստ կարծիքով՝ նման խոշոր հայտով համաշխարհային ֆուտբոլ է լայնաքայլ մտել տասնիննամյա Կիլիամ Մբապեն, ու նա լինելու է… Թե նա ինչ է լինելու, եկեք այս հարցի պատասխանը վերապահենք ամենակարող ժամանակին, քանի որ հենց նա է ամեն ինչ դնում իր տեղը:
ՇԱՊԻԿՈՎ ԾՆՎԱԾՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ԾՆՎԱԾՆԵՐԸ
Աշխարհի այս առաջնությունը, կարծես, անիծված է չեմպիոնների համար: Չէ, փառք Աստծո, փամփշտակալում դեռ Ֆրանսիան, Ուրուգվայը, Բրազիլիան (աշխարհի հնգակի չեմպիոնները մրցում էին մեքսիկացիների հետ) կան, սակայն չկան… գիտեք, ովքե՞ր չկան: Այո՛, իտալացիներն ընդհանրապես չկարողացան աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել (նման մի փորձանք նրանց հետ եղել էր մեկ էլ վաթսուն տարի առաջ), խենթանալու բան է, բայց խմբայինը չկարողացան հաղթահարել աշխարհի գործող չեմպիոնները՝ գերմանացիները, մեկ ութերորդից հանդիսատեսի են վերածվել արգենտինացիները:
Թվում է՝ փլեյօֆյան հանդիպումների երկրորդ օրը Ռուսաստանի ընտրանու հետ մրցող Իսպանիայի հավաքականը պիտի խնդիրներ չունենար ու պիտի հաղթական ընթանար մեդալային բարձունքներ: Թվում էր: Սակայն, արի ու տես, որ ռուսները, գրեթե ամբողջ խաղը վարակվածի պես գնդակը իրենցից վանած ռուսները, ոչ միայն 11-մետրանոցով հավասարեցնում են հաշիվը (1:1), ոչ միայն հանդիպումը գլորում են լրացուցիչ խաղակեսեր, այլև, այդտեղ էլ հաջողելով, մասնակիցն են դառնում նրա, որն ընդունված է անվանել ֆուտբոլային ռուլետկա: Ու ահա այս ֆուտբոլային ռուլետկայում Չերչեսովի սաները բառացիորեն «գնդակահարում» են իսպանացիներին՝ ստիպելով նրանց դատարկ հայացքով չափել տրիբունաները, ինչպիսի հայացքով դա ավելի վաղ արեցին արգենտինացիները:
ՄԱՐՏԻՆ ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Խորագիր՝ #1 (1248) 04.07.2018 - 10.07.2018, Մարզաշխարհ