Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԻԲԵՌՏԻՐՈՒՅԹՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ



ԿԻԲԵՌՏԻՐՈՒՅԹՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄԳնդապետ Արամ Գեւորգյանը կապի եւ ԱԿՀ վարչության ավտոմատացված կառավարման համակարգերի բաժնի պետն է: Ենթակաները, սակայն, նրան «կիբեռզորքերի հրամանատար» անունով են կնքել: Եվ սա ամենեւին էլ չափազանցություն չէ. օրական երկու հազար հարձակում են կասեցնում: «Ցանցահենները հիմնականում թիրախավորում են պաշտպանության նախարարության սերվերները, DDoS հարձակումների միջոցով փորձում են կասեցնել ծառայությունը եւ խափանել համակարգի աշխատանքը: Դեռ չի հաջողվել,- ասում է գնդապետ Գեւորգյանն ու  նկատում,- անմատչելի հանգույցներ  գոյություն չունեն, հետեւաբար, կիբեռտիրույթում, ինչպես առաջնագծում, զգոնությունը թուլացնել չի կարելի»:  Ուստի, ամիսը երեսուն օր, օրը քսանչորս ժամ զինված ուժերի «կիբեռզինվորներն» իրենց մարտական դիրքում են՝ պատրաստ չեզոքացնելու սպառնալիքները:

 

Ամեն ինչ սկսվեց 2013 թվականին:  Զինված ուժերում տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրման, մշակման եւ ներդրման նպատակով կապի եւ ԱԿՀ վարչությունը օպերատիվ վարչության հետ համատեղ ստեղծեց արդի տեխնոլոգիաների մշակումների կենտրոնը: Արամ Գեւորգյանը հիշում է, թե ինչպես նույն թվականին առաջին անգամ մրցույթ կազմակերպեցին, եւ հատուկ ընտրություն անցած հինգ զորակոչիկներ կենտրոնում ծառայելու իրավունք ստացան: Այսօր դիմորդները մի քանի անգամ ավելի են: Այս զորակոչից առաջ քննություն հանձնեցին երկու հարյուր երիտասարդներ: Անցողիկ շեմը հաղթահարեցին ինը: «Ընտրությունը խիստ է. բանակի վաղվա ծրագրավորողները, ցանցային ադմինիստրատորները, կիբեռանվտանգության մասնագետները պետք է լավագույն մասնագիտական որակներն ունենան: Կենտրոնի գործառույթներին համապատասխանում են վերոնշյալ երեք մասնագիտությունները, բայց խելացի երիտասարդներին աչքաթող չենք անում: Աջակցում, հնարավորություն ենք տալիս զորակոչիկներին իրենց գիտելիքներն օգտագործելու զինված ուժերի այլ,  օրինակ, ԱԹՍ-ի կիրառման ստորաբաժանումներում»,-ասում է գնդապետը:

ԿԻԲԵՌՏԻՐՈՒՅԹՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄԿիբեռտիրույթը հակառակորդի ոտնձգություններից պաշտպանելու համար 2014 թվականին արդի տեխնոլոգիաների մշակումների կենտրոնն ընդլայնեց իր գործունեության շրջանակը: Ստեղծվեց կիբեռանվտանգության ստորաբաժանումը: Գնդապետ Գեւորգյանը պատմում է. «Խորհրդակցեցինք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում ընդգրկված  ընկերությունների հետ, որոնք նման մասնագետների վերապատրաստման փորձ ունեին: Ստացանք աջակցություն, ստեղծվեց   «ՀԱՅ ՏԵՔ» կիբեռանվտանգության խորհուրդը, ու գործընթացն սկսվեց:  ՏՏ ոլորտում մասնագիտացած զորակոչիկները լծվեցին զինված ուժերի կապի եւ տեղեկատվական համակարգերի անվտանգությունն ապահովելու գործին: Ամեն օր նրանք հայտնաբերում են կիբեռհարձակումները, համակարգում, գնահատում դրանք, իրականացնում կանխարգելիչ աշխատանքներ: Նվազեցնում են զինված ուժերի համակարգչային ցանցերի խոցելիության ռիսկերը: Ապահովում են տվյալների եւ տեղեկատվության տեղափոխման անվտանգությունը»:

Իսկ ովքե՞ր են թիրախավորում մեզ: Ի՞նչ ծագում ունեն սպառնալիքները: Կիբեռհարձակումները հիմնականում մանրակրկիտ քողարկված են, բացահայտել պատվիրատուին ու իրագործողին գրեթե անհնար է: Գնդապետ Գեւորգյանն ասում է. «Իհարկե, կարող ես տեսնել, թե որ երկրից է ներթափանցել վտանգը, ինչը, սակայն, ոչ միշտ է համապատասխանում իրականությանը: Մի շարք պետությունների հետ ունենք ստորագրված պայմանագրեր:  Եթե, օրինակ, նկատում ենք, որ հարձակումը Գերմանիայից է, կարող ենք  պաշտոնապես ճշտել իսկությունը, այլ ոչ թե ընդունել որպես իրողություն: Կիբեռհանցագործությունների առյուծի բաժինն Ադրբեջանից է:  Նրանք ունեն ֆինանսական հնարավորություններ ցանկացած երկրից գրոհ կազմակերպելու համար: Մի անգամ տեղեկություն ստացանք, որ ադրբեջանական իշխանությունները Իտալիայում գործող հեքինգ թիմին մեծ գումար են վճարել ու պատվիրել խոցելու մեր համակարգչային ցանցերի պաշտպանությունը: Ոտնձգությունը կասեցվեց կիբեռկենտրոնի եւ համապատասխան մասնագետների հակագործողությունների շնորհիվ»:

ԿԻԲԵՌՏԻՐՈՒՅԹՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄՄթնոլորտը կիբեռտիրույթում շիկանում է հատկապես այն ժամանակ, երբ շփման գծում իրավիճակը լարվում է:  Նման դեպքերում մեր «կիբեռզինվորները» գործի են դնում իրենց «ստեղծագործական զինանոցի» ամբողջ  պարունակությունը: Գնդապետ Գեւորգյանը «մարտական բազում գործողություններ» կարող է մատնանշել, որոնք թույլ են տալիս հպարտանալու իր զինվորներով, բայց  դրանց բնույթն է խիստ գաղտնի. «Ստորաբաժանումում ծառայող տղաները հաճախ են մասնակցում տարաբնույթ դասընթացների, ինչպես նաեւ՝  սեփական ունակությունները ստուգում մրցումների շրջանակում: Արտերկրում կայացած ուժեղագույնների մի դիմակայության ժամանակ մեր կիբեռխումբը առաջադրանք ստացավ  ջարդել կայանված BMW մակնիշի ավտոմեքենայի կոդավորման համակարգը:  Խնդիրը կատարվեց գերազանց»,- ասում է գնդապետն ու ուղեկցում «կիբեռհենակետ»:

 

«ԿԻԲԵՌԶԻՆՎՈՐՆԵՐԸ»

Առատ լուսավորված սենյակում տասնյակ համակարգիչներ են, մեծ սմարթ գրատախտակ, որի վրա քննարկվում են առաջադրանքները, մի անկյունում մրցանակներ ու պատվոգրեր են, մյուսում՝ ընդարձակ ակվարիում՝ էկզոտիկ ձկներով: Հյուրեր այս սենյակում գրեթե չեն լինում. մուտքը խստիվ արգելված է: Իսկ «կիբեռզինվորները» հարցերիս պատասխանելիս երկար են մտածում՝ հանկարծ մի ավելորդ խոսք չասեն: Իրենց համացանցային ծածկանունները երբեք չեն բացահայտում, ասում են՝ գաղտնաբառի պես մի բան է: Տասնութ-տասնինը տարեկան  տղաներ են: Սիրում են ֆուտբոլ խաղալ եւ  պաշտպանության նախարարության մրցաշարերում միշտ առաջատար են: Նույնքան կազմակերպված դիմակայություն են ցույց տալիս նաեւ վիրտուալ դաշտում:

«Եթե առաջնագծում կանգնած զինվորին սաղավարտն ու զրահաբաճկոնն են պաշտպանում, կիբեռզինվորին խոցումից ապահովագրում են իր իսկ մշակած  ծրագրերը»,- համեմատում է թիմի ամենափորձառուն՝ Բագրատը: Նա ծառայության ոչ մի օրը չի առանձնացնում, միշտ է լարված. «Հակառակորդն անընդհատ փորձում է ճնշել մեր պաշտպանությունը: Կրակում է բոլոր տրամաչափի զինատեսակներից: Մենք էլ կասեցնում ենք, պատժում,  մոլորեցնում:  Հիմնականում մենամարտում ենք հակառակորդի վարձկանների հետ: Հիմա վայրկյան անգամ չենք թուլանում»: Բագրատը շուտով զորացրվելու է, նկատում է՝ միայն փաստաթղթով.  «Պարտադիր չէ ֆիզիկապես այստեղ լինել՝ թիմին աջակցելու համար»:

ԿԻԲԵՌՏԻՐՈՒՅԹՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄՄերուժանը կիբեռթիմում է արդեն մեկ տարի: Ասում է՝ հաճախ  համակարգը կարող է անվտանգ թվալ, բայց, եթե պարտաճանաչորեն դիտարկես, անպայման ճեղքման ուղիներ կգտնես: «Մի քանի ամիս առաջ էր՝ Թուրքիայից հարձակման դեպք արձանագրվեց:  Էլեկտրոնային փոստով «վիրուս»  էին ուղարկել, որն անմիջապես չեզոքացրինք: Հետո ուսումնասիրեցինք, վերլուծեցինք եւ պարզեցինք, որ այն ունակ էր որսալու համակարգչի IP-ն՝ հնարավորություն ընձեռելով թշնամուն մանրակրկիտ ուսումնասիրել մեր համակարգը, նաեւ՝ առգրավել համակարգչային բոլոր ֆայլերը»: Երբեք չթերագնահատել հակառակորդին, ուսումնասիրել նրա՝ նույնիսկ ամենաչնչին թվացող քայլերը. Մերուժանի ծառայության կարգախոսն է:

«Կիբեռզինվորների» առօրյան տարբերվում է զորամասային անցուդարձից: Հարությունը պատմում է. «Զորամասում զինվորի օրն սկսվում է վերկացով, մարմնամարզությամբ, ապա շարունակվում նախաճաշով, դասարանային ու դաշտային պարապմունքներով, իսկ մենք միանգամից ստուգում ենք համակարգիչներն ու ցանցերը: Այսպես ասած՝ մոնիթորինգ ենք իրականացնում շփման գծում: Հետո զեկուցում ենք վերադասին,  խնդիրներ ստանում եւ լուծումներ մշակում: Վտանգը չենք հանդուրժում»:

Դավիթը  մեծ մասնագիտական ճիգեր պահանջող խնդիրների դեռ չի առնչվել, բայց մի անգամ հակառակորդն իրեն, այնուամենայնիվ, զարմացրել է. «Շատ խելացի «վիրուս» էին ուղարկել:  Այն դարանակալում էր համակարգում եւ տեղեկատվություն հավաքագրում: Այսինքն` երկարաժամկետ խնդիր էր կատարում: Յուրահատուկ լուծումներ էին կիրառված, ինչն անսպասելի էր: Իհարկե, վնասազերծեցինք: Հակառակորդին դեմքով չենք ճանաչում, բայց բավականին լավ հասկանում ենք մտածելակերպը, ինչը մեր գործում ամենակարեւորն է: Սա թույլ է տալիս հաշվարկել նրա քայլերը, կանխագուշակել մարտավարությունն ու  արդյունավետ պաշտպանվել»:

«Կիբեռզինվորները» վստահեցնում են՝  միշտ պատրաստ են հակահարվածի:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #1 (1248) 04.07.2018 - 10.07.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


04/07/2018