ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԶՈՐԱՄԱՍ
Հուլիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հարավարևմտյան ուղղության զորամասերից մեկը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է անձնակազմին Սահմանադրության օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայության, առաջադրված ուսումնամարտական խնդիրներն ամենայն պատասխանատվությամբ ու գերազանց կատարելու համար: Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ սահմանադրական կայունության, խաղաղության պահպանման և պետականության ամրապնդման առաջին ու գլխավոր երաշխիքը հայոց բանակն է՝ մարտական պատրաստականության բարձր աստիճան ունեցող սպաներով ու զինվորներով:
Հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու ժամանակակից մարտ վարելու սկզբունքները, ինչպես նաև այն, որ հակառակորդի սանձարձակ գործողությունները կանխելու միակ գրավականը բանիմաց ու պատրաստված զինուժն է՝ պաշտպանության նախարարը զորամասի անձնակազմին հորդորել է այսուհետ ևս նույն ոգով ու նորարարական գաղափարներով շարունակել ֆիզիկական ու մարտական պատրաստության ամրապնդմանը, տարաբնույթ վարժանքերի միջոցով մարտավարամասնագիտական հմտությունների կատարերագործմանը միտված միջոցառումները:
Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև զինծառայողներին հետաքրքրող հարցերին և վստահեցրել, որ նրանց սոցիալական և ծառայողական խնդիրները գտնվում են ինչպես պաշտպանական գերատեսչության, այնպես էլ երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: