Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻՀուլիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական հենակետեր:

ՀՀ պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարության ուղեկցությամբ տեղում ծանոթացել է սահմանային իրավիճակին, մարտական ծառայության և մարտական հերթապահության կրման պայմաններին, ընթացող ինժեներական աշխատանքներին և թիկունքային ապահովման խնդիրներին:

Ընդգծելով, որ հայկական կողմը ցանկություն չունի սրելու իրավիճակը սահմանագոտու նախիջևանյան հատվածում՝ Դավիթ Տոնոյանը համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ է տվել հրամանատարական կազմին` զգոնությունը չթուլացնելու և հակառակորդի ստորաբաժանումների ակտիվության դեպքում համարժեք գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ։

Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը գերազանց ծառայության համար խրախուսել է դիրքապահ զինծառայողներին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՍԱՀՄԱՆԱԳՈՏԻԱվելի ուշ Դավիթ Տոնոյանն այցելել է Սիսիանի բժշկական կենտրոն, հանդիպել բուժհաստատության անձնակազմի հետ և քննարկել քաղաքացիական հիվանդանոցի և զինվորական հոսպիտալի գործառույթների համադրմանն ու ներդաշնակ գործունեությանն առնչվող հարցեր։ Պաշտպանության նախարարը պատասխանել է բուժաշխատողների հարցերին և ներկայացրել ծրագրի հեռանկարները:

Պաշտպանության նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, ծանոթացել շենքային պայմաններին, բուժսպասարկման որակին և տեխնիկական հագեցվածությանը։

Այցի ավարտին պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ:

Խորագիր՝ Նորություններ


09/07/2018