Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸ



2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՌԵԿՈՐԴՆԵՐԸՌուսաստանում ավարտին մոտեցող Աշխարհի առաջնությունում սահմանվել են բազմաթիվ ռեկորդներ։

 

ՆԵՅՄԱՐԸ ԵԿԵԼ ԷՐ ՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ

Խոտածածկին հայտնված և երկար ժամանակ ոտքի չկանգնող բրազիլացի Նեյմարը լրատվամիջոցների հիմնական «թեմաներից» էր: Հաշվարկել են, որ առաջին չորս խաղում նա խոտածածկին ընդհանուր առմամբ անցկացրել է 13 րոպե, 50 վայրկյան: Ամենից շատ նա «պառկել է» Մեքսիկայի դեմ խաղում՝ 5 րոպե 30 վայրկյան:

 

ԹԻՐԱԽԸ ՈՒՍԵՅՆ ԲՈ՞ԼԹՆ Է

Դա Քրիշտիանու Ռոնալդուն է։ Իսպանիայի հավաքականի հետ խաղում պորտուգալացին դրվագներից մեկում զարգացրեց 38,6 կմ/ժ արագություն։ Դա ոչ միայն աշխարհի առաջնությունների, այլև առհասարակ բոլոր ֆուտբոլային մրցաշարերի արագության ռեկորդ է։ Ռոնալդուն զիջում է միայն արագավազորդ Ուսեյն Բոլթին, որը 2009-ին կարողացել է զարգացնել 44 կմ/ժ արագություն։

 

«ԻՆՔՆԱԳՈԼ» ԱՆՈՒՆՈՎ ՌԵԿՈՐԴԱԿԻՐԸ

Աշխարհի այս առաջնությունում սահմանվել է ինքնատիպ ևս մեկ ռեկորդ: Համացանցում կատակում են, որ «ինքնագոլ» անունով խաղացողը 11 գոլով կարող է դառնալ ոչ միայն այս առաջնության լավագույն ռմբարկուն, այլև մեկ առաջնությունում խփած գոլերի քանակով գերազանցել ֆրանսիացի Ժյուստ Ֆոնտենի նվաճումը՝ 13 գոլ (1958 թ.)։

 

ՎԱՏԱԳՈՒՅՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Ռուսաստանի հավաքականը երբևէ չէր հասել մինչև քառորդ եզրափակիչ փուլ։ Այդ նվաճումն արդեն մտել է պատմության մեջ, սակայն կա ևս մեկ՝ ավելի ուշագրավ նվաճում. դեռ երբեք այդ փուլում չէր խաղացել մրցաշարի մեկնարկին մասնակից հավաքականների մեջ ՖԻՖԱ-ի վատագույն վարկանիշն ունեցող հավաքականը. իսկ ռուսներն այդ պահին 70-րդ տեղում էին։

 

ԱՄԵՆԱԾԵՐԸ

Եգիպտոսի հավաքականի դարպասապահ Էսամ Էլ-Հադարին Սաուդյան Արաբիայի հետ խաղում դուրս գալով խաղադաշտ՝ դարձել է առաջնություններին երբևէ մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը։ Այդ պահին նա 45 տարեկան 161 օրական էր։

 

«ԴԵՂԻՆ ՆՎԱՃՈՒՄ»

Ընթացիկ աշխարհի առաջնության առանձնահատկություններից մեկն այն է, որ քիչ են դեղին քարտերը, բայց այստեղ ևս ռեկորդ է սահմանվել. մեքսիկացի Խեսուս Գալյարդոն շվեդների դեմ խաղում զգուշացվեց… 15-րդ վայրկյանին։ Նախորդ «նվաճումը» իտալացի Ջանպիեռո Մարինիինն է, որը 1982 թվականին զգուշացվել էր 51-րդ վայրկյանին։

 

86 ՀԱԶԱՐ ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐ

 

Երկրպագուների մեծ մասը Ռուսաստան է եկել մի երկրից, որի թիմը չի խաղացել մրցաշարում: Եվ դա Չինաստանը չէ: Առաջին տեղում են ԱՄՆ-ից ժամանած ֆուտբոլասերները, որոնք գնել են 86 հազար տոմս: Երկրորդ տեղում բրազիլացիներն են, որոնք ձեռք են բերել 71 հազար տոմս:

Խորագիր՝ #2 (1249) 11.07.2018 - 17.07.2018, Մարզաշխարհ


12/07/2018