Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1990-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ «ԴԱՐԻ ԳՈՐԾԱՐՔԸ»



ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1990-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ «ԴԱՐԻ ԳՈՐԾԱՐՔԸ»Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը շարունակվում էր, և մինչև 1993 թ. վերջերը ղարաբաղյան ուժերն ազատագրեցին Մարտակերտի շրջանի ավելի վաղ գրավված շուրջ մեկուկես տասնյակ գյուղերը: Ղարաբաղյան ուժերի արագ առաջխաղացումը պայմանավորված էր Մարտակերտի ճակատը վերահսկող Սուրաթ Հուսեյնովի և ԱԺՃ-ի միջև առաջացած հակասություններով: Փետրվարին Մարտակերտի ճակատի հրամանատար Հուսեյնովը մեղադրվեց շրջանի պաշտպանությունը ոչ ճիշտ կազմակերպելու և այդ տարածքից ռազմամիավորումներն ու ծանր տեխնիկան հետ քաշելու հրաման արձակելու համար:

Փետրվարի 20-ին և 23-ին իրար հետևից պաշտոնից ազատվում են ՊՆ ղեկավար Ռահիմ Ղազիևը և գերագույն հրամանատար Սուրաթ Հուսեյնովը: Պաշտպանության նախարար է նշանակվում Դադաշ Ռզաևը: Հուսեյնովը թողնում է ռազմաճակատը և իր զորքերի հետ տեղափոխվում Գյանջա, որը դառնում է նրա անձնական հենակետը` ընդդեմ Բաքվի իշխանությունների: Արդյունքում՝ Ադրբեջանի կառավարությունը Հուսեյնովին մեղադրում է դավաճանության մեջ, բայց փաստացի Հուսեյնովի քայլերն ապացուցում էին ադրբեջանական բանակի հրամանատարության անկազմակերպվածությունը: Այդուհանդերձ, Հուսեյնովի դիրքերի ամրապնդումը Գյանջայում Բաքվի վարչակարգի համար դարձավ իրական սպառնալիք: Ներքաղաքական ճգնաժամն ուղեկցվում էր ադրբեջանական բանակի` ռազմաճակատում կրած նոր անհաջողություններով: 1993 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում հայկական ուժերը նվազագույն կորուստներով ազատագրեցին Քարվաճառը: Հայկական ուժերի հերթական հաղթանակը մեծ ցնցում առաջացրեց Ադրբեջանում: Իր առաջին խոշոր ռազմական պարտության հետևանքները հաղթահարելու համար Էլչիբեյը 60 օրով մտցրեց արտակարգ դրություն: Սկսվեց երիտասարդների համընդհանուր զորակոչ: Քարվաճառի կորուստը և Մարտակերտում կրած ռազմական անհաջողությունները լավագույնս օգտագործվեցին Էլչիբեյի հակառակորդների, առաջին հերթին՝ Հեյդար Ալիևի կողմից Էլչիբեյին տապալելու համար: Փաստացի, Էլչիբեյը հայտնվել էր նույն վիճակում, ինչ դրության մեջ ԱԺՃ-ն դրել էր Մութալիբովին մեկ տարի առաջ: Ռազմական անհաջողությունները, քաղաքական հենարան հանդիսացող ԱԺՃ-ի մասնատվածությունը և պառակտումը, ուժեղ հակառակորդի` Հեյդար Ալիևի ակտիվությունը, ինչպես նաև ուժային կառույցների անհնազանդությունը հանգեցնելու էին Էլչիբեյի հրաժարականին: Այդուհանդերձ, Էլչիբեյը փորձեց վճռական քայլեր ձեռնարկել իշխանությունը պահելու համար:

Ս. Հուսեյնովի գլխավորությամբ մոտոհրաձգային բրիգադի խռովությունից հետո Ադրբեջանում իրավիճակը կրկին սրվեց։ Բրիգադային հրամանատար, գնդապետ Սուրաթ Հուսեյնովը, օգտագործելով մի քանի օր առաջ այդ տարածքից հեռացած ռուսական 104-րդ դեսանտային դիվիզիայի սպառազինությունները, հունիսի 5-ին զինաթափեց Ա. Էլչիբեյի գվարդիան ու ՆԳՆ զորքերը:

Հունիսի կեսերին, երբ Ս. Հուսեյնովը իր հրամանատարությամբ գործող զորքերով շարժվեց դեպի Բաքու, Ա. Էլչիբեյը ստիպված էր հեռանալ մայրաքաղաքից: Այսպիսով՝ ավելի քան 8 ամիս տևած անկայուն իրավիճակից հետո կրկին իշխանության վերադարձավ Հ. Ալիևը։ Նրան հաջողվեց կայունացնել իրավիճակը, չեզոքացնել արմատական ընդդիմությանը: Նկատի ունենալով Արցախի կարգավորման հարցում ՌԴ ազդեցությունը, սպառազինությունների մատակարարման հարցում Մոսկվայի հնարավորությունները` Հ. Ալիևը փորձեց վերականգնել ԱՊՀ երկրների և առաջին հերթին Ռուսաստանի հետ համագործակցությունը: Այսպիսով՝ Հ. Ալիևի իշխանության վերադառնալուց հետո սկսվում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հաջորդ փուլը։

1993 թ. սեպտեմբերին Հ. Ալիևը մեկնեց Մոսկվա, հանդիպեց ՌԴ նախագահի հետ: Փորձելով աջակցություն ստանալ Ռուսաստանից, Հ. Ալիևը 1993 թ. սեպտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրեց ԱՊՀ երկրներին միանալու պայմանագիր: Ադրբեջանը դարձավ նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Բաքվում կարծում էին, որ այդ քայլերից հետո Մոսկվան կաջակցի ավելի ձեռնտու պայմաններով լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը, որն էլ կամրապնդեր Ադրբեջանի սոցիալ-քաղաքական կայունությունը: Ժամանակավորապես սառեցվեց նաև ադրբեջանական երեք նավթահանքերի շահագործման մասին առաջատար արևմտյան 8 ընկերություններից կազմված կոնսորցիումի հետ կնքված պայմանագիրը: Եթե նախկինում նախատեսվում էր, որ ադրբեջանական նավթը արևմուտք կտեղափոխվեր Թուրքիայի տարածքով, ապա ադրբեջանա-ռուսական բանակցությունների արդյունքում այն պետք է տեղափոխվեր ռուսական տարածքով դեպի Նովոռոսիյսկ: Միաժամանակ ձեռք բերվեց նաև համաձայնություն, որ Թուրքիայի ու Իրանի հետ ադրբեջանական սահմանը կհսկեն ռուսական սահմանապահները:

Ադրբեջանական նոր իշխանությունները Մոսկվային շահագրգռելու համար նույնիսկ 1993 թ. հոկտեմբերի 23-ին ՌԴ հետ կնքեցին համաձայնագիր Կասպից ծովի ադրբեջանական սեկտորում համատեղ նավթի արդյունահանման համար, և ռուսական ԼՈՒԿՕՅԼ ընկերությանը փոխանցվեց կոնսորցիումում Ադրբեջանին հասանելիք 30%-ից 10%-ը։ Սակայն, քանի որ Ղարաբաղյան ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ ՌԴ դիրքորոշման փոփոխության Ադրբեջանի հույսերը չարդարացան, ապա հետագայում Հ. Ալիևը նպատակահարմար չհամարեց Մոսկվայի հետագա մասնակցությունը կոնսորցիումում և նավթի տեղափոխման ռուսական ուղին:

Մոբիլիզացնելով ուժերը՝ ադրբեջանցիները փորձեցին արմատական բեկում մտցնել ռազմական գործողություններում, սակայն հաջողություն չունեցան: 1994թ. ՌԴ-ն ակտիվացրեց իր ջանքերը Հարավային Կովկասում ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ: Այդ նպատակին հասնելու համար մեծացրեց ճնշումը Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ Օրինակ՝ 1994 թ. մարտին ավելի քան 20 օր ամբողջությամբ փակվեց ռուս-ադրբեջանական սահմանը, իսկ մայիսի սկզբներին, երբ հայկական ուժերն անցել էին հարձակման` իրավիճակը սրվեց լեզգիներով բնակեցված Ադրբեջանի հյուսիսային շրջաններում: Նման պայմաններում ադրբեջանական իշխանությունները ստիպված էին դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ։

Այս փուլում ռուս-ադրբեջանական լարվածության աղբյուր էին նաև Կասպից ծովի կարգավիճակի և կասպիական նավթի արդյունահանման և տեղափոխման խնդիրները: Հ. Ալիևը ցանկանում էր ստանալ Արևմուտքի աջակցությունը և այս ուղղությամբ նրա առաջին քայլերից մեկը Լոնդոնում միջկառավարական պայմանագրի կնքումն էր։ Այդ պայմանագրի համաձայն՝ բրիտանական BP և ադրբեջանական SOCAR ընկերությունների միջև կասպիական նավթի արդյունահանման վերաբերյալ համաձայնագիր կնքվեց, որի երաշխավորներ հանդես եկան երկու պետությունների կառավարությունները: ՌԴ ԱԳՆ 1994 թ. ապրիլի 27-ին բողոքի նոտա հղեց Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ին, որում նշվում էր, որ նման պայմանագրերն առանց ՌԴ հետ համաձայնեցնելու չեն կարող իրավաբանական ուժ ունենալ: 1994թ. հուլիսին Բ. Ելցինը ստորագրեց «Կասպից ծովում Ռուսաստանի Դաշնության շահերի ապահովման մասին» հրամանագիրը, որտեղ նշվում էր, որ նավթային պայմանագրի իրականացման դեպքում ոչ միայն ադրբեջանական, այլև ցանկացած օտարերկրյա նավի կարգելվի օգտվել Ռուսաստանի ներքին ջրային ուղիներից: Թուրքիան իր հերթին արձագանքելով այդ հրամանագրին` 1994 թ. հուլիսի 1-ին հայտարարեց, որ բնապահպանական պատճառներով սահմանափակում է սևծովյան նեղուցներով տանկերների մուտքը, որից հետո Բաքու-Նովոռոսիյսկ նավթախողովակաշարը կորցնում էր իր նշանակությունը։

Փորձելով հավասարակշռել իրավիճակը` Հ. Ալիևը 1994 թ. մայիսին մեկնեց Բրյուսել և ՆԱՏՕ-ի հետ ստորագրեց «Համագործակցություն հանուն խաղաղության» համաձայնագիրը, որը համընկավ Ղարաբաղում զինադադարի հաստատման ժամանակահատվածի հետ, և Բաքուն այն կարևորում էր հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման տեսանկյունից։ Բրյուսելից հետո Հ. Ալիևը ուղևորվեց Անկարա` խորհրդակցելու թուրքական իշխանությունների հետ, որից հետո մայիսի 4-5-ը ժամանեց Բիշքեկ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների խորհրդարանական վեհաժողովին: Ռուսաստանի միջնորդությամբ կազմվեց Բիշքեկի արձանագրությունը, որով նախատեսվում էր առաջին փուլում դադարեցնել ռազմական գործողությունները, երկրորդ փուլում` գրավյալ տարածքներից զինված ուժերի դուրս բերում, ենթակառուցվածքների շրջափակման վերացում և փախստականների վերադարձ, իսկ երրորդ փուլում` ԼՂ կարգավիճակի հստակեցում։

Շարունակելի

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Խորագիր՝ #2 (1249) 11.07.2018 - 17.07.2018, Տարածաշրջան


12/07/2018