Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐՍ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ Է



ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ ՍԵՐՍ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԵԼ ԷՄայիսի 13-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում էր ստացել զինծառայող Շամխալ Պետրոսյանը:

 

Երբ  բարդ վիրահատությունից հետո գիտակցությունը վերջապես տեղն եկավ, պառկած էր մահճակալին, շուրջը սպիտակ պատեր էին, վերակենդանացումն արձանագրող տարատեսակ սարքեր: Գրեթե ոչինչ չէր հիշում, ուժասպառ էր: Մի քանի անգամ աչքերը փակեց  ու բացեց: Համոզվեց՝ փրկվել է: Գլխավերեւում կանգնած էին մայրն ու հայրը: Խոսելու ճիգ արեց.  «Էլ Ռուսաստանում չեմ ապրելու, պիտի հայրենիք վերադառնանք»: Նորից սուզվեց քնի մեջ ու հայտնվեց կարմիր կտուրների քաղաքում՝ ծննդավայր Գորիսում:

…Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի հիվանդասենյակում եմ: Շամխալ Պետրոսյանը նստած է իմ առջեւ: Թեեւ զգացվում է՝ զսպում է ցավը, բայց բոլորովին ընկճված չէ: Ձայնը առույգ է, իսկ հայացքում չարաճճի մի բան կա:

-Ես տան փոքրն եմ,- ասում է բարի ժպիտով: -Երեք եղբայր ունեմ: Երեքն էլ հերթապահել են հայրենիքի ամենաթեժ կետերում: Երեքն էլ լավ են ծառայել, շնորհակալագրեր ու պատվոգրեր ստացել: Հայրս էլ Արցախյան պատերազմի մասնակից է: Հետո երկար տարիներ սահման պահող զորամասում սպա է եղել: Շուրջս միշտ համազգեստով մարդիկ էին, եւ ծառայելը, զենք բռնելը, դիրք պահելը մեր տանը հերոսություն չի համարվել: Երբ բնակություն հաստատեցինք Ռուսաստանում, մեկ է, գիտեի՝ գալու եմ հսկելու իմ բաժին սահմանը: Զորակոչվեցի հունվարի 28-ին:  Թմբուկից թուղթ քաշեցի. այն նույն զորամասի համարն էր, որտեղ Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանն են ծառայել: Այնքան հպարտ էի: Ուսումնական գումարտակի բակում նրանց պատվին ցայտաղբյուր է կառուցված: Ամեն անգամ վարժանքներից հետո կուշտ խմում էի  սառը ջուրն ու մտքում խոսում տղերքի հետ. «Ամուր կկանգնեմ ձեր պահած դիրքում»:

Առաջին անգամ դիրք բարձրացա անցած տարվա մայիսին: Այդ օրը գրեթե չքնեցի: Ավագը ես էի: Մի լավ ուսումնասիրեցի մեր հենակետի կառուցվածքը, այն տարածությունը, որ բաժանում էր մեզ ու նրանց: Մտածում էի՝ մի օր երեւի մարտական հերթապահությունը սովորական կդառնա, բայց` չդարձավ: Ինձ համար ամեն ինչն էր կարեւոր՝ դիրքի մաքրությունը, զենքերի սարքինությունը, հերթափոխի ընթացքը, տղաների տրամադրությունը: Մեր տեղանքը բարդ էր, դիրքը՝ վտանգավոր, իրավունք չունեի որեւէ բան աչքաթող անելու: Ո՛չ ես, ո՛չ էլ դիրքապահ ընկերներս երբեք չենք ձանձրացել, չենք հոգնել, չենք տրտնջացել: Միշտ պատվով ենք կատարել մեր պարտականությունները: Տասնմեկ ամիս ամեն օր պատրաստ ենք եղել փակելու թշնամու ճանապարհը:

…Հիմա շատ եմ նեղվում. տղաներն առաջնագծում են, իսկ ես՝ այստեղ: Երկու անգամ վիրահատվել եմ, լավ եմ ինձ զգում, բայց չգիտեմ՝ կկարողանամ նորից դիրք վերադառնալ:

Շամխալը պատուհանից դուրս է նայում, որ չնկատեմ դեմքին գծագրված լարվածությունը: Հետո ցույց է տալիս  սեղանիկին դրված լուսանկարները. ինքն է ու իր մարտական ընկերները, որոնց օրեր առաջ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պարգեւատրել է առաջին օգնությունը պատշաճ կազմակերպելու եւ անհրաժեշտ մյուս գործողություններն իրականացնելու համար:

-Մանրամասներ չեմ ուզում հիշել. թշնամու հատուկջոկատայինի գնդակը կպավ ինձ, ուժեղ ցավ զգացի ու ընկա: Կյանքը ժապավենի նման անցավ աչքիս առջեւով՝ ծնողներս, եղբայրներս, ընկերներս, իմ հարազատ Գորիսը… Տղաները խուճապի չմատնվեցին. ինձ գրկած տարան գետնատնակ: Գեւորգը վիրակապ դրեց: Արգամը ջանում էր, որ գիտակցությունս չկորցնեմ: Րոպեներ անց տեղում էր նաեւ վաշտի հրամանատարը՝ Սեւակը: Տեսնելով նրան՝ հավատացի՝ ապրելու եմ:  Նա մարտական ընկերոջ պես թանկ է ինձ համար: Զինվորի հոգսը իր վրա վերցնել գիտի, ոգեւորել, ուժ տալ, գոտեպնդել գիտի: Եթե չվիրավորվեի, գուցե զինվորական ուղին ընտրեի ու նրա նման հրամանատար դառնայի:

Ձեռքն է վերցնում «Վազգեն Սարգսյան» մեդալը, որ մարտական հերթապահությունը գերազանց իրականացնելու համար է ստացել:

-Դիրք պահելը յուրաքանչյուր հայ տղայի պարտքն է: Ես այդպես էի մտածում մինչեւ զորակոչվելս, այդպես եմ մտածում հիմա: Երբ վարչապետը համբուրեց ճակատս, երբ բժիշկների օգնությամբ առաջին անգամ ոտքի կանգնեցի, հասկացա՝ այս դեպքից հետո կյանքն ավելի շատ եմ սիրում, շատ եմ գնահատում: Իսկ հայրենիքի հանդեպ սերս մի տեսակ հասունացել է, կրկնապատկվել: Ուզում եմ իմ կարմիր կտուրով տունը Հայաստանում կառուցել:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #2 (1249) 11.07.2018 - 17.07.2018, Ազգային բանակ


12/07/2018