Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱԿՈՉԸ ՔԱՇԱԹԱՂՈՒՄ



8-1-1Ամռան երկրորդ ամսվա սկզբից Արցախի Հանրապետությունում սկսվել է ամառային զորակոչը: Հուլիսի 9-ին զորակոչը մեկնարկեց Քաշաթաղի շրջանում: Բերձորում՝ շրջանային զինկոմիսարիատում, առավոտյան արդեն եռուզեռ էր: Շրջանի տարբեր բնակավայրերից ծնողների, հարազատների, ընկերների ու բարեկամների ուղեկցությամբ զինկոմիսարիատ էին ներկայանում զորակոչիկները: Զորակոչային բաժնում ընդունում էին տղաներին, վերջնական տեսքի բերում նրանց փաստաթղթերը: Զորակոչային բաժնի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանը զրուցում էր տղաների հետ, հետաքրքրվում նրանց խնդիրներով: Տեղեկացրեց, որ բոլորը պարտաճանաչ ներկայանում են և պատրաստ են դառնալու հայրենիքի զինվորը: Մեր զրույցի ընթացքում նրան մոտեցավ Աղավնատուն համայնքի Խաչգետիկ գյուղի բնակիչ Ջիվան Խաչատրյանը, որի Սասուն որդին նույնպես զորակոչվում է բանակ: Որոշակի առողջական խնդիրներ է ունեցել Սասունը, վերջնական բժշկական հետազոտում է անցել, և պարզվել է՝ այժմ որևէ խնդիր չկա, և նա կարող է ծառայել բանակում: Ուրախ է Սասունը: Ջիվանի 6 զավակներից 3-ը տղաներ են, ավագին է ուղարկում բանակ և վստահ է որդին լավագույն զինվորներից է լինելու: Զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը գոհ է աշխատանքներից: Տեղեկացրեց, որ բոլորն էլ անցել են բուժզննում, առողջական խնդիրներ չունեն: Բարձր է նաև զորակոչիկների, նրանց ծնողների տրամադրությունը: Ինչ-որ տեղ տխուր են ու մտազբաղ մայրերը, բայց բոլորն էլ գիտակցում են՝ հայրենիքին զինվոր է պետք: Հարավային Ալաշկերտ գյուղից է զորակոչվում Մինաս Մինասյանը: Այս տարի է ավարտել Արմենակ Ուրֆանյանի անվան միջնակարգ դպրոցը: Ծանոթ է Արմենակի և բազում քաջորդիների հերոսություններին: Հայրը՝ Գիրգորը, հպարտ է. ունի 6 զավակ՝ 2 տղա, 4 աղջիկ: Ավագ որդուն է ճանապարհում: Բերձորից Սեյրան Մարտիրոսյանն ունի 7 երեխա, 3 որդիներն արդեն ծառայել են Հայոց բանակում, մասնակցել ապրիլյան պատերազմական գործողություններին: 4-րդը Հարութ որդին է՝ պատրաստ զինվորագրվելու հայրենի երկրի պաշտպանությանը:

Փաստաթղթերը կարգավորելուց, վերջնական բուժզննում անցնելուց հետո զորակոչիկները շարվեցին զինկոմիսարիատի միջանցքում: Շրջանային զինկոմը ողջունեց նրանց՝ շնորհավորելով Հայոց բանակի շարքերը համալրելու առիթով, տվեց խորհուրդներ. կարևորը` լինել կարգապահ ու ենթարկվել բանակի կարգ ու կանոնին, հրամանատարների հրամաններին: Մաղթեց բարի ճանապարհ և վերադարձ: Ավանդույթի համաձայն՝ զինկոմիսարիատից զորակոչիկները հարազատների, զինկոմիսարիատի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեցին Բերձորի Արցախյան ազատամարտում զոհված հերոսներին նվիրված հուշահամալիր՝ հարգելու նրանց հիշատակը, ոգեշնչվելու քաջերի կերպարներով: Վերջում զորակոչիկների համար համերգով հանդես եկան «Բերձոր» համույթի երգիչ-երաժիշտները: Պարով ու բարձր տրամադրությամբ մեկնեցին հերթական զորակոչիկները՝ տեր կանգնելու Հայոց երկրին, պաշտպան՝ իրենց մայրերին ու քույրերին:

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #2 (1249) 11.07.2018 - 17.07.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


12/07/2018