ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող 1-ին զորամիավորումում տեղի ունեցավ 2018թ. ուսումնական տարվա երկորդ եռամսյակի արդյունքների ամփոփում, որի ընթացքում քննության առնվեցին մարտական պատրաստության և պատրաստականության, թիկունքի աշխատանքների, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության հարցեր:
Աշխատանքներին մասնակցում էին զորամիավորման հրամանատարությունը, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարները, ԲԿ վարչակազմը, կայազորի զինդատախազ Հայկ Մարգարյանը, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
Զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը հաշվետու զեկույցում նշեց, որ ուսումնական տարվա երկրորդ եռամսյակում ստորաբաժանումները ամբողջությամբ իրականացրել են պլանային միջոցառումները:
Նա անդրադարձավ ի հայտ եկած որոշակի բացթողումներին, դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև՝ առկա խնդիրներին և լուծման ուղիներին: Ներկայացնելով լավագույն ստորաբաժանումները, ընդհանուր առմամբ, նա զորամիավորման ու ենթակա զորամասերի մարտական պատրաստությունը և պատրաստականությունը, օպերատիվ և շտաբների պատրաստության, զորքերի ծառայության և զինվորների ծառայության անվտանգության ապահովման, պահակային և պարեկային ծառայության, ներքին ծառայության, կարգապահության վիճակը գնահատեց բավարար:
Զեկույցի վերջում գնդապետ Ցականյանը հավաստիացրեց, որ զորամիավորման ենթակա զորամասերի շտաբները ունակ են կազմակերպված ղեկավարելու ստորաբաժանումների գործողությունները մարտի նախապատրաստման ժամանակ, պատրաստ են կատարելու ցանկացած մարտական խնդիր:
Ելույթ ունեցավ նաև կայազորի զինդատախազ Հայկ Մարգարյանը՝ կարևորելով իրավապահ մարմինների և հրամկազմի համատեղ և արդյունավետ աշխատանքը:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանն ամփոփելով խորհրդակցությունը, քննարկված հարցերի շուրջ կատարեց կարևոր հետևություններ, պարզաբանումներ, ներկայացրեց հաջորդ եռամսյակի անելիքները՝ գերխնդիրը համարելով առավոտյան հրամանատարական զեկույցները, սպառազինության միջոցների, տեխնիկայի պահպանումը, մարտական պատրաստության և պատրաստականության, կարգապահության շարունակական ամրապնդումը:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը եռամսյակի լավագույն արդյունքներ ապահոված զինծառայողներին, զորամասերն ու ստորաբաժանումները պարգևատրեց պատվոգրերով, կրծքանշաններով, դրամական խրախուսանքով:
1-ին զորամիավորման թղթակցական կետ
Խորագիր՝ Նորություններ