ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1990-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՎ «ԴԱՐԻ ԳՈՐԾԱՐՔԸ»
Ադրբեջանական իշխանությունները նկատի ունենալով ԼՂ զինված ուժերի հաջողությունները և այն հանգամանքը, որ Արևմուտքը և մասնավորապես ՆԱՏՕ-ն տվյալ պահին պատրաստ չէին իրենց ռազմական օգնություն ցույց տալ, ստիպված էին մայիսի 9-ին ստորագրել Բիշքեկի արձանագրությունը։ Սակայն ձեռք բերված պայմանավորվածությունները ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշման հետևանքով չիրականացան: Ադրբեջանցի ուսումնասիրող Ալի Հասանովը նշում է, որ Ադրբեջանում շրջանառվում էր այն գաղափարը, թե ՌԴ-ն Ադրբեջանին իր ազդեցության տակ պահելու համար 1991-1997 թթ. իրականացնում էր երկիրը քայքայելու քաղաքականություն՝ հարվածներ հասցնելով ինչպես ներսից, այնպես էլ դրսից։ Ադրբեջանական քաղաքական վերնախավը կարծում էր, որ 1991-1997 թթ. Մոսկվան բոլոր ուղղություններով գործեց ընդդեմ Բաքվի: Բաքուն հատկապես դժգոհ էր ռուս-հայկական ռազմաքաղաքական համագործակցությունից: Այդ իսկ պատճառով ինչպես Ադրբեջանի իշխանական, այնպես էլ ընդդիմության շրջանակներում բացակայում էին ռուսամետ ուժերը։
1993թ. Ադրբեջանի Հանրապետությունում Հեյդար Ալիևի՝ նախագահ հռչակվելուց հետո այդ լուրը Թուրքիայի ու Արևմուտքի երկրներում ընդունվեց ոչ միանշանակ. կար մտավախություն, թե նախկին Ադրբեջանի ԽՍՀ Կոմկուսի առաջին քարտուղարը նախապատվությունը կտա ՌԴ-ի հետ հարաբերությունների սերտացմանը և չի շարունակի Էլչիբեյի պանթուրանական քաղաքականության գիծը: Դա էր պատճառը, որ Հ. Ալիևի նախագահության առաջին երկու տարիներին Թուրքիայի հետ հարաբերություններն ունեին որոշակի լարված բնույթ: Այդուհանդերձ, Հ. Ալիևի կառավարման ժամանակաշրջանում են Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները թևակոխում որակական նոր փուլ՝ կայուն, ինստիտուցիոնալ համագործակցության ստեղծմամբ և զարգացմամբ: Հարկ է նշել, որ նախագահի պաշտոնում Հ. Ալիևի առավել նշանակալի քայլը դարձավ Արևմուտքի հետ «դարի գործարքի» կնքումը:
1994թ. փետրվարի 4-ին նախագահի հրամանագրով SOCAR-ը վերսկսեց բանակցություններն արևմտյան ընկերությունների հետ՝ հիմք ընդունելով մինչ այդ մշակված սկզբունքները։ SOCAR-ի նոր վարչակազմի նախագահ դարձավ Նաթիք Ալիևը, փոխնախագահ՝ Իլհամ Ալիևը, իսկ բանակցային խմբի ղեկավար նշանակվեց Մանաֆովը։ Բանակցությունները կայացան Բաքվում, այնուհետև շարունակվեցին Ստամբուլում։ Ստամբուլյան բանակցություններում ձեռք բերվեց փոխհամաձայնություն, այն է՝ Ադրբեջանին ավելի մեծ շահութաբաժին (80%) հատկացնելը, նավթահանքերի արդյունահանման ու արդյունքում շահութաբաժնային վճարը $500 մլն սահմանելը: Միաժամանակ, SOCAR-ի պատվիրակությունը Հյուսթոնում (ԱՄՆ) 45-օրյա աշխատանքի ընթացքում շահագրգիռ կողմերի հետ ավարտեց պայմանագրի նախագծի մշակումը։
Այդ ժամանակահատվածում կոնսորցիումին միացավ նաև սաուդյան Delta Nimir Khazar Ltd նավթային ընկերությունը՝ 1.68% բաժնեմասով, որը գնել էր Unocal-ի մասնաբաժնից: Այս ամենից հետո հրապարակվեց նախագահի հրամանագիրը՝ պայմանագիրը ստորագրելու տեղի ու ժամկետի մասին։
Մինչ այդ, սակայն, եղան երկկողմանի մանևրներ։ Այսպես, 1993թ. օգոստոսին հայտնի դարձավ, որ Լոնդոնում տեղի է ունեցել առանձնակի խորհրդակցություն կոնսորցիումի մի շարք ընկերությունների մասնակցությամբ՝ առանց տեղեկացնելու ադրբեջանական ու թուրքական կողմերին։ Որոշ ժամանակ անց՝ դեկտեմբերին, Ադրբեջանի կառավարությունը լուծարեց բանակցային խումբը Մանաֆովի ղեկավարությամբ, ինչի հետևանքով ընթացիկ բանակցությունները կանգ առան: 1994թ. փետրվարին Հ. Ալիևը մեկնեց Լոնդոն, որտեղ ստորագրեց ադրբեջանա-բրիտանական միջկառավարական ութ, այդ թվում՝ «Նավթարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրեր: Որոշվեց, որ BP-ն կստանա 31% բաժնեմաս Ազերի և Չիրաղ հանքավայրերի շահագործման նախագծից: Բացի այդ, բրիտանա-նորվեգական դաշինքին (BP/Statoil) տրվում էր ադրբեջանական կողմի հետ «Շահ-Դենիզ» հանքավայրի գնահատման, հետազոտման և մշակման շուրջ բանակցելու բացառիկ իրավունք։ Դրան հաջորդեց արևմտյան ընկերությունների փաստացի վերջնագիրը ստամբուլյան հերթական հանդիպումից հետո, երբ հայտարարվեց, թե առաջիկայում պայմանագիրը չկնքելու դեպքում իրենք կհեռանան։
Մի քանի փուլերից բաղկացած քննարկումներից հետո, վերջապես, 1994թ. սեպտեմբերի 20-ին Բաքվի «Գյուլիստան» պալատում SOCAR-ը և 9 միջազգային նավթային ընկերություններ ստորագրեցին, այսպես կոչված, «դարի պայմանագիրը», որը նախատեսում էր $7,4 մլրդ-ի ներդրում հաջորդ 30 տարիների ընթացքում՝ ափաշերտային (offshore) Ազերի, Չիրաղ և Գյունեշլի հանքավայրերի շահագործման համար: Այդ ժամանակամիջոցում նախատեսվում էր արդյունահանել 511 մլն տոննա նավթ, որից 258 մլն տոննան պատկանելու էր Ադրբեջանին։ Հանքավայրերի ընդհանուր նավթային պաշարները գնահատվել էին 520 մլն տոննա, իսկ բնական գազի պաշարները՝ մոտ 55 մլրդ: Կառուցվելու էին նաև լրացուցիչ հարթակներ, խողովակաշարեր և տերմինալներ, իսկ $2 մլրդ առանձնացվելու էր նավթը արտարժութային շուկաներ տեղափոխող խողովակաշարեր կառուցելու համար: Ադրբեջանի կառավարությունը նաև ստանալու էր $400 մլն շահութաբաժին կոնսորցիումի կողմից, որից 81 մլն գումարն արդեն վճարվել էր (1993թ. հունիս), իսկ $170 մլն-ը պետք է վճարվեր Ադրբեջանի Մեջլիսի կողմից պայմանագրի վավերացումից հետո (1994թ. դեկտեմբերի 12): Մնացած գումարը պետք է հատկացվեր աստիճանաբար՝ ըստ պայմանագրի կետերի։ Այդ կետերից մեկի համաձայն՝ վերջին $70 մլն-ը պետք է հատկացվեր հիմնական նավթը կառուցվելիք նավթամուղով արտահանելու դեպքում, իսկ որպես նավթամուղի կառուցման ժամկետ սահմանվել էր 54 ամիս։
Բացի այդ, գործարքի ստորագրման արարողության ժամանակ կոնսորցիումի անդամները լրացուցիչ $5 մլն նվիրաբերեցին Ադրբեջանի նախագահ Հ.Ալիևին՝ Բաքվի հիվանդանոցի վերականգնման համար։ Եվս $50 մլն հատկացվեց կառավարության սոցիալական հիմնադրամին՝ Մեջլիսի կողմից պայմանագրի վավերացումից հետո օգտագործելու պայմանով։ «Դարի պայմանագրի» ստորագրումից հետո կողմերը հիմնեցին աշխատանքային կառույցներ՝ Ղեկավար կոմիտե, Ադրբեջանի միջազգային օպերացիոն ընկերություն (AIOC) և Խորհրդատվական կոմիտե, որոնք սկսեցին իրենց աշխատանքները Ադրբեջանի նախագահի հատուկ հրամանագրով իրավական լիազորություններ ստանալուց հետո: Օպերացիոն ընկերության կազմում ընդգրկված էին 5 օտարերկրացի և 15 ադրբեջանցի, ընկերության ղեկավարն էր BP ներկայացուցիչ Թերի Ադամսը՝ 5 տարի ժամկետով:
«Դարի պայմանագիրը» հիմքը եղավ Ադրբեջանի և 19 պետությունների 41 նավթային ընկերությունների միջև 26 այլ գործարքների կնքման համար։
Վերոհիշյալ գործընթացին զուգահեռ, տեղի էին ունենում որոշակի զարգացումներ Ադրբեջան-ՌԴ հարաբերություններում։ Պայմանագրով Արևմուտքը վերահսկողություն էր հաստատում Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանային հիմնական էներգառեսուրսների նկատմամբ՝ զգալիորեն չեզոքացնելով տարածաշրջանում ՌԴ էներգետիկ մենաշնորհը և ազդեցությունն առհասարակ: Դեռևս 1994թ. հուլիսին Ադրբեջանում ՌԴ դեսպան Վ. Շոնիան հայտարարել էր. «Մենք 200 տարվա համագործակցության պատմություն ունենք Ադրբեջանի հետ: Որևէ քաղաքական գործիչ, որը կժխտի Ռուսաստանի ուժը, երկար չի մնա կառավարությունում: Ռուսաստանը հետաքրքրված է Արևմուտքի հետ Ադրբեջանի համագործակցությամբ, բայց, եթե Ռուսաստանին հաշվի չառնելու ինչ-որ փորձեր լինեն, ապա կլինեն անցանկալի հետևանքներ»։
Այնուամենայնիվ, ԱՊՀ կազմում Ադրբեջանի անդամակցության մասին փաստաթուղթը ստորագրվելուց հետո (1993թ. սեպտեմբեր), 1993թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին ռուսաստանյան LUKoil նավթային ընկերության հետ բանակցությունների ավարտին ստորագրվեց նաև փաստաթղթերի փաթեթ SOCAR- LUKoil համագործակցության վերաբերյալ։ Վերջինս ստացավ 10% մասնաբաժին՝ ադրբեջանական 30% բաժնեմասի հաշվին։ Ռուսաստանի կողմից փաթեթը վավերացրեց Վառելիքի և էներգետիկայի նախարար Յուրի Շաֆրանիկը։ Այս նույն ժամանակահատվածում ՌԴ այլ գերատեսչություններ, օրինակ՝ ԱԳՆ-ն, ՊՆ-ն և Արտաքին հետախուզության ծառայությունը, ակտիվ քայլեր էին ձեռնարկում պայմանագիրը խափանելու համար։ Ռուսաստանի միջկառավարական նման հակասությունները որոշ փորձագետներ որակում են որպես հետխորհրդային դեռևս նոր ու չկայացած կարգի դրսևորում: Կար տեսակետ, որ ՌԴ իշխանություններում գործում էր երկու թև, որից մեկը վառելիքաէներգետիկ համալիրն էր՝ կառավարության ղեկավար Վ. Չեռնոմիրդինի գլխավորությամբ:
Այսպիսով՝ նավթային գործարքի բաժնեմասային հարաբերակցությունը բաշխվեց հետևյալ կերպ. BP՝ 17.1267%, Statoil՝ 8.563%, Amoco՝ 17.01%, Pennzoil՝ 9.8175%, Ramco՝ 2.0825%, Unocal՝ 11.2%, McDermott՝ 2.45%, TPAO՝ 1.75%, LUKoil ՝ 10% և SOCAR՝ 20%:
ԱՄՆ ճնշումների արդյունքում՝ իրանական ընկերությունները դուրս մղվեցին գործարքի մասնակիցների շարքից։
1993-94թթ. Ադրբեջանի նոր իշխանությունները նավթային գործարքի առերևույթ տնտեսական խնդիրներից առավել փորձում էին լուծել ավելի մասշտաբային խնդիրներ։ Անհրաժեշտ էր լուծել որպես պետական կազմավորում ասպարեզում մնալու և միջազգային հարաբերություններում միավոր դառնալու խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հետ ընթացող պատերազմի պայմաններում։ Անհրաժեշտ էր հստակորեն տարբերակել ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունների զարգացման և այլ ուժերի միջև հավասարակշռություն պահպանելու համար տարվող քաղաքական ուղեգծերը։ Ըստ էության, բանակցությունների գործընթացը վերհանեց ոչ միայն նշյալ խնդիրները, այլև դրանց լուծումների տրամաբանությունը։ Այդ համատեքստում միանգամայն հատկանշական են պայմանագրի ստորագրման արարողությանը ներկա թուրքական պատվիրակության ղեկավարի խոսքերը։ Թուրքիայի պետնախարար Ն. Ջովհարին, նշելով, թե պայմանագիրն ունի ոչ միայն տնտեսական կարևորություն, այլև նշանակում է եղբայրական Ադրբեջանի ճանաչումը Արևմուտքի կողմից, ընդգծեց. «Իմ ժողովրդի անունից ես դա համարում եմ Արևմուտքի խոնարհումը Ադրբեջանի և նրա դրոշի առաջ»։
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Խորագիր՝ #3 (1250) 18.07.2018 - 24.07.2018, Տարածաշրջան