«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»
Այս զորակոչին գործող այլընտրանքային զինվորական ծառայության ևս մեկ տարբերակ՝ «Պատիվ ունեմ» ծրագիրը: Այս պահի դրությամբ ավելի քան 250 դիմում է ներկայացվել «Պատիվ ունեմ» ծրագրով բանակ զորակոչվելու համար: Այն երիտասարդներին թույլ է տալու տարկետում ստանալ և ծառայության մեկնել բուհում ուսումնառությունն ավարտելուց հետո, ծառայել որպես սպա՝ ստանալով բարձր աշխատավարձ։
-«Պատիվ ունեմ»-ը շատ մեծ հնարավորություններ ու հեռանկարներ է ապահովում բուհում սովորել ցանկացող երիտասարդների համար,- շեշտում են զորակոչիկներ Հրաչյա Սարգսյանը և Աշոտ Դադայանը: Երկուսն էլ «Պատիվ ունեմ»-ի առաջին դիմորդներից են: Ընդունվել են Մ. Հերացու անվան բժշկական համալսարան: Բակալավրիատում սովորելու տարիներին ապագա բժիշկները քաղաքացիական մասնագիտությունը յուրացնելուն զուգահեռ կանցնեն նաև զինվորական պատրաստության դասեր, ապա ուսման ավարտից հետո լեյտենանտի կոչումով 3 տարի կծառայեն դասակի հրամանատարի պաշտոնում:
Աշոտ Դադայանի հայրը զինվորական է, հենց նա էլ որդուն ուղղորդել է ընտրելու «Պատիվ ունեմ» ծրագիրը:
-Գիտեմ, որ քննություններն ավարտելուց հետո թույլ են տալիս, որ անվճար սովորես, հետո որպես սպա ծառայում ես բանակում, հետագայում նաև մագիստրատուրայի վճարն է պետությունը փոխհատուցում: Հրաչյա Սարգսյանն էլ հավելում է.
-Մի առավելությունն այն է, որ պետությունն է վճարում քո ուսման վարձը, երկրորդը՝ որ բուհն ավարտելուց հետո գործազուրկ չես մնա և կունենաս երաշխավորված աշխատավարձ:
Արտոնությունները շատ են, սակայն «Պատիվ ունեմ»-ի հիմքում մասնակցության հստակ պահանջներ են՝ կանոնակարգված օրենքով: Եթե այս կամ այն պատճառով ծրագրի մասնակիցը բակալավրիատում սովորելու ընթացքում ընդհատի ուսումը, հեռացվի բուհից կամ զինվորական պատրաստության դասընթացից, ապա ի չիք կդառնա նաև «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցությունը։ Երիտասարդը ոչ միայն կզրկվի տարկետման իրավունքից, այլև կվճարի մինչև այդ ուսանողի և պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա վճարված ուսման վարձը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ
Խորագիր՝ #3 (1250) 18.07.2018 - 24.07.2018, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում